HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարության «նվերը» մեղրեցիներին՝ 14 հանքի և 9 հէկի արտոնագրերի տեսքով

«Մեղրին ամենակտրված տեղն ա դառել մեր երկրում, բայց ամենակարևոր տեղն ա: Ո՞վ ա հասկանում էս»,- ասաց մեղրեցի տիկին Ալվարդի խանութ մտած անծանոթ կինը՝ տեսնելով ձայնագրիչս: Տիկին Ալվարդի մթերային խանութը գտնվում է Մեղրու կենտրոնական հրապարակի հարևանությամբ, որտեղ ավելի շատ մարդիկ գնում են քննարկելու Մեղրու վերջին նորությունները: «Ո՞ր պարտքի ցուցակս տեսնես, է~, ինֆարկտ կտաս»,- ասաց նա, ապա կարևորություն չտալով առևտրին՝ նշեց, որ Մեղրիում պատրաստվում են բացել հանքեր:

Այս նորությունը քննարկվում էր ոչ միայն տիկին Ալվարդի փոքրիկ խանութում, այլև դրա պատերից դուրս: Մեղրիի կենտրոնական հրապարակում էլ փորձում են գտնել վերջերս ծառերի զանգվածաբար չորանալու պատճառը: Մեղրեցիների պատմելով՝ ծառերի զանգվածային չորացում եղել էր 1960-70-ական թթ., երբ ծիրանենիները միանգամից չորացան: Այդ ժամանակ շատերը դա պայմանավորեցին Ագարակի կոմբինատի գործունեությամբ:

«Մեր ծառերը սկսել են չորանալ: Ինչի՞ց ա: Էն ջրով, որով ջրում ենք ծառերը, գալիս ա հանքից, դա էլ թունավոր ջուր ա: Դրա համար էլ մեզ մոտ ծառերը հիվանդանում են, ժողովուրդը հիվանդանում է, բայց ո՞վ ա մեզ հաշվի առնում»,- ասաց գյուղատնտես Ժիրայրը: Նրա փոխանցմամբ՝ այս տարի չորացել են կիվիի, թզի, դեղձի, ծիրանի ծառերը:

Մեղրեցի Դավիթ Համբարձումյանը ծառերի չորանալը պայմանավորեց հանքերի բացմամբ: «Թխկուտի ոսկու զավոդ կա: Երբ որ իրանք բաց են արել, աշխարհում ըտենց բան չկա, որ լճեր սարքեն և Մեղրուց վերև էդ լճերի մեջ էդ դեղը լցնեն: Առաջ էդ ջրերը բաց էին թողնում Մեղրու գետը, որտեղ ձկները վերացան: Հիմա արդեն ձուկ-բան չկա էդտեղ: Հիմա էլ, քուրիկ ջան, հերթը հասել ա մարդկությանը: Ղեկավարներն ուզում են արխային դառնան, փողերը վերցնեն-գնան: Վիճակը շատ վատ ա»,- ասաց Դ. Համբարձումյանը:

Նա նախկինում հանքափոր է աշխատել: «Մանավանդ որ Տիգրան Սարգսյանին պահել են, իրանք գիտեն, թե ժողովրդին ոնց վերաբերվեն: Մենք անելու բան չունենք՝ կամ ասած, կամ չասած: Իրանք էստեղի ժողովրդին դրել են այլազգիների տեղ: Մեր ժողողվուրդն էլ կամաց-կամաց կգնա Պարսկաստան»,- ավելացրեց Մեղրու բնակիչը:

Անատառագետ Գևորգ Մարգարյանն էլ ասաց, որ աշխարհում չկա մի բնակավայր, որտեղ 164 քկմ-ի վրա 14 հանք շահագործվի: «Տաշտունում կա մի աղբյուր, որտեղ ուրանի անոմալիայի ինչ-որ մետաղածին բան է թափվում ջրի մեջ. ծիտը, խմելով էդ աղբյուրի ջուրը, սատկում է: Էդ աղբյուրը թափվում է Տաշտունի գետի մեջ, Տաշտունի գետը թափվում է Մեղրի գետի մեջ, Մեղրի գետից առուն կապում են ջրմուղկոյուղու դաշտին, էդ ջուրն էլ ներծծվում է Uեթանց աղբյուրի մեջ, պոմպակայանով գնում է, ջուր է մատակարարում Մեղրիի բնակիչներին»,- նշում է Գ. Մարգարյանը:

Նա նշեց, որ Ագարակի կոմբինատի պոչամբարը թափվում է Արաքս գետը, որով էլ ջրում են Նռնաձոր, Շվանիձոր, Ալմազ համայնքների արտերը, իսկ ստորերկրյա աղբյուրներն էլ սնվում են այդ արտերի ջրերով:

Ծառերի չորանալու փաստը հաստատեց նաև Մեղրու քաղաքապետարանի բնապահպանական հանձնաժողովի նախագահ Մարատ Օհանյանը, ով մեզ ուղեկցեց մի քանի այգի՝ մատնացույց անելով չորացած ընկուզենիները: Նա ասաց, որ ծառերի չորանալու պատճառները պետք է նշեն փորձագետները:

Անդրադարձ փաստաթղթերին

Վերջին մեկ տարվա ընթացքում կառավարությունը Մեղրու տարածաշրջանում 14 հանքի ուսումնասիրությունների արտոնագիր է տվել մեղրեցիներին անհայտ անձանց: Մեղրու քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանն այդ մասին իմացել է մեղրեցիներից:

«Ցավալի է, որ այդ մասին տեղեկացնում են ոչ թե լրատվամիջոցները, այլ մեղրեցիները: Մեղրու տարածքում 14 տարբեր մարդկանց տվել են լիցենզիաներ, որոնք իրավունք են տալիս զբաղվել հանքարդյունաբերությամբ: Շատ ողբալի վիճակում կհայտնվի ժողովուրդը, եթե դա իրականություն դառնա»,- ասաց քաղաքապետը:

Նրա խոսքով՝ մեղրեցիների կարծիքը որևէ մեկը չի հարցրել, հասարակական լսումներ չեն անցկացվել: Նրանք նաև չգիտեն, թե ովքեր են սեփականատերերը:

«Եթե չի եղել հասարակական լսում, ինչո՞ւ են օրենքը խախտում: Ես՝ որպես քաղաքապետ, մնացել եմ ժողովրդի և իշխանութունների արանքում»,- նկատեց Ա. Հովհաննիսյանը:

Քաղաքապետի ասելով՝ ինքը հազիվ է լռեցնում մեղրեցիների բողոքի ձայնը և հարցն առայժմ փորձում է լուծել քաղաքակիրթ ճանապարհով: Այդ նպատակով էլ Մեղրու ավագանին այս տարվա հունվարի 25-ին նամակ էր գրել ՀՀ նախագահին՝ տեղեկացնելով իրավիճակի մասին:

Դրանից ամիսներ անց՝ ապրիլի 5-ին, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Է. Փիրումյանը պատասխանել է համայնքի ավագանու գրություններին՝ նշելով, որ ՀՀ ԳԱԱ երկրաբանական ինստիտուտի գրության համաձայն՝ իրականությանը չի համապատասխանում «Հայաստանի ուրան պարունակող հանքային դաշտերի և հանքային շրջանների քարտեզը», ինչպես նաև այն, որ Լիճք, Տաշտուն և Լիճքվազ-Թեյի հանքավայրերը ուրանի և թորիումի առավել բարձր պարունակությունների օբյեկտներ են: Գրության մեջ ասվում է նաև, որ Մեղրիում բնապահպանական հարցերի վերաբերյալ մասնագիտական քննարկման աշխատանքները կատարելու պատրաստություն է հայտնել ՀՀ ԳԱԱ «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը:

Ապրիլի 30-ին նախարարություն գրություն է ուղարկել Կապանի բնապահպանական տեղեկատվական հասարակական «Օրհուս» կենտրոնի համակարգող Աշոտ Ավագյանը, ով գրության պատասխանը ստացել է մայիսի 15-ին:

Պատասխանում ասվում է. «Սյունիքի մարզի Խաչաքար-Փարվանի բազմամետաղային, Բերդաքարի պղինձ-մոլիբդենի, Վերին Վարդանիձորի ոսկու, Գյոզ-Գյոզի ոսկու, Վանք և Կալեր գյուղերի շրջակա տարածքը բազմամետաղային, Թունդիր գետի ազնիվ մետաղների, Շվանիձորի նեֆելինային սիենիտների, Նյուվադիի պղնձի և Նռնաձորի պղինձ-ոսկու հանքաերևակումներում կատարվող երկրաբանական ուսումնասիրությունների փաստաթղթերը չեն ներկայացվել ՀՀ բնապահպանության նախարարություն՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության»:

Մայիսի 17-ին Մեղրիի քաղաքապետը մեկ այլ գրություն է ուղարկել նախարարություն՝ խնդրելով իրեն տրամադրել վերը նշված վայրերում ուսումնասիրություններ կատարելու փաստաթղթերրի պատճենները:

Մեղրին ոտքի կկանգնի

Մեղրիի քաղաքապետարանի բնապահպանության հանձնաժողովի նախագահ Մարատ Օհանյանն էլ նշեց, որ նախարարության գրությունների մեջ կան մի շարք հակասություններ, որոնցից առանձնացրեց նախարարության՝ ուրանի հանքերի քարտեզի մասին դիտարկումը: Մ. Օհանյանի դիտարկմամբ՝ այդ քարտեզը գիտական հիմքեր ունեցող փաստաթուղթ է:

«Այդ փաստաթղթում ակնհայտ երևում է, որ իրականում մեր տարածքում ոչ թե կոնկրետ ուրանի հանքեր են, այլ գունավոր մետաղներն ուղեկցվում են բարձր պարունակությամբ ռադիոակտիվ էլեմենտներով: Մեզ հատկապես անհանգստացնում է այն, որ նշված հանքատեղերը գտնվում են շատ ավելի բարձր նիշերում, քան Մեղրի քաղաքը. և ներքին ջրերը, ևգետակները հոսում են՝ լցվելով Մեղրի գետ, որտեղից էլ լցվում են ոռոգման ջրերի համակարգ»,- ասաց Մ. Օհանյանը:

Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանն էլ նշեց, որ Մեղրու տարածաշրջանում անընդունելի է հանքարդյունաբերական գործունեությունը: «Միևնույն վայրում գյուղատնտեսության և հանքարդյունաբերության զարգացումն անհնար է: Նախքան հանքեր շահագործելը, առնվազն պետք է հաշվարկել, թե ինչքանով է տնտեսապես նպատակահարմար հանքերի շահագործումը հարակից համայնքների բնակչության և պետության համար առհասարակ: Մեղրի համայնքը համարվում է ազդակիր համայնք, սակայն հաշվի չի առնվել տեղական ինքնակառավարման մարմինների և բնակչության դիրքորոշումը»,- ասաց Ա. Փարսադանյանը:

Նա հավելեց, որ «Կայուն զարգացում» ՀԿ-ն Մեղրի համայնքում կկազմակերպի ստորագրահավաք` վերոնշյալ խնդիրների վերաբերյալ համայնքի բնակիչների դիրքորոշումը կառավարությանը և Ազգային ժողովին ներկայացնելու համար:

Մեղրիում բողոքի ալիքին պատրաստվում են միանալ նաև մեղրեցի երիտասարդները: «Եթե բացեն հանքերը, մեղրեցիների համար ճակատագրական ա լինելու: Եթե Տաշտունում հանք բացեն, էդ տեղից ջրերը գնալու ա գետը, որով այգին են ջրում: Բերքը-բանը լրիվ վարի ա գնալու: Ջահելությունը դեմ ա դրան: Էդ նույն հանքից Քաջարանն էլ ունի, բայց որ էդտեղ նայում ես մարդկանց դեմքերին, ահավոր ա, ծնված էրեխեքն արդեն վատ են լինում,- նշեց Հովհաննես Համբարձումյանը:

Նա հավելեց. «Մենք մեր ուժերով ամեն ինչ անելու ենք, որ փակեն էդ հանքերը: Ոնց բացեն, ընտեց էլ փակելու են: Թեկուզ վնաս տալով էլ լինի, փակել ենք տանելու: Մենք էնքան վնաս ենք տալու իրանց, որ հանքը փակեն, օրինակ, կարանք քարով խփենք-ջարդենք սարքավորումները»:

Մեղրեցիների խոսքով՝ իրենք դեռ քաղաքակիրթ ճանապարհով՝ թուղթ ու գրիչի միջոցով են փորձում լուծում փնտրել, բայց եթե դա չօգնի, ոտքի կկանգնեն՝ պայքարի այլ միջոց ընտրելով: Ընդ որում, կառավարությունն ավելի «շռայլ» է եղել մեղրեցիների հանդեպ. բացի 14 հանքի արտոնագրերից` 9 հէկի կառուցման արտոնագիր է տվել կրկին մեղրեցիներին անհայտ անձանց:

Մեկնաբանություններ (4)

vardan vardanyan
Բնապահպանության նախարարության գրություններում ոչ մի հակասությունչկա, ուղղակի պետք է իրավական ակտերը լավ իմանաք: Մարատ Օհանյանը և քաղաքապետը եթե իրավական ակտերը լավ իմանային, ապա գրությունը կհասցեագրեին լիազոր մարմնին և իրենց իրավասությունը կիմանային:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Խեղճ Սյունիք. առաջը` ՀՀԿ, հետևը` հանքային մաֆիա:
Գագիկ
ՎԵՐՋԱՊԵՍ ՈՆՑՑ ՈՐ ԹԵ ՄԵՂՐԵՑԻՆԵՐԸ ՔՆԻՑ ԶԱՐԴՆԵՑԻՆ, ՈՉԻՆՉ ԴԵ ԼԱՎԵ ՈՒՇ ՔԱՆ ԵՐԲԵՔ 1. Ինչ դաժանություն, ինչ անմարդկային վերաբերմունք Հայաստանի ամենագլխավոր դարպասի նկատմամբ: Ավելի լավ ու ճիշտ չէր լինի արդյոք միանգամից մի թղթի կտոր ստորագրեին ու Մեղրին վաճառեյին կամ Պարսիկներին, կամել Նախիջևանին ու պրծնեյին? Էլ ինչու էք եդ խեղճ Մեղրեցիներին հազար ու մի հիվանդություններով ու վիրուսներով վարակում նոր տեղահան անում չեմ հասկանում?Եդ խեղճերին ու ցիվիլիզացիայից, գազից ու մնացած բարիքներից զրկված լինելը հերք չէր, լռիվ էշի տեղեն դրել էս ժողովրդին: Ափսոս որ սրանից հետո էլ քաղաքի շուկաներում գեղեցիկ մրգերի վրա մեծատառերով գրված “ՄԵՂՐՈՒ” բառը էլ չենք տեսնի, քանի որ դա արդեն ոչ թե պատիվ կբերի ու գիննել համեմատած այլ մարզի մրգերի բարձր, այլ անպատվություն ու վտանգ, որովհետև այդ մրգերը արդեն վարակված կլինեն Ուրանով և բազմաթիվ այլ չափազանց վտանգավոր վիրուսներով:
Գագիկ
2. Ինձ որպես Նախկին Մեղրու բնակիչ շատ է մտահոգել այս հարցը, բայց ես եղել եմ, կամ և կմնամ միայն մի համոզման, որ այս ամեն ինչում միակ մեղավորը ոչ թե պետությունն է, կամ օլիգարխները, այլ հենց իրենք Մեղրեցիները: Այ երբ որ ամենաառաջին տրակտորները հայտնվեցին այդ գեղեցիկ ու գողտրիկ վայրերում ու սկսեցին իրենց ՍԵՎ ԳՈՐԾԸ, մի խումբ մեղրեցիներ պետք է գիշերով գնային ու այդ տրակտորները միայն իրենց ձեռքի ուժով շրջեյին ու գլորեյին ձորը ու Պարսկարստանը Հայաստանին կապող միակ ճանապարհը քարերով փակեյին ու թույլ չտային որ ոչ մի Պարսկական համարներով մեքենա անցներ, որ էս վիճակին չհասներ, չէ որ լավ է ասված “գյուղ կանգնի գերան կջարդի”? Այ այս դեպքում ոչ ոք այլևս չեր համարձակվի այդ գեղատեսիլ վայրերը վայրագորեն ու առանց որևէ ափսոսանքի ու սրտացավի իրենց գրպանները լցնելու համար եդպես վայրենաբար քանդուքարաբ անեյին ու կեխտ ու զիբիլն ել լցնեյին այդ մի փոքր ու համարյա վերջին շնչի վրա գտնվող առվակի մեջ, որը կոչվում է ԳԵՏ ՄԵՂՐԻ: Բայց սա միայն ցուցանակի վրա է այն արդեն համարյա թե չկա: Թե չէ սպասել սպասելեն բանը բանից անցելա նոր քնից զարդնել ու նախագահինել “բաց նամակ” են գրում ու մի հատել մեղմ ու փափուկ վերնագիր դնում, «Մի իրականացրեք «Մեղրին՝ առանց մեղրեցու», սա նախկինում կարելի էր գրել բայց հիմա արդեն շատ ուշ է, հիմա արդեն ուրիշ վերնագիր կսազեր իմ կարծիքով…

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter