
«Նարեկացի» արվեստների փառատոնը (լուսանկարներ)
Հայ ժամանակակից արվեստագետները, հատկապես այն ազատ արվեստագետները, ովքեր իրենցով և իրենց ստեղծագործությամբ դրսում ճանաչելի են դարձնում հայ հնագույն և ժամանակակից մշակույթը, ցավոք, հաճախ անծանոթ են հայաստանցի հանդիսատեսին, նրանց մասին գիտեն արվեստասերների նեղ շրջանակում միայն:
«Նարեկացի» արվեստի միությունը, փորձելով լրացնել այդ բացը, կազմակերպել է «Նարեկացի» արվեստների փառատոնը, որի հիմնական նպատակը, ըստ կազմակերպիչների, հայ բարձրարժեք մշակույթը հայերին, ինչպես նաև Հայաստան ժամանած արտասահմանցիներին ներկայացնելն է:
Փառատոնն ընգրկում է հայ աշուղական, ժողովրդական, ազգային, ավանդական երգն ու պարը, հոգևոր, դասական, ժամանակակից հեղինակային և ջազային երաժշտությունը, ինչպես նաև մատուցում է հայ կերպարվեստի տաղանդավոր ներկայացուցիչների աշխատանքները:
Ցուցադրությունը բաց է մինչև փառատոնի ավարտը՝ հունիսի 22-ը, ամեն օր՝ ժամը 18:00-ից 19:00-ն՝ մինչև համերգների սկիզբը: Համերգի տոմսեր կարելի է ձեռք բերել Կամերային երաժշտության տան տոմսարկղից: Արժեքը 1000-3000 դրամ է:
Այս ֆոտոշարքում ներկայացված է փառատոնի համերգային 5-րդ օրը: Ջազային ծրագրով այդ օրը հանդիսատեսին ներկայացան հայ ժամանակակից ջազ երաժիշտ և դաշնակահար, կոմպոզիտոր, երգիչ Վահագն Հայրապետյանը և սաքսոֆոնահար, ֆլեյտահար, կոմպոզիտոր, գործիքավորող Արմեն Հյուսնունցը:
Հունիսի 21-ին իր «Կոմիտաս. տասը հայտնություն» շարքով հանդես կգա Վահան Արծրունին: Վաղը՝ փառատոնի փակման օրը, կներկայանան «Կարին» անանդական երգի-պարի խումբը՝ Գագիկ Գինոսյանի ղեկավարությամբ և «Նարեկացի» ժող. նվագարանների համույթը՝ Հովիկ Սահակյանի ղեկավարությամբ: Հանդիսատեսը հնարավորություն կստանա հենց տեղում սովորել հայկական ավանդական պարի որոշ շարժումներ:
Կազմակերպիչների խոսքով՝ փառատոնի կարևոր նպատակներից է նաև հայաստանյան մշակութային դաշտում առկա վարչական, իրավաբանական ու նյութական բնույթի բոլոր այն խոչընդոտները հաղթահարելը, որոնք պատնեշներ են ստեղծում արվեստագետների ազատ դրսևորվելու համար:
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել