
Իրավապահները սպասում են Սերժ Սարգսյանին
Ղարաբաղի N զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանի վիճակը ծանր է: Նա վիրավորվել է կեսգիշերին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ: Տեղում սպանվել է նրա եղբայրը՝ Ավետիք Բուդաղյանը: Վիրավորվել է նաեւ Սուրիկ Խաչատրյանի թիկնապահը:
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը նորից հայտնվեց ընդամենը հերթական սկանդալի մեջ: Այս մեկը, ինչպես եւ բոլոր նախորդները, քրեական պատասխանատվություն է նախատեսում: Իշխող կուսակցությունը գրկի մեջ սեղմած պահում է նրան, հանկարծ բան չպատահի, հանկարծ նույնիսկ հարբուխով չհիվանադանա: Որովհետեւ Սուրեն Խաչատրյանը կուսակցության սիմվոլներից մեկն է, և նրան պիտի ամեն գնով պահպանեն:
Միջադեպը տեղի է ունեցել Գորիսում՝ խնջույքի ընթացքում եւ հետո: Ըստ գորիսեցիներից մեկի պատմածի՝ վեճ է ծագել, Սուրիկ Խաչատրյանը հայհոյել է Բուդաղյան եղբայրների մորը: Եբայրներից մեկը ապտակել է մարզպետին: Վեճը վերսկսվել է Սուրիկ Խաչատրյանի տան մեջ եւ դրա շրջակայքում: Եղբայրներից մեկը գործարար է, մյուսը՝ բանակի գնդապետ, զորամասի հրամանատար:
Սուրիկ Խաչատրյանը գուցե հիմա ոստիկանությունում է, էական էլ չէ նրա գտնվելու վայրը: Հիմա բոլորը սպասում են հանրապետության նախագահի որոշմանը: Իրավապահները բացարձակ անելիք չունեն, երբ չկա քաղաքական որոշում: Իսկ այս դեպքում քաղաքական որոշումը դեռ չի կայացվել: Դա երեւում է իրենց ենթակայությամբ աշխատող լրատվամիջոցների լուրերից: Եթե այդպիսի որոշում լիներ, այդ լրատվամիջոցները «կբզկտեին» Սուրիկ Խաչատրյանին: Մյուս կողմից էլ՝ չեն կարող ասել, որ զորամասի հրամանատարը հանցագործ է, նա բանակի լավ հրամանատարներից մեկն է համարվում:
Ինչու է Սերժ Սարգսյանն այսպես պաշտպանում Սյունիքի մարզպետին: Նախագահը գուցե բացատրի, որ հասկանալի դառնա գոնե Հանրապետական կուսակցության խորհրդի անդամներին, ովքեր տարբեր առիթներով ոչ հրապարակային դժգոհություններ են հայտնում: Իսկ այժմ հստակ է, որ հասարակությունը կգտնի մարզպետին հեռացնելու հասարակական մեխանիզմ:
Մեկնաբանություններ (22)
Մեկնաբանել