
Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը ֆինանսական ծանր վիճակում է
«Մեթըլ Փրինս Էլ-Թի-Դի» ընկերության սեփականությունը հանդիսացող Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը հայտնվել է ֆինանսական ծանր կացության մեջ: Կոմբինատի 41 բանվորներ դեռ 2012 թ. փետրվարի 20-ին իրենց աշխատանքային ծանր պայմանները բարելավելու համար դիմում են գրել նախագահ Սերժ Սարգսյանին: ԼՀԿ-ի բանվորների աշխատանքային ծանր պայմաններին անդրադարձել է նաև «Հետքը»:
Նախագահի վերահսկողական ծառայության հանձնարարությամբ բանվորների պահանջները ընկերության գլխավոր տնօրեն Մադլեն Թաշճյանի մասնակցությամբ 2012 թ. մարտի 7-ին քննարկվել է Լոռու մարզպետարանում, որտեղ մարզպետ Արթուր Նալբանդյանը հանձնարարել է Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանին իրեն ներկայացնել բանվորների և ախթալեցիների պահանջները, որպեսզի այն մարզպետարանի տված ժամանակացույցով իրականացվի ԼՀԿ-ի տնօրինության կողմից:
Այսօր Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը «Հետքին» հայտնեց, որ պահանջված ժամկետում կատարել է մարզպետի հանձնարարականը: Մարզպետ Նալբանդյանից էլ տեղեկացանք, որ քննարկումից հետո վերանորոգվել են ԼՀԿ-ի բանվորական բաղնիքները, լուծվել են աշխատանքային արտահագուստի որոշ հարցեր:
Այսուհանդերձ, մարզպետն ասաց, որ ԼՀԿ կատարած իր վերջին այցելության ժամանակ զգացել է բանվորների դժգոհությունները` իրենց աշխատանքային ծանր պայմաններից:
«Հիմա հարցը նրանում է, որ ԼՀԿ-ն հայտնվել է ֆինանսական լուրջ պրոբլեմների առաջ, որպեսզի կոմբինատը չփակվի և մարդիկ չմնան անաշխատանք, ես օրերս զանգահարել եմ «Հայցանցեր» ընկերությանը և խնդրել եմ, որ կոմբինատի էլեկտրաէներգիայի 30 մլն դրամ վճարումները հետաձգեն 15 օրով»,- ասաց Արթուր Նալբանդյանը:
Ախթալայի ԼՀԿ-ի արտադրական միջավայրը և աշխատանքային գործընթացի վնասակար ու վտանգավոր գործոններն իրենց ազդեցությամբ անդառնալի հետևանքեր են թողնում աշխատողների կյանքի և առողջության վրա:
«Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բժշկական հանձնաժողովի կողմից 2012 թ. կոմբինատի արտադրական միջավայրում և աշխատանքային գործընթացի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցությանը ենթարկվող 446 աշխատողների առողջական վիճակի բժշկական զննությամբ պարզել է, որ ԼՀԿ-ի քիմիական լաբորատորիայի, հանքերի, ֆաբրիկայի և պոչամբարների 41 աշխատողներ իրենց ծանր հիվանդություններով կարիք են զգում դինամիկ, դիսպանսեր հսկողության, հետագա բուժման, որոնց հակացուցված են ծանր ֆիզիկական աշխատանք:
Վերջիններիցս 5-ը հիվանդ են բերանի խոռոչի, թոքի, լյարդի, երիկամի նորագոյացություններով և ամորձու քաղցկեղ հիվանդություններով: Գրանցված հիվանդներից, հատկապես հանքերում աշխատողների մոտ գերակշռում են երիկամային անբավարություն, խրոնիկ պրոստատիտ, երիկամի սինուսային կիստա, երիկամի հիդրոնեֆրոզ, պիելոնեֆրիտ հիվանդությունները:
Ֆաբրիկայի հատկապես ջարդման արտադրամասում, որտեղ փոշու պատճառով մարդիկ անտեսանելի են դառնում միմյանց, գրանցվել է տեսաներվի ատրոֆիա, ականջագնդի ատրոֆիա, հիպերտոնիկ, սինուսային հաճախսրտություն, սրտի իշեմիկ և այլ ծանր հիվանդություններ:
Հանձնաժողովը գրանցել է 348 նոզոլոգիական միավորով հիվանդ 158 աշխատողներ: Բժշկական զննության ընթացքում միայն թերապևտի, քիթ-կոկորդ-ականջի բժշկի և ակնաբույժի հետազոտման են ենթարկվել 446, մաշկային բժշկի կողմից հետազոտվել են 267, նյարդաբանի կողմից 356 աշխատակիցներ: Զննության ենթարկված 446 աշխատողներից 408 եղել են հիվանդներ, այդ թվում արձանագրվել է աղեստամոքսային տրակտի 43, նյարդային 60, հիպերտոնիկ և սիրտ անոթային 70, մաշկային 51, շնչառական 21, միզասեռական 21, ոսկրամկանային 6, ակնաբուժական 17 հիվանդ աշխատողներ:
Հանձնաժողովը շրջանցել և չի մեկնաբանել 51աշխատողների մաշկային հիվանդություններն ու դրանց տարածման վտանգավորության աստիճանը:
Աշխատողների ծանր վիճակի հետ կապված բժշկական հանձնաժողովը առաջարկել է ԼՀԿ-ի տնօինությանը աշնան և գարնան շրջանում կատարել աշխատողների կրծքավանդակի ֆլյուոգրաֆիկ քննություն, արտաքին շնչառական ֆունկցիաների որոշում, հակառեցիդիվային բուժում, պաշտպանիչ միջոցների կիրառում և այլ միջոցառումներ: Հանձնաժողովը ընկերության տնօրինությանը որևէ առաջարկություն չի ներկայացրել հիվանդների աշխատանքային պայմանների բարելավման գործում:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը այսօր «Հետքին» հայտնեց, որ Ախթալայի ԼՀԿ-ի բանվորների կյանքի և առողջության անվտանգության ապահովումը հրատապ խնդիր է համարում: Մարզպետը խոստացավ լրջորեն անդրադառնալ դրան:
Մեկնաբանել