
Վարդենիսցիները մտահոգվում են` ամառն անցնում է, իսկ դպրոցը դեռ չեն կառուցում
Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի դպրոցի կառուցումն ընդգրկվել էր դպրոցաշինության այս տարվա ծրագրում: Սակայն աշխատանքները դեռևս չեն սկսվել:
Վարդենիս գյուղը Արագածոտնի մարզի այն համայնքներից է, որտեղ տարվա մեծ մասը ձմեռ է, իսկ ամառը` կարճատև: Դպրոցի տնօրեն Ավետիք Ավետիսյանը «Հետքի» հետ զրույցում մտահոգություն հայտնեց, որ այս տարի էլ դպրոցը չեն հասցնի կառուցել, քանի որ ամառն արդեն սկսվել է, բայց դպրոցաշինության մեկնարկից այդպես էլ տեղեկություններ չկան:
Համայնքի բնակիչները մտահոգվել են խնդրով: Դպրոցը 4-րդ կարգի վթարային է, և երեխաներին այդ դպրոց ուղարկելը` վտանգավոր: Համայնքապետ Կամո Պետրոսյանը տեղեկացրեց, որ գյուղի բնակիչները նամակով դիմել են հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին` խնդրելով արագացնել դպրոցի շինարարական աշխատանքները քանի դեռ տաք եղանակներ են:
Երեկվա նիստում կառավարությունն անդրադարձել է Վարդենիսի դպրոցին: 120 աշակերտական տեղով դպրոցի կառուցման աշխատանքի գնման համար ՀՀ 2013 թ. պետբյուջեով նախատեսված է 155 մլն դրամ։
Շինարարությունը եղանակային նպաստավոր պայմաններում ավարտին հասցնելու նպատակով գործադիրը որոշել է «գնման գործընթացն իրականացնել բանակցային ընթացակարգով` առանց գնման հայտարարությունը նախապես հրապարակելու»։
Մեկնաբանել