HY RU EN

Վահե Սարուխանյան

Ալեքսանդր Վարպետյանը ՀՀ-ի համար «persona non grata» է. ինչու՞

Այսօր վաղ առավոտյան Հայաստան է ժամանել ֆրանսահայ հայտնի էաբան եւ ազգաբան Ալեքսանդր Վարպետյանը, որը պատրաստվում էր հայրենիքում նշել իր 70-ամյակը: Սակայն «Զվարթնոց» օդանավակայանի սահմանապահները արգելել են նրա մուտքը, եւ այժմ Վարպետյանը գտնվում է տարանցիկ գոտու հատուկ կացարանում:

Ալ. Վարպետյանի մուտքը Հայաստան արգելված է դեռ 2002-ից: Այս մասին «Հետքը» մի քանի անգամ գրել է: Վարպետյանը ծնվել է 1943-ին Մարսելում: 5 տարեկանում նա տեղափոխվել է հայրենիք, որտեղ եւ կրթություն է ստացել: 1975-ից կրկին վերահաստատվել է Մարսելում, սակայն ֆրանսիական անձնագրին զուգահեռ պահպանել է նաեւ ԽՍՀՄ անձնագիրը: Վերջինս էլ ՀՀ անկախությունից հետո ձեւակերպվել է որպես ՀՀ քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ՝ անձնագիր: Սակայն 1994-ից Հայաստանում արգելվեց երկքաղաքացիությունը, եւ դրանից երեք տարի անց Վարպետյանը զրկվեց ՀՀ քաղաքացիությունից: Այդուհանդերձ, 1998-1999 եւ 1999-2002 թթ. ԿԳ եւ մշակույթի նախարարությունների միջնորդությամբ ֆրանսահայ գործիչը ստացել է ժամականավոր կացության վկայագրեր եւ ապրել Հայաստանում:

2002-ին նրա կացության կարգավիճակի ժամկետը չի երկարաձգվել: Մերժումն էլ չի պատճառաբանվել: Այս խնդրի շուրջ 2002-ին «Ա1+»-ը գրել էր. ««Էություն» միաբանության նախագահ, Ֆրանսիայի քաղաքացի Ալեքսանդր Վարպետյանի՝ Հայաստանում բնակվելու թույլտվության ժամկետը լրացել է: Ալեքսանդր Վարպետյանին ասել են, որ նրան այլեւս թույլտվություն չի տրվելու, քանի որ նա աղանդավոր է: ««Էություն» միաբանությունը պատրաստ է համագործակցել Հայ Առաքելական եկեղեցու հետ»,- վստահեցնում է պարոն Վարպետյանը, սակայն բոլոր նմանատիպ առաջարկները պատասխան չեն ստացել: Միաբանությունն առաջարկում է «Ազգություն եւ նոր հազարամյակ» ծրագիրը: Ըստ միաբանության անդամների՝ այն տարիներով մտածված առողջացման ծրագիր է, որը հասարակությանը հեռու է պահելու տխմարությունից եւ անառակությունից»:

Սակայն մեզ հետ ունեցած նամակագրության ժամանակ Ալ. Վարպետյանը նշել էր, որ «Էություն» միաբանությանը չեն մեղադրել աղանդավորության մեջ. «Մեզ երբեք աղանդավորության մեջ պաշտոնապես չեն մեղադրել: 2002-ին կացության կարգավիճակ չներկայացնելը օվիրի` Վահագն անունով տեղակալը պատճառաբանել է «նպատակահարմար չէ» ձեւակերպմամբ, ինչը պաշտոնապես կրկնել են 2005-ին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանին: Աղանդավորությունը տխմարագույն հերյուրանքն է (երեւի օրենքին հարմարեցնելու համար…), երբ մենք զբաղվել ենք միմիայն գիտությամբ: Աղանդավորները գրանցված եհովականներն են ու բազում նմանները…»:

Վարպետյանի մուտքի արգելափակմանը զուգահեռ սառեցված է նաեւ 1990-ին նրա կողմից հիմնադրված եւ Հայաստանում պաշտոնական գրանցում ստացած «Էություն» ազգային իմաստության տաճարի գործունեությունը:

Կարգավիճակի երկարացում չստանալուց հետո՝ 2003-2004 թթ., Վարպետյանը մի քանի անգամ փորձել է գալ Հայաստան: 2003-ի օգոստոսին ՀՀ նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգեւների եւ կոչումների վարչությունը մերժել է Վարպետյանի՝ Հայաստանում տասնամյա վճարովի կացության հայցը: Դրանից հետո մինչեւ այսօր առանց պատճառաբանության երեք անգամ մերժվել են Ալեքսանդր Վարպետյանի՝ ՀՀ մուտքի իրավունք ստանալու էլեկտրոնային հայցերը, երկու անգամ՝ նրա որդի Արթուր Վարպետյանի հրավերի հայցերը:  

2005-ին գործիչը բաց նամակով դիմել է ՀՀ իշխանություններին, սակայն անարձագանք է մնացել: Դրանից հետո նա գրություն է ուղարկել երկրի օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանին: ՄԻՊ-ն իր հերթին դիմել է այն ժամանակ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Ալվինա Զաքարյանին: «Օվիրի» պետը պատասխանել է, որ իրենք Վարպետյանի որդուց՝ Արթուրից, ստացած նյութերն ուղարկել են համապատասխան մարմիններին՝ համաձայնեցնելու համար, սակայն, ըստ վերջիններիս պատասխանի, Ֆրանսիայի քաղաքացու ժամանումը Հայաստան համարվել է ոչ նպատակահարմար:

Լ. Ալավերդյանի կարծիքով՝ ճիշտ է՝ մերժման հիմքերը չներկայացնելու միջազգային պրակտիկա կա, սակայն Վարպետյանի նման մարդու հանդեպ նման վերաբերմունքն անթույլատրելի է: Նա ոստիկանապետին առաջարկել էր վերանայել մերժումը, իսկ բացասական պատասխանի դեպքում ներկայացնել օրենսդրական հիմքերը: Օմբուդսմենի առաջարկն անարձագանք էր մնացել: Ալավերդյանին հաջորդած Արմեն Հարությունյանի օրոք Վարպետյանի գործը փակվել էր, քանի որ նա ՄԻՊ գրասենյակին գրություն էր ուղարկել եւ ոչ թե բողոք, որի դեպքում գործը չի փակվում մինչեւ վերջանական լուծումը:

Արթուր Վարպետյանը 2006-ին նամակ էր գրել պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանին: Գործին ծանոթանալու համար նախարարությունից պահանջել էին համապատասխան փաստաթղթեր եւ Ալ. Վարպետյանի «Ազգային խաչքար» («Հոկտեմբերի 27-ի առեղծվածը») անտիպ աշխատությունը, որը, հեղինակի տեղեկացմամբ, ոչնչացվել է այլ գործերի հետ, քանի որ «հայ հասարակությունը դրանց պատրաստ չէ»: Ս. Սարգսյանը դիմումի կապակցությամբ տվել էր հանձնարարական, սակայն ոչինչ չէր փոխվել:

Դրանից հետո Արթուրի խնդրանքով ՀՀ սահմանային անցակետերի կարեւոր պատասխանատուներից մեկը պարզել էր, որ Ալ. Վարպետյանի ազգանունը բացակայում է սահմանային անցակետերի համակարգիչների «սեւ ցուցակում»: Նոր կանոնակարգի համաձայն էլ՝ 21-օրյա տուրիստական արտոնագիր կարելի է ստանալ հենց սահմանի վրա: Վարպետյանը որդու հետ որոշել էր Հայաստան մտնել Վրաստանից, սակայն հետո նախընտրել էր ձեռք բերել տուրիստական արտոնագիր եւ վայրէջք կատարել Երեւանում: Բայց Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատունը մերժել էր նրա դիմումը: Արթուրը կրկին դիմել էր սահմանապահին:

«Սահմանապահի ասելով՝ սահմանն անցնելուց հետո տվյալ անձը պետք է դիմի անձնագրերի եւ վիզաների վարչություն՝ վիզա ստանալու համար: Նա ասաց, որ սահմանապահների եւ վարչության մոտ կա նույն «սեւ ցուցակը»: Բայց այս դեպքն արտառոց է նրանով, որ հորս անունը կար միայն վարչության «սեւ ցուցակում»: Այսինքն՝ հայրս Բագրատաշենում պետական սահմանը կանցներ, բայց հետո Երեւանում օվիրը նրան վիզա չէր տա: Սա, ըստ սահմանապահի, աննախադեպ բան է: Նա եզրակացրեց, որ Վարպետյան ազգանունը թերեւս հայտնվել է խիստ առանձնակի, կատարելապես անհայտ եւ ցմահ դատապարտյալների «սեւ ցուցակում»»,- մեզ հետ զրույցում պատմել էր Արթուր Վարպետյանը:

2007-ի մայիսին Ալ. Վարպետյանը կրկին բաց նամակ էր ուղղել ՀՀ նախագահին, բայց դա էլ որեւէ բան չէր փոխել:

Այս ամենից հետո «Հետքը» անձնագրերի եւ վիզաների վարչությանը դիմում էր ուղարկել՝ պարզելու, թե ինչ ընթացք է ստացել Լ. Ալավերդյանի՝ Վարպետյանի վերաբերյալ մերժումը վերանայելու առաջարկը, եւ հայտնել, թե որոնք են մերժման օրենսդրական հիմքերը:

Վարչության պետի տեղակալ Ս. Աղաջանյանը մեզ պատասխանել էր. «2002 թ.-ից սկսած Ֆրանսիայի քաղաքացի Ալեքսանդր Վարպետյանի` ՀՀ կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետություն նրա հրավերի դիմումները մերժվել են «ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» ՀՀ նախկին օրենքի 9-րդ հոդվածի եւ 25-րդ հոդվածի 12-րդ պարբերության պահանջների համաձայն:

Համաձայն 2007 թ. փետրվարի 4-ին ուժի մեջ մտած «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի «գ» եւ «զ» ենթակետերի պահանջների` ներկայումս Ա. Վարպետյանին ՀՀ մուտքի վիզա տրամադրելու հարցը վերանայել հնարավոր չէ»:

Մեջբերենք նշված ենթակետերը.

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենք 8-րդ հոդվածի (Օտարերկրացուն Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա տրամադրելը (ժամկետի երկարաձգման) մերժելը, մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչելը կամ մուտք գործելն արգելելը ) 1-ին կետի համաձայն` օտարերկրացուն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը) մերժվում է, տրամադրված մուտքի վիզան ուժը կորցրած է ճանաչվում կամ մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվում է, եթե`

գ) գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա իրականացնում է այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակն է՝

- վնաս պատճառել Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակությունը,

- իրականացնել ահաբեկչական գործունեություն,

- սահմանով ապօրինաբար (առանց համապատասխան թույլտվության) տեղափոխել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, ռադիոակտիվ նյութեր, թմրանյութեր, հոգեներգործուն նյութեր կամ

- իրականացնել մարդկանց առեւտուր (թրաֆիքինգ) եւ (կամ) անօրինական սահմանահատումներ.

զ) գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ եւ հիմնավոր սպառնալիքներ:

Այստեղ ուշագրավ են հատկապես «զ» ենթակետն ու «գ» ենթակետի առաջին տողը: Կարծիք կա նաեւ, որ Վարպետյանը անցանկալի անձ է դարձել իր «Ազգային խաչքար» («Հոկտեմբերի 27-ի առեղծվածը») աշխատության պատճառով:

Սերժ Սարգսյանի նախագահ դառնալուց հետո էլ՝ 2012-ի փետրվարին, Վարպետյանը դիմել էր նրան բաց նամակով, իսկ նույն տարվա դեկտեմբերին՝ հայցել ՀՀ կարճատեւ այցելության թույլտվություն՝ իր 70-ամյակը նշելու եւ հարազատների շիրիմներին այցելելու համար: Նախագահականից գրությունը ուղարկվել էր մշակույթի նախարարություն, նախարարի տեղակալ Ա. Պողոսյանն էլ չէր առարկել Վարպետյանի այցին:   

Ահա եւ Ալեքսանդր Վարպետյանը ժամանեց Հայաստան՝ միաժամանակ ենթադրելով, որ կարող են արգելել իր մուտքը եւ հետ ուղարկել: Այդպես էլ եղավ: ԱԱԾ մեր աղբյուրը հայտնեց, որ Վարպետյանը գիտեր ՀՀ մուտք չունենալու մասին: Ըստ այդմ՝ նա «persona non grata» է (անցանկալի անձ) եւ չի կարող մտնել Հայաստան ու հետ է ուղարկվելու:   

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մամուլի ծառայությունից «Հետքին» փոխանցեցին, որ դեսպանությունը տեղյակ է խնդրից եւ կապի մեջ է Ալեքսանդր Վարպետյանի հետ: Այլ տեղեկություններ չեն հաղորդվում: