
«Պզտիկներուս կռիվեն փախցուցինք»
Առաջին փորձը` զրուցել Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում տեղավորված սիրիահայ ընտանիքների հետ, ձախողվեց: Ասացին` պետք է Քաշաթաղի վարչակազմից թույլտվություն ստանալ կամ տեղեկացնել նրանց, միայն դրանից հետո կհամաձայնեն խոսել: Պատճառաբանեցին, թե նախորդ անգամ, երբ շփվել են լրագրողների հետ, իրենց խոսքերն աղավաղել են և այլ կերպ ներկայացրել:
Քաշաթաղի վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը «թույլտվության» հարցը բացառեց: Ասաց` նման բան չկա և նույն հիմնավորումը բերեց:
Բերձորի այս շենքում սիրիահայ 3 ընտանիք է ապրում:
Իսկ հյուրատան այս շենքում տեղավորվել է 5 ընտանիք: Նրանց հատկացված է մեկական սենյակ: Սանհանգույցը և խոհանոցը ընդհանուր օգտագործման համար է:
Մուրադյանների ընտանիքը Հալեպից 3 երեխաների հետ այս տարի է Հայաստան եկել: Հալեպում թողել են տունուտեղը, փակել դուռը և տեղավորվել Բերձորում: Տիկին Մուրադյանը` Նելլին ասում է` «չեմ գիտեր ինչ է եղել, լուր չունինք տունեն»: «Պզտիկներուս կռիվեն փախցուցինք,- պատմում է Նելլին,- օդեն կը կրակեին, մենք ալ վերջին հարկն էինք, պզտիկներս վախի մեջն էին, եկանք հոս»:
Ամուսինը` Ջորջ Մուրադյանը Բերձորի ջրմուղում մեխանիկ է աշխատում: Ընդմիջման ժամին տուն է եկել. Մուրադյանների ընտանիքը խոհանոցում եփված կերակուրը տեղափոխում է առանձնասենյակ` ճաշելու:
Նելլին ասում է` «հոս ալ լավ է», միայն մի բան է պակասում. Բերձորի կենտրոն հասնելու համար դժվար է իրենց համար բարձրանալ ոտքով այդ թեքության ճանապարհը. «Մեկ բանմը կխնդրեմ մեր կառավարությունեն. սերվիս ըլլա, օթո (մեքենա) ըլլա, գոնե ամմեն ժամը մեկ անգամ, որ բարձրանանք: Մենք ասանք չենք սովորած, հոնտեղը ամմենը շիտակ է, ուղիղ է»:
Բերձոր բարձրացող տրանսպորտ կա, բայց որոշակի ժամերի: Նելլին ասում է, որ դա շատ քիչ է:
«Ձեր նման շատերն եկան անցան, բայց օգուտ մը չունեցանք: Մեզի բնակարան չեն տա: Խնամքը լավ է, սենյակը տվել են, կսեն` դուք տունի իրավունք չունիք, պիտի բարերար մը գա, ձեզի տուն սարքե»,- ասում է դերձակ Սեպուհ Քեշիշյանը: Նրան հյուրատանը հատկացվել է 1 փոքր սենյակ, սակայն թե ինչպես է լուծվելու տան հարցը, դեռ չգիտի:
Հյուրատանն ապրող 2 ընտանիք մտադիր է վերադառնալ Սիրիա հենց մի փոքր խաղաղվի և հնարավորություն ստեղծվի:
Քաշաթաղի շրջանում 29 սիրիահայ ընտանիք է ապրում: Շուրջ 1 ամսից կավարտվի սիրիահայերի համար Կովսականում կառուցվող12-բնակարանանոց շենքի շինարարությունը: Երկհարկանի 9-բնակարանանոց շենք կառուցվում է նաև Իշխանաձոր համայնքում:
Առանձին տներ կառուցվում են նաև Բերձորում:
40 ընտանիք հերթագրված է Քաշաթաղում, բայց շրջանը տեղ և միջոցներ չունի նրանց ընդունելու համար:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել