
Քաշաթաղի «իսկական» սփյուռքահայ վերաբնակիչը
Քաշաթաղում երբ որևէ մեկին վերաբնակեցված սիրիահայերի մասին հարց ես տալիս, անմիջապես հիշում են Ժիրայրին: Բոլորն են ճանաչում նրան: Օրինակ են բերում թե որպես սփյուռքահայ, թե որպես սիրիահայ, թե որպես աշխատասեր ու հաջողված վերաբնակ: Կովսականցիները Ժիրայրի մասին ասում են նաև, որ նա «իսկական» վերաբնակիչ է, այսինքն` ոչ թե պատերազմից է փախել, այլ պատերազմական գործությունները դեռ չսկսված տեղափոխվեց Քաշաթաղ:
2009 թվականից Ժիրայր Տօնապետեանը Սիրիայի Ղամշլի քաղաքից վերաբնակվեց Արցախի Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում: Զբաղվում է հողագործությամբ` հիմնականում ցորենի ու գարու մշակմամբ: 150 հա վարձակալած վարելահող է մշակում:
Ժիրայրն արհեստավոր է, Սիրիայում էլ հողագործությամբ է զբաղվել: Պատմում է, որ այնտեղ իրենց ձեռքերով ոչինչ չեն արել, իրենք գումար են ներդրել, աշխատողներն արել են ամենը: Իսկ աշխատողները շահագրգռված են աշխատում, քանի որ շահաբաժնի սկզբունքով են բերքը բաշխել: Օրինակ` եթե 100 տ ցորենի բերք են ստացել, 6-ը աշխատակցինն է, դրա համար նրանք էլ են շահագրգռված, որ լավ բերք լինի:
Ժիրայրը խոստովանում է, որ ոչ թե գործերն են վատ եղել, դրա համար է տեղափոխվել Սիրիայից, հակառակը, այնտեղ ամեն ինչ շատ լավ է եղել: Պարզապես հայրենիքում ապրելու ցանկությունն է մեծ եղել:
«Պատերազմն լիներ, թե չլիներ ես եկած եմ որպես բնակվող, որ մնամ այստեղ,- ասում է նա: -Չենք դժգոհած, ոչ սփյուռքում իմ կյանքիս մեջ չենք դժգոհեր. լավ է, վատ է, կսեմ ինչ-որ տա Աստված, էն էլ լավն է: Բայց միշտ ապագային հույսով եմ, որ լավ պիտի ըլլա»,- ասում է Ժիրայրը:
2010-ին Ժիրայրը տեղափոխեց նաև ընտանիքի անդամներին: Ասում է, որ առաջին սփյուռքահայն է, որն ընտանիքով վերաբնակվեց Քաշաթաղում: Իսկ ընտանիքը փոքր չէ, 7 երեխա ունի: «Ամեն երկիր նախագահ ունի: Ամեն ընտանիք ալ նախագահ ունի: Եթե ղեկավարը կամ նախագահը լավ լինի, ժողովուրդը կհետևի իրեն: Ես հիմա ինչ ըսեմ, արդեն կսկսեն քայլել: Ասեմ` էս ջուրը սև է, ուրեմն սև է, ընտանիքի անդամենրը ամմնը կսեն սև է` առանց նայելու: Ես այդպես վարժեցրել եմ, որ երբեք չեն ձգե, որ չեն զգա, որ սխալ կանեմ: Ես միշտ իրենց համար կանեմ, ուրեմն իրենք հետևում են անմիջապես»,- ասում է Ժիրայրը:
Ժիրայրը վարկով տեխնիկա` տրակտոր է առել, գործիքները տեղափոխել է Սիրիայից: Ցորենից ու գարուց զատ այս տարի սիսեռ է ցանել: Ասում է, որ կարելի է նաև սիսեռ մշակել և ուզում է, որ ժողովուրդն էլ սկսի սիսեռի մշակմամբ զբաղվել, քանի որ դրանից էլ կարելի է օգուտ ստանալ: Դրանից բացի` պետք է ամեն ինչ փորձել: Ժիրայրի սկզբունքն է փորձելը, որպեսզի իմանա` ինչն է լավ, ինչն է վատ աճում:
Ժիրայրը նաև ջրդի տարածք ունի, որտեղ ուզում է հատապտուղներ աճեցնել, բայց մոշերից պետք է ազատել, իսկ «այստեղի մարդիկ երբեմն փող ալ կուտաս, չեն ուզենա աշխատիլ»:
Ժիրայրն ասում է, որ ինքն ու իր ընտանիքը շատ են աշխատում: Եղել են դեպքեր, երբ Սիրիայում առավոտ 5-ից մինչև մյուս առավոտ` ժամը 3-ն աշխատել են: Հիմա էլ Կովսականում եթե մարդիկ 2-3 ժամ են աշխատում, իրենք լինում են դեպքեր, երբ 12 ժամ մի հողակտորում են աշխատում, հետո մյուս հողակտորն են գնում: «Այստեղ մարդ չկար, տրակտոր մը չէիր տեսնի, որ աշխատի, բայց հիմա մեզի կնայեն, կտեսնիս` իրենք ալ երբեմն կուշանան` գիշերը 1-2-ը կաշխատին»,- պատմում է Ժիրայրը:
Իսկ Կովսականում, Ժիրայրի խոսքով, ով գալիս է, ուզում է պետական հիմնարկում աշխատել` դպրոցում, հիվանդանոցում, քաղաքապետարանում, հրշեջում, բայց ողջ ժողովուրդը այդ հիմնարկներում չի կարող տեղավորվել, պետք է նաև հողագործությամբ զբաղվի:
«Ինչքան ժողովուրդ շատ վերաբնակվի, այնքան գործ կլինի, այնքան ժողովուրդ կրնա ապրի: Եթե ժողովուրդ չկա, քաղաք չի կարող լինել»,- ասում է Ժիրայրը:
Նրա ավագ որդին Հայոց բանակում է ծառայում: Երեխաներից մեկը ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում է սովորում: Մյուսները դեռ դպրոցական տարիքի են: Երեխաներն այստեղ ուրախ են, այստեղ ազատ է, ասում է Ժիրայրը, իսկ Սիրիայում միշտ շենքերի մեջ են եղել, քիչ շփվել օտարների հետ:
«Հիմքը դրել ենք այստեղ, պիտի մնանք: Մենք որ ուզենք, օրինակ, եվրոպական որևէ տեղ գնալ, հեշտ էր մեզ համար, կրնայինք էրթալ, բայց մենք ընտրել ենք հայրենիքը: Ով որ կերթա, թող էրթա, Աստված հետը, բայց անպայման կարոտով կմնան հայրենիքին: Մենք հայրենիքի մեջն ենք. Լավ է, վատ է, մերն է: Մի օր լավ պիտի լինի, մի օր վատ, բայց կարևորը մերն է»,- ասում է Ժիրայր Տօնապետեանը:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել