HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գյուղացիներին հորդորում են ոռոգել, բայց ջուր չեն տալիս

Անցած գիշեր Էջմիածնի տարածաշրջանում բացասական ջերմաստիճան է գրանցվել, ինչի արդյունքում ցրտահարվել են վաղահաս կարտոֆիլի, ելակի եւ լոբազգի մշակաբույսերը: 0-ից ցածր ջերմաստիճան գրանցվելու է նաեւ այս գիշեր:

Ցրտահարությունից տուժել են հատկապես Արագած, Արշալույս, Դողս, Աղավնատուն, Ամբերդ համայնքի գյուղացիական տնտեսությունները:

Գյուղնախարարությունը գյուղացիներին հորդորում է որպես պաշտպանիչ միջոց ծխահարել այգիները, ինչպես նաեւ առատ ոռոգել:

Վաղ առավոտից Աղավնատան գյուղացիները փորձում էին ոռոգել իրենց հողերը, գոնե քիչ թե շատ մնացած բերքը փրկեն ժամեր անց սպասվող ցրտահարությունից, սակայն առվակներում ջուր չկա: Գյուղացիներից մեկը, ում անունը չենք հրապարակում հետագա խնդիրներից խուսափելու համար, պատմեց, որ կառավարությունը լրիվ մոռացել է իրենց մասին եւ բացառապես զբաղված է օլիգարխների շահերի պաշտպանությամբ:

«Մեզ դատարանի դռներն են գցում, եթե ոռոգման ջրի վարձը ուշացնում ենք: Գյուղնախարարությունն ասում ա, որ հողերը ոռոգեք, որպեսզի ցուրտը չտանի, բա ինչի՞ ջուր չեն տալիս, որ մենք էլ ոռոգենք: Թե՞ մենք իրենց համար միայն հարկ տվող ենք, իսկ հետո ոնց կապրենք` ոչ մեկին չի հետաքրքրում»,- ասում էր գյուղացին:

Նշենք, որ Աղավնատուն համայնքի ոռոգման ջուրն ապահովում է «Խոյ» ՋՕԸ-ն: Նախորդ տարիներին եւս ոռոգման ջրի խնդիրներ են առաջացել եւ երբ «Հետքն» անդրադարձել է գյուղացիների դժգոհություններին, «Խոյը» մի քանի «կասկածյալների» հողամասեր գնացող առվակների մեջ մոտ մեկ բեռնատար ավտոմեքենա հող է լցրել` ընդհանրապես փակելով ջրի հոսքը գյուղացու հողամաս:

Պարզ էր, որ ընկերությունը «վրեժ» էր լուծում գյուղացիներին, թեեւ տնօրենն ասում էր, որ գյուղացուն զրկել են ոռոգման ջրից` վարձավճարը չվճարելու պատճառով: Չի բացառվում, որ այս անգամ էլ նույն կերպ վարվեն, եթե անուններ հրապարակենք:

Նշենք, որ շատերը վարկով են ցանքատարածությունները մշակում: Դեռ բանկերում են գյուղացիների ոսկյա զարդերը, որոնց արժեքով լոմբարդային վարկեր են վերցրել, որպեսզի հողը վարեն, սերմացու գնեն, պարարտեցնեն, իսկ այսօր նրանք կանգնած են ամբողջը կորցնելու վտանգի առջեւ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter