Ռուս ջութակահարուհին հիացած է Հայաստանի բնությամբ. «Սա պարզապես հեքիաթ է»
«Ես եղել եմ աշխարհի բազմաթիվ երկրներում, բայց նման լանդշաֆտ ես երբեք չեմ տեսել: Մասնավորապես այս քարային տարածքները, բազմաթիվ ծաղիկները, այս փոքր եկեղեցիներն ու մատուռները… Սա պարզապես հեքիաթ է», - «Հետքի» հետ զրույցում անկեղծացավ ռուս ջութակահարուհի Քսենիա Դուբրովսկայան:
Երիտասարդ ջութակահարուհին Մոսկավայից է, սակայն այժմ ներկայացնում է Գերմանիան: Արդեն մոտ 10 տարի է, ինչ ապրում է Գերմանիայում: Եվ Համուրգում էլ ձևավորվել և գործում է նրա Մագդալենենտրիոն` ինքը նվագում է ջութակ, Նատալյա Լյուբիմովան` ալտ և Կարոլին Շոլցը` թավջութակ:
«Վերածնունդ» փառատոնի շրջանակներում Հայաստան ժամանած ջութակահարուհին համերգից առաջ շատ հուզված էր, որովհետև չգիտեր, թե ինչ հանդիսատեսի առջև պետք է ելույթ ունենա: Բայց և ուրախ էր այստեղ ևս հանդես գալու համար, քանի որ մարդիկ շատ ջերմ և հյուրընկալ են:
Նա պատմում է, որ առաջին անգամ է Հայաստանում, և քանի որ շատ է սիրում բնությունը, այդ պատճառով էլ առաջին հերթին տպավորված է Հայաստանի բնությամբ: Բացի այդ` Երևան-Գյումրի ճանապարհին նրան բախտ է վիճակվել դիմավորել արևածագը, ինչը նրան հիացրել է:
Անրադառնալով Ռուսաստանի և Գերմանիայի մշակութային կյանքին` Քսենիա Դուբրովսկայան նշեց, որ Ռուսաստանում, մասնավորապես նվագախմբերի համար, այժմ ծաղկուն ժամանակաշրջան է: Բացի այդ` միտում կա, պայմաններ են ստեղծվում, որ տաղանդավոր երիտասարդները մնան և ստեղծագործեն հայրենիքում, այլ ստիպված չլինեն վաստակի համար մեկնել այլ երկրներ:
Նրա կարծիքով` դրական է նաև այն հանգամանքը, որ իր հայրենիքում դասական երաժշտության լսարանը երիտասարդ է, ինչը շատ կարևոր է երկրի ապագայի համար: Այնինչ, Գերմանիայում լսրանաը տարեցտարի ծերանում է:
Երևանում Մագդալենենտրիոյի համերգը Քսենիա Դուբրովսկայի մասնակցությամբ տեղի կունենան ապրիլի 17-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում` ժամը 18:00-ին: Այդ օրը հանդես կգա նաև ռուսաստանաբնակ հայ ջութակահար Կարեն Շահգալդյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել