
Մեղրիում սկսվել է ստորագրահավաքը հանքերի շահագործման դեմ
Մեղրու Տաշտուն գյուղական համայնքում սկսել են հանքի հողաշինարարական աշխատանքները: Սա` այն պարագայում, երբ տվյալ տարածքում կառավարությունը տվել է ուսումնասիրությունների, այլ ոչ թե հանքի գործունեության արտոնագիր:
Հանքը պատկանում է «ԱՏ մեթալս» ՍՊԸ-ին, որը, ըստ տեղացիների, հայ-ռուսական ընկերություն է: Ընկերության գլխավոր տնօրենն է Ռոստիսլավ Պրեսնովը, իսկ գործադիրը տնօրենը Հայկ Մեժլումյանն է: Վերջինս, սակայն, հրաժարվեց հեռախոսով պատասխանել մեր հարցերին՝ ասելով,, որ խորհրդակցություն է, իսկ հարցերին կպատասխանի միայն ընկերության գրասենյակում:
Երեկ Տաշտունում է եղել Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ նախագահ Արմեն Փարսադանյանը: «Տաշտուն համայնքը գտնվում է Մեղրու տարածաշրջանի բարձրադիրում գոտում, որտեղ նույնիսկ նախատեսվում է հանքավայրի վերաշմակման ֆաբրիկա կառուցել: Հանքավայրի բարձրադիր դիրքն ինքնին ռիսկային է անկախ շահագործման տեխնոլոգիայից, քանի որ հանքավայրը մոտ է Տաշտուն գետին, որը միանում է Մեղրի գետին, որով էլ ոռոգվում են տարածաշրջանի այգիները»,- ասաց Ա. Փարսադանյանը:
Նա նաև հավելեց, որ երեկ Մեղրիում «Կայուն զարգացում» ՀԿ-ն սկսել է ստորագրահավաքի գործընթաց, որով մեղրեցիները և գյուղական համայնքների բնակիչները կարտահայտեն իրենց դիրքորոշումը 14 հանքերի ուսումնասիրության արտոնագրերի մասին:
Մեկնաբանել