
Շնողի նախկին գյուղապետ Հայկազ Քոչինյանին դեռևս մեղադրանք չի առաջադրվել
«Հետքի» 2012թ. դեկտեմբերի 4-ի «Բացահայտվում են Հայկազ Քոչինյանի ապօրինությունները» հոդվածի փաստերով պաշտոնական դիրքը չարաշահելու և յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ 2012 թ. դեկտեմբերի 5-ին Շնողի գյուղապետ Հայկազ Քոչինյանի դեմ քրեական գործ է հարուցվել:
Հիշեցնենք, որ Հայկազ Քոչինյանը դատախազի որոշման դեմ բողոք էր ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որը, սակայն մերժեց բողոքը:
Նախկին գյուղապետի դեմ հարուցված քրեական գործը արդեն 6 ամսից ավելի է, ոստիկանության Ալավերդու քննչական բաժանմունքի վարույթում է: Բաժանմունքի պետ Էդվարդ Կարապետյանին խնդրեցինք տեղեկատվություն տամադրել Հայկազ Քոչինյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքի մասին: Վերջինս հայտնեց, որ նախաքննության շահերից ելնելով՝ իրեն չի թույլատրվել ամբողջական տեղեկատվություն հաղորդել մեզ:
Է. Կարապետյանը հայտնեց, որ Հայկազ Քոչինյանին դեռևս մեղադրանք չի առաջադրվել: Նա նշեց, որ գործի շրջանակներում բազմաբնույթ քննչական աշխատանքներ և փորձաքննություններ են կատարվում: «Մեր կողմից նույնպես բացահայտվել են Հայկազ Քոչինյանի կատարած յուրացումների նոր փաստեր»,- ասաց քննչական բաժանմունքի պետը:
Այս դեպքում առավել անհասկանալի է մնում վարույթն իրականացնող մարմնի կողմից Շնողի նախկին գյուղապետին մեղադրանքի առաջադրման ձգձգումը:
Շնողի գործող գյուղապետ Հովիկ Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ անցած 6 ամսում Շնողում նախկին գյուղապետի գործով որևէ փորձաքննություն չի կատարվել, ավելին՝ վարույթն իրականացնող մարմինը քրգործում որպես տուժողի չի ներգրավել Շնողի գյուղապետարանին:
«Եթե Շնողի գյուղապետարանը ճանաչված լիներ տուժող կամ քաղաքացիական հայցվոր, նախաքննական մարմինը մեզ պետք է տրամադրեր որոշման օրինակներ՝ տուժող կամ քաղհայցվոր ճանաչվելու մասին: Այդպիսի որոշումներ մենք չենք ստացել»,- ասաց Հովիկ Սահակյանը:
Նախաքննող մարմինը 2012թ. դեկտեմբերի 21-ին առգրավել է Շնողի գյուղապետարանի 2007-2012թթ. հաշվապահական փաստաթղթերը, ավագանու որոշումները և այլ փաստաթղթեր:
«Վարույթն իրականացնող մարմինը այդ փաստաթղթերի լուրջ ուսումնասիրման դեպքում անհանարին է, որ անցած 6 ամիսներին չբացահայտեր Հայկազ Քոչինյանի ոչ միայն մեկ, այլև տասնյակ էպիզոդներով կատարված յուրացումներ»,- ասում է գյուղապետը:
Հայկազ Քոչինյանին մեղադրանք առաջադրելը ձգձգելը, ինչպես նաև Շնողի գյուղապետարանին նախկին գյուղապետի քրգործով տուժող չճանաչելու հանգամանքը առաջացրել է Շնողի գյուղացիների և գյուղապետի անհանգստությունը: Հիշեցնենք, որ դատախազ Կարեն Շահբազյանը Շնողի նախկին գյուղապետ Հայկազ Քոչինյանի դեմ քրեական գործ է հարուցել նաև «Հետքի» 2010թ. սեպտեմբերի 6-ի «Դուք դատախազության աշխատող չեք, որ Ձեր հարցերին պատասխանեմ»,- լրագրողին ասում է գյուղապետը» հոդվածի նյութերով:
Այս քրգործի նախաքննությունը շատ երկար՝ գրեթե 3 է տարի տևել: Այն ավարտվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2013 հունվարի 16-ի վճռով: Սակայն քրգործի նախաքննության ընթացքում հայտնաբերվել է, որ Հայկազ Քոչինյանը, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, Շնողի գյուղապետարանի 2,2 մլն դրամ արժողությամբ ամբուլատորիան սեփականացրել է անվճար:
Այժմ արդեն նախկին դատախազ Կարեն Շահբազյանը Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի եղբոր պաշտոնեական դիրքի այս չարաշահման դեպքով մեղադրանք չի առաջադրել և առանց դատարան ուղարկելու՝ ամբուլատորիայի գործը կարճել է 2012թ. նոյեմբերի 28-ին:
Գործը կարճելուց միայն 6 ամիս հետո՝ 2013թ. մայիսին, Լոռու մարզպետարանին ուղարկած իր գրությամբ դատախազությունը առաջարկել է Շնողի գյուղապետ Հովիկ Սահակյանին քաղհայցով մտնել դատարան Հայկազ Քոչինյանի՝ համայնքի բյուջեին պատճառած 2,2 մլն դրամը վերականգնելու հայցով: Հովիկ Սահակյանն ասում է, որ հայց է ներկայացնելու ոչ թե վնասի փոխհատուցման, այլ գույքի վերադարձման պահանջով:
Մեկնաբանել