
Արցախում բարեգործական համերգ են կազմակերպել՝ 4-ամյա Էդուարդին օգնելու համար
Ապրիլի երկուսին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի ունեցավ «Էդուարդ Արզումանյանի օգնության ֆոնդ» ուսանողական նախաձեռնության բարեգործական համերգը: Համերգից ստացված հասույթը ամբողջությամբ կփոխանցվի «Արցախբանկում» բացված չորսամյա Էդուարդի անվանական հաշվեհամարին:
Կազմակերպիչները մի քանի օր շարունակ «Ֆեյսբուքի» միջոցով ինֆորմացիա էին տարածում կայանալիք համերգի մասին, որի մեկ տոմսի արժեքն էր 500 դրամ: Ուսանողների մասնակցությամբ համերգը բազմաժանր էր՝ հիփ-հոփից մինչև գնչուական ու հայակական պարեր, յուրաքանչյուրը ի ցույց էր դրել իր ընդունակությունները:
Համերգի ընթացքում հանդիպեցինք Էդուարդ Արզումանյանի հորը՝ Գուրգեն Արզումանյանին: Նա ասաց, որ չորսամյա երեխան ի ծնե պաթոլոգիա ունի՝ կերակրափողի ատրեզիա, ու արդեն հասցրել է ութ վիրահատություն տանել:
«Այսինքն՝ երեխան ծնվել է առանց կերակրափողի, նրան փրկելու համար հաստ աղիքից մի հատված կտրեցին ու տեղադրեցին կերակրափողի փոխարեն: Սակայն սնունդը դժվար է անցնում կերակրափողով, այն սեղմվում է: Այդ պատճառով էլ ամեն անգամ տանում ենք Երևան վիրահատելու, ու ամեն անգամ նույն պատմությունն է կրկնվում»,- բացատրեց Էդուարդի հայրը:
Այժմ երեխան հատուկ վիրահատության կարիք ունի՝ պետք է կերակրափողի փոխպատվաստում կատարել:
«Ուզում ենք տանել արտերկիր. կա՛մ Իսրայել, կա՛մ էլ Գերմանիա: Արդեն թել-ավիվյան կլինականերից մեկի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, վիրահատության համար մոտավորապես 55-57 հազար դոլար է անհրաժեշտ»,- նշեց հայրը:
Պիցցերեայի առաքիչի համար դա չափազանց մեծ գումար է, հատկապես, որ նա սոցիալական ծանր պայմաններում է ապրում: Գուրգենը փախստական է Բաքվից, 23 տարի շարունակ ընտանիքով բնակարան է վարձում:
«Էդուարդ Արզումանյանի օգնության ֆոնդը» ստեղծվել է 2012 թ.-ի դեկտեմբերին՝ Արցախի մի քանի բուհերի ուսանողության նախաձեռնությամբ, ովքեր կամավոր սկզբունքով երեխայի օգնության համար տարբեր միջոցառումներ են կազմակերպել:
Գուրգեն Արզումանյանի հավաստիացմամբ՝ դեռ երեխայի համար բացված հաշվեհամարի հաշվեկշիռը զրո է: Նա հույս է պահում, որ լեփ-լեցուն դահլիճում կայացած համերգը կարող է բարեհաջող մեկնարկ լինել՝ գումարի հայթայթման համար:
«Իմ միակ հույսը բարեգործությունն է»,- ասում է Գուրգենը:
Եթե Էդուարդին այս անգամ էլ կերակրափողի փոխպատվաստում չկատարեն, ապա տարիներ շարունակ կերակրափողի ճնշման պատճառով պիտի նորից ու նորից վիրահատեն:
«Ես իմ փորձից գիտեմ, որ նարկոզը քայքայում է մարդու համակարգը, բայց ի՞նչ ասել չորս տարեկան երեխայի մասին, որը 52 ժամ նարկոզի տակ է գտնվել»,- ասաց երեխայի հայրը:
Գուրգենը պատերազմի ժամանակ կորցրել է երկվորյակ եղբորը, իսկ ինքը պատերազմին մասնակցել է ԼՂՀ ազգային հերոս Աշոտ Ղուլյանի վաշտում: Պատերազմի ժամանակ վաշտի տղաները Գուրգենին տվել են Ճուտո մականունը:
«Արցախբանկում» Գուրգեն Էդուարդի Արզումանյանի անվամբ բացված հաշվեհամարն է 22300810465301:
Գուրգեն Արզումանյանի կոնտակտները
Հեռ. +37497359390
+374971701
Էլ. փոստ՝ www.gurgenarzumanyan1972@mail.ru
Լուս.՝ «Ֆեյսբուքից»
Մեկնաբանել