
Սիրիահայ 29 ընտանիք է ապրում Քաշաթաղում, 40-ը հերթագրված է. վերաբնակեցման համար միջոցներ չկան
«Հետքի» հարցերին պատասխանում է Քաշաթաղի վարչական շրջանի ղեկավար Սուրեն Խաչատրյանը
Պրն Խաչատրյան, ինչպե՞ս է ընթանում Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման գործընթացը:
Ես կարող եմ խոսել վերջին երեք տարիների մասին` ինձ նշանակելուց հետո: Եղել է մոտ 8 հազար բնակիչ, ներկա դրությամբ մոտ 10 հազար բնակիչ կա: 2013թ. 43 ընտանիք է տեղափոխվել` 144 մարդ, շրջանից դուրս է եկել 7 ընտանիք` 22 մարդ, որը բնական է ամեն շրջանում, ամեն տեղում էլ մարդիկ գնում են. մեկն ավելի լավ աշխատանք է գտնում, մյուսն ընտանեկան ինչ-որ խնդիրներ է ունենում: Նորմալ երևույթ է:
Հիմնականում ո՞ր մասում եք բնակեցնում նոր եկողներին` քաղաքային համայնքներում, գյուղերում, թե վարչական կենտրոն Բերձորում:
Մենք խնդիր ենք դրել մեր առջև, որ վերաբնակեցումն ակտիվացնենք հարավային թևում: 2013թ.-ին այդ ուղղությամբ ենք աշխատում: Եվ հնարավորության սահմաններում աջակցում ենք բնակիչներին, շինանյութ ենք տրամադրում մեր բարերարների միջոցով: Փորձում ենք օգնել, որ մարդիկ կայանան, իրենց տները սարքեն, աշխատեն, հողագործությամբ զբաղվեն ու շարունակեն իրենց կյանքը:
Շինանյութը տրամադրում եք ամբողջակա՞ն տան կառուցման համար, թե՞ նորոգման:
Ինձ նշանակելու ժամանակ եղել է շինանյութ ստանալու մոտ 1700 դիմում: Գիտեք շրջանի վիճակի մասին. որ ընդհանուր վերցնես, բոլոր տանիքներն էլ փոխելու են, իսկ հարավային մասում ընդհանրապես տանիք չկա: 3 տարվա մեջ մոտ 300 ընտանիքից ավելի շինանյութ է տրամադրվել: Պետությունը մոտ 150 մլն դրամի շինանյութ է տրամադրում: Գիտեք պետության վիճակը. այսօր էդ է հասցնում: Նախնական հաշիվներով` մենակ մի տանիքի թիթեղը եւ փայտը մոտ 1 մլն դրամ է կազմում: Ունենք բարերարներ, որոնք նույնպես աջակցում են` Թուֆենկյան հիմնադրամը, «Հայրենիք» միությունը, որոնք կառավարության հետ համատեղ կատարում են տվյալ աշխատանքները:
Սիրիահայ քանի՞ ընտանիք է վերաբնակվել Քաշաթաղում:
Մոտ 1.5 տարի առաջ արդեն սիրիահայ ընտանիքներ եկան: Մոտ 29 սիրիահայ ընտանիք ունենք, մոտ 40 ընտանիք էլ հերթագրված են, բայց այսօր տեղ չունենք, որպեսզի ընդունենք: Այդ ընտանիքներից 5-ը ներկայումս ապրում է մեր հյուրատանը: 12-բնակարանանոց շենք սիրիահայերի համար կառուցվում է Կովսականում, որը ֆինանսավորվել է «Օգնիր եղբորդ» ծրագրով: Մոտ մեկ ամսից կավարտենք, մեր խնդիրը կթեթևանա: Երկհարկանի 9-բնակարանանոց շենք ավարտելու ենք Իշխանաձոր համայնքում` «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի միջոցներով: Խնդիրներ շատ են լինում, հիմնականում շինանյութը քիչ է: Այս տարի էլ աղետներ են եղել, չի ստացվում բոլորին շինանյութ տալ, դժգոհություններ են լինում:
Վերաբնակեցված սիրիահայերն ապահովվա՞ծ են աշխատանով:
Սիրիահայերին որքան հնարավոր է տեղավորել ենք աշխատանքի` թե վարչակազմում, թե տարբեր կազմակերպություններում, որ ամեն մի ընտանիք գոնե մի 40-50 հազար դրամ գումար մտնի, գոնե էս մարդիկ ապրեն: Փորձել ենք հիմնականում բոլորին տեղավորենք, նույնիսկ էդ հարցում էլ են ինձանից նեղացել, թե ինչու եմ սիրիահայերին տեղ տալիս: Նույն շինանյութերի հարցով էլ` ասում են սիրիահայերին տուն են տալիս, էս քանի տարի է ապրում ենք, մեզ չեն տալիս, բայց մեծամասնությունը հասկանում է, որ մեր եղբայրներն են, էսա վիճակը, ի՞նչ անենք:
Սիրիահայր ընտանիքները մշտակա՞ն բնակություն են հաստատել, թե՞ ժամանակավոր և հնարավոր է հետ վերադառնան:
Ես ստույգ չեմ կարող ասել. մի քանիսը գիտեմ, որ հիմնական ապրելու են, բայց դե մնացածին չեմ կարող ասել, որ խաղաղություն լինի Սիրիայում` կմնա՞ն, թե՞ կգնան իրենց տները: Չենք կարող մենք իրենց մեզ մոտ պահել: Ինչ պայմաններ կան` մենք փորձել ենք այդ բոլորը տրամադրել:
Աշխատատեղի խնդիր ունի՞ շրջանը, և ի՞նչ մասնագետների կարիք կա Քաշաթաղում
Մենք հիմնականում դրա համար առաջարկում ենք մեր հարավային թևում բնակվել: Բացատրում ենք սկզբում, որ եթե մեխանիզատոր ես, պիտի զբաղվես հողագործությամբ, դաշտերը պիտի ցանես: Հյուսիսային թևում բացատրում ենք, որ անասնապահությունն ու մեղվաբուծությունն է: Սուտ բան չենք ասում բնակչին, որովհետև քաղաքում գիտեք` միայն պետական հիմնարկներն են աշխատում: Այստեղ էլ են հերթեր բոլոր բաժիններում, այստեղ էլ խնդիր կա: Մենք հիմնականում փորձում ենք գյուղերում վերաբնակեցում կատարել, որ մարդիկ զբաղվեն հողագործությամբ:
Հիմնականում մանկավարժների ու բժիշկների կարիք կա գյուղերում, իսկ քաղաքներում հերթ է: Գյուղերում էլի բնակարանային խնդիրն կա, ասենք, մասնագետները` քաղաքում ապրած, պայմաններն էն չեն լինում. ուզում են` տաք ջուր լինի, սառը ջուր լինի, էս է խնդիրը:
Վերաբնակեցման գործընթացում ի՞նչ խնդիրներ են առաջանում:
Հիմնական խնդիրը բնակարանայինն է: Եթե չլինի ընդհանուր հայության աջակցությունը, այս տեմպերով գնալով` 1500 տուն ու սաղ դժգոհություններով. ծանոթին է տալիս, բարեկամին է տալիս: Չեմ կարող բոլորին տալ: Պիտի ծրագիր լինի, և սփյուռքի ողջ հայությունը, մեծահարուստները, որոնք գնում են, չգիտեմ` որ տեղերում հանգստանալու, օգնեն, շինանյութ տան, բաժանենք ժողովրդին: Եթե բնակարանային խնդիրը լուծվի, վերաբնակեցումը նորմալ կընթանա: Աշխատող ժողովուրդ են:
Ճանապարհներին կամաց-կամաց աշխատանքներ տարվում են. փորձում ենք տարին մեկ անգամ տրակտորներ մտցնել հարթեցնել, գրունտային ճանապարհներ են: Եզնագոմեր և Սպիտակաջուր գյուղերում հոսանք չկա, այնտեղ բնակիչները մինի հէկեր են դրել: Այս տարի սկսելու ենք սարքել, որ ընդհանուր հոսանքը միացնենք: Հյուսիսային թևում անցյալ տարի հեռուստաաշտարկը դրել ենք և կապն ենք ապահովել: Հարավային թևում էլ` Կովսականում, հեռուստաաշտարակ է տեղադրվել, աշխատանքներ են գնում: Խնդիրները շատ են, բայց հիմնականը սրանք են:
Որքա՞ն է Քաշաթաղի շրջանի ընդհանուր բյուջեն, և ի՞նչ եք կարողանում անել այդ բյուջեով:
5 մլրդ դրամ է մեր բյուջեն: Ծրագրեր կան բազմազավակների համար: 6 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող և զոհված ազատամարտիկների ընտանիքների համար պետությունը նոր բնակարան է կառուցում: Բյուջեով մոտ 150 մլն դրամի շինանյութ է տրամադրվում բնակչությանը:
Որքա՞ն հող է մշակվում Քաշաթաղում:
Այսօրվա դրությամբ մոտ 20 հազար հա հող է մշակվում` ցորեն, գարի, եգիպտացորեն: Իրացումը հիմնականում ՀՀ-ում է կատարվում` Սյունիքի մարզում: Շատ անմշակ հողեր ունենք Արաքսի ափերին, որոնք լավ կլինի, որ մշակվի:
Բերձորի բնակիչներին ջուր տրամադրվում է երկու օրը մեկ 2 ժամով: Ե՞րբ է լուծվելու Բերձորի ջրի խնդիրը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամը ներքին ցանցի վրա է աշխատում այս տարի: Ծրագրված է, որ ավարտվի ներքին ցանցը, դրանից հետո կլավանա վիճակը: Քանի տարվա խողովակներն են` փտած, վատ, վտանգավոր է բնակչության համար:
«Վիճակը կլավանա»-ն ի՞նչ է ենթադրում, օրական քանի՞ ժամ ջրամատակարարում կիրականացվի:
Դե, գիտեք, մեծ ծախսերի հետ է կապված: Կան բնակիչներ` ծորակները բաց են թողնում եւ մեկի տունը ջուր չկա, մյուսը` միշտ հոսում է: Գոնե սա կկարգավորվի, մի քիչ կտնտեսենք, իսկ հետագայում ընդհանուր ջրի հարցը պիտի լուծվի ինքնահոս եղանակով: Տարբեր ծրագրեր ենք ներկայացրել «Երևան ջրին», եկել են մասնագետները, մեզ հետ աշխատել են համատեղ, չափագրել են, ստուգել են ջուրը, բայց թե երբ, ինչ որոշում կընդունվի, ճիշտն ասած, այսօրվա դրությամբ չկա էդ որոշումը: Անցած տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամը պոմպակայանն է կառուցել, այս տարի ներքին ցանցն են սարքում, այդպես փուլ առ փուլ գնում ենք:
Իսկ ե՞րբ է ավարտվելու գազաֆիկացումը Բերձորում:
Այս տարի ծրագրում չկա: Գազն էլ գնալով թանկանում է: Մենք պիտի գնանք մեր էներգիայի վրա, հէկեր են կառուցում արդեն: Մենք Միջնավանում բրիկետի ցեխ ենք դրել, բրիկետներ ենք արտադրում, որով մեր դպրոցները ջեռուցենք:
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել