HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՏԿՆ-ի անդրադարձը «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի պատասխանին

Ապրիլի 17-ին «Օպերացիա «Ինքնամաքրում»» նախաձեռնությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ պահանջելով «Սերժ Սարգսյանից ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության այնպիսի կազմ, որի անդամների անունները արատավորված չլինեն սկանդալային կոռուպցիոն պատմություններով կամ անպարկեշտ վարքագծով և ցինիզմով: Նման մի շարք պաշտոնյաներ մատնացույց են արված կից ներկայացվող տեսանյութերում»: Տեսանյութում հնչում էր նաեւ տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանի անունը, ինչին ի պատասխան՝ ՏԿՆ-ն հանդես եկավ պարզաբանմամբ:

Նախօրեին ՏԿՆ-ի պարզաբանմանը պատասխանեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն, ինչին այսօր նորից պատասխանում է տարածքային կառավարման նախարարությունը: ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունում մասնավորապես ասված է.

«Հետք» պարբերականում հրապարակված «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի` Տարածքային կառավարման նախարարությանն ուղղված պատասխանի կապակցությամբ մեկ անգամ եւս հարկ ենք համարում պարզաբանել.

«Վիզկոն» ընկերության տնօրեն Պավել Անդերսոնի հայտարարությունների վերաբերյալ Տարածքային կառավարման նախարարությանը հարցադրումով դիմել է «Հետք» պարբերականը, որին տրվել է անհրաժեշտ պարզաբանում: Պատրաստված եւ հրապարակված լրագրողական նյութում տեղ են գտել թե Անդերսոնի հայտարարությունները, թե Տարածքային կառավարման նախարարության պատասխանը: Պարբերականի միջոցով  հանրությանը ներկայացվել է հարցի հետ կապված մեր կողմից  տիրապետվող տեղեկատվությունը, միեւնույն հրապարակման մեջ կողմերի կարծիքների ներկայացումը բավարար է համարվել, եւ դրանով հարցը մեզ համար սպառվել է:

Այս դեպքում գործարարի կողմից հանդիպմանը իրականության հետ կապ չունեցող բովանդակություն վերագրելու փաստով դատական հայցի փոխարեն ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանը բավարարվել է հրապարակային պարզաբանմամբ, ինչից ամենեւին հնարավոր չէ ենթադրել, որ «նկարագրված դեպքերը համապատասխանում են իրականությանը»:

Կրկնում ենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամին գործարարի կողմից բարեգործական նպատակով գումարների տրամադրումը Ա. Գեւորգյանի անվան հետ կապելը, դա որպես «շորթում» որակելը,  «առնչվող անձանց արձագանքների» (որոնց վրա, ինչպես նշված է ՀԿ-ի պատասխանում, հիմնվում են) անտեսումը եւ միակողմանի, մերկապարանոց հայտարարությունների տարածումը մասնագիտական մոտեցումից հեռու է եւ անազնիվ նպատակներ է հետապնդում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter