HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կարկուտը Արմավիրում վնասել է 39 համայնքի ցանքատարածություն և այգի

Երեկ տեղացած կարկտահարությունից Արմավիրի մարզում, նախնական տեղեկություններով, վնասվել է 39 համայնքի ցանքատարածություն, պտղատու այգիներ եւ պոլիէթիլենային տոպրակներով ծածկված ջերմոցային տնտեսություններ: Արմավիրի մարզպետարանից տեղեկացրին, որ համայնքների զգալի մասում վնասը հասնում է 100 տոկոսի:

Երեկ գյուղնախարար Սերգո Կարապետյանը եղել է մարզում, իսկ այս պահին գյուղնախարարի 4 տեղակալները մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորությամբ շրջում են կարկուտից տուժած համայնքներում:

Երեկ եւ այսօր առավել տուժած գյուղացիները փակել են մի շարք միջհամայնքային եւ հանրապետական նշանակության ճանապարհներ` պահանջելով կառավարությունից փոխհատուցել իրենց կրած վնասները:

Օրինակ` ալաշկերտցիները փակել են Արմավիր- Մարգարա հանրապետական նշանակության ճանապարհը, մրգաշատցիներն ու արշալույսցիները` Երեւան- Արմավիր մայրուղին եւ այլն:

Այս պահին մարզում ստեղծվել են հանձնաժողովներ` տեղում վնասի չափը պարզելու համար: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը գյուղացիներից 2 օր ժամանակ է խնդրել` կարկուտի հասցրած վնասի չափը պարզելու եւ խնդիրը կառավարությանը ներկայացնելու համար:

Օրինակ` մարզի Շենավան համայնքում կարկուտը 100 տոկոսով վնասել է ցանքատարածությունները` լուրջ վնաս հասցնելով նաեւ այգիներին: Շենավանի համայնքապետ Արթուր Մկրտչյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ վնասը կարելի է դիտել նաեւ 200 տոկոս, քանի որ հույս չունեն, թե եկող տարի վնասված այգիները կվերականգնվեն:

«800 հա-ից ավել ցանքատարածություն ու այգի է վնասվել կարկուտից: Հանձնաժողովներ ենք կազմել, որ վաղը առավոտից աշխատենք: Մեր համայնքում մինչեւ 200 տոկոս վնաս է հասցրել կարկուտը: Գյուղացին այս ամենին հասել էր վարկերով ու հիմա անելանելի վիճակ է»,-ասաց Արթուր Մկրտչյանը:

Ըստ համայնքապետի` գյուղացիների  99 տոկոսը վարկերի տակ է եւ սպասում էին, որ տարիներով մշակած հողից պիտի այս տարի բերք ստանային եւ իրենց եկամուտով մարեին վարկերը: Համայնքապետը նշեց, որ 3 օրից կեռասը արդեն պիտի շուկա տանեյին, սակայն, ծառերի վրա գեթ մեկ հատիկ պտուղ չկա:

Ալաշկերտ համայնքում եւս կարկուտը 100 տոկոսով վնասել է գյուղացու ցանքատարածությունները: Համայնքապետ Կարեն Հովհաննիսյան ասելով` 400 հա ցանքատարածությունրից ու այգիներից ոչ մի եկամուտ չի սպասվում: Այս պահին նա գյուղացիների հետ հաշվարկում էր վնասի չափը` տեսակավորելով կարկտահարված մշակաբույսերն ու պտղատու այգիները: Համայնքապետն ասաց, որ ցանկը ներկայացնելու են մարզպետարան:

Այս գյուղում նույնպես գյուղացիները վարկերի տակ են եւ համայնքապետի մտահոգությունը նաեւ վարկերի մարումն էր: «Ասեք` ի՞նչ անենք, որ այս վիճակից դուրս գանք»,-հուսահատ  ասում էր Կ. Հովհաննիսյանը:

Այս գյուղում եղել է հակակարկտային կայան: Համայնքապետի ասելով` իրենք ճիշտ ժամանակին կրակել են` փորձելով ցրել կարկաբեր ամպերը, սակայն անօգուտ է եղել. Քամին ուժեղ է եղել եւ օգուտ չի տվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter