
Լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու 7 դեպք
Մայիսի 5-ին կայացած Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ ՀՀ ոստիկանության Երեւանի ստորաբաժանումներում գրանցվել է լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու 7 դեպք` մեծամասամբ` Մալաթիա-Սեբաստիայի վարչական տարածքում: Այդ մասին «Հետքին» տեղեկացրին ոստիկանության լրատվության բաժնից:
1. www.hetq.am ինտերնետային կայքէջում լուր էր հրապարակվել, ըստ որի` Հաղթանակ թաղամասի 80 մանկապարտեզում գտնվող թիվ 7/14 ընտրատեղամասում մեծ կուտակումներ են, «Գազել» մեքենաներով ընտրատեղամաս են բերել ծերանոցի ընտրողներին: «Հետքի» լրագրողն ու օպերատորը մոտեցել են կուտակված քաղաքացիներին, սակայն հանձնաժողովի նախագահ Սամվել Զախարյանը հրելով լրագրողին դուրս է հանել ընտրատեղամասից, քանի որ վերջինս չի ունեցել լրագրողի ինքնությունը հաստատող փաստաթուղթ:
Հանգամանքները պարզվում են, իսկ հետաքննությունը վարում է հետաքննության տեսուչ Հ. Խաչիկյանը (ոստիկանության Մալաթիայի բաժին):
2. Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՕԿԿ-ից ստացված ահազանգը վերաբերել է «Առաջին լրատվական» կայքէջում հրապարակված լուրին: Լրատվամիջոցը հղում անելով «Թրանսփերենսի ինտերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին տեղեկացրել է, որ թիվ 7/05 ընտրատեղամասում ԶԼՄ ներկայացուցչին փորձել են խոչընդոտել ներկա գտնվել եւ հետեւել քվեարկության ընթացքին:
Հետաքննությունը վարում է հետաքննության տեսուչ Գ. Մանուկյան (ոստիկանության Մալաթիայի բաժին):
3. Նույն օրը` ժամը 15:50-ին ոստիկանության ԵՔՎ ՕԿԿ-ից հաղորդում է ստացվել 1in.am կայքում հրապարակված լուրի վերաբերյալ, որ Արաբկիրի 4/02 ընտրատեղամասում առավոտից 71 եւ 40 երթուղային միկրոավտոբուսներով բնակիչներին բերել են ընտրության: «Aravot.am»-ի հետ զրույցում բնակիչները պատմել են, որ ամեն ընտրությանը ՀՀԿ-ն ապահովում է նրանց տեղափոխումը: Տեղամասի առջեւ եղել են կուտակումներ, հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահը հրաժարվել է զրուցել լրատվամիջոցների հետ ու բղավել է նրանց վրա, հորդորելով ճշտել ԲՀԿ-ական քարտուղար Ն. Թ.-ից: Իսկ «Բարև Երեւան» դաշինքի վստահված անձ Լ. Ա.-ն հայտնել է, որ հանձնաժողովի նախագահը խոչընդոտում է լրագրողների աշխատանքը:
Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` դեպքի իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հետաքննությունը վարում է հետաքննության տեսուչ Ա.Մանուկյանը (ոստիկանության Արաբկիրի բաժին):
4. Ընտրության օրը` ժամը 20:25-ին ոստիկանության ԵՔՎ ՕԿԿ-ից ստացված հաղորդումը վերաբերել է «ilur.am» կայքի հրապարակմանը, ըստ որի` 07/05 ընտրատեղամասում «Կենտրոն» ՀԸ-ի լրագրողին թույլ չեն տվել մտնել տեղամաս` պահանջելով ԿԸՀ-ի կողմից տրամադրված փաստաթուղթ:
Ձեռնարկվում են միջոցառումներ «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողին հետաքննությանը ներկայացնելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են, իսկ հետաքննությունը վարում է հետաքննության ավագ տեսուչ` Գ. Պետրոսյանը (ոստիկանության Մալաթիայի բաժին):
5. Իսկ նույն օրը` ժամը 21.00-ին ստացված հաղորդումը վերաբերել է «Դիտորդ» կայքում տեղադրված լուրին, որ թիվ 8/08 տեղամասում ՀՀԿ-ի ավագանու թեկնածու Գեւորգ Մանուկյանը վստահված անձի վկայականով խոչընդոտել է լրագրողների եւ դիտորդների աշխատանքը:
Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են միջոցառումներ, իսկ հետաքննությունը վարում է հետաքննության տեսուչ` Ս. Հարությունյանը (ոստիկանության Մալաթիայի բաժին):
6. Նույն օրը, նույն ժամին հաղորդում է ստացվել, որ «Քաունթերփարթ ինտերնեյշնլ» կազմակերպության թեժ գծին ահազանգել են, թե թիվ 07/34 տեղամասում «168 ժամ» թերթի լրագրողին թույլ չեն տվել մտնել ընտրատարածք եւ լուսաբանել ձայների հաշվարկման գործընթացը:
Հետաքննությունը վարում է հետաքննության տեսուչ Գ. Ավետիսյանը (ոստիկանության Մաշտոցի բաժին):
7. Իսկ ժամը 21.30-ին հաղորդում է ստացվել «iditord.am» կայքի հրապարակած լուրի մասին, որ թիվ 6/23 ընտրատեղամասում «Առավոտ» թերթի լրագրողին խոչընդոտել են իրականացնել իր մասնագիտական օրինական գործունեությունը` չթույլատրելով կատարել նկարահանումներ:
Հետաքննությունը վարում է հետաքննության տեսուչ Ա. Մխիթարյանը (ոստիկանության Մաշտոցի բաժին):
Մեկնաբանել