HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատգամավոր Քոքոբելյանի նոր բիզնեսը և սպասվող 15 հատ ծառը

Մեծ պաշտոնյաների փոքր հէկերը-13 

Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը նոր փոքր հիդրոէլեկտրակայան է կառուցում: 

Մեր հարցման պատասխանում ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտնել է, որ «Էներջի կոկ» ՍՊԸ-ի կողմից (որը պատգամավոր Քոքոբելյանի ընտանիքինն է,  Խ. Քոքոբելյանը չժխտեց, որ հէկն իրենք են կառուցում - հեղ.) ԲՆ փորձաքննության է ներկայացվել աշխատանքային նախագիծ: «Խաչաղբյուր» փհէկի աշխատանքային նախագծին դեռևս 2009-ի սեպտեմբերի 1-ին  տրվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացություն: Այդ եզրակացությունից անցել է արդեն ավելի քան 4 տարի: Այն ժամանակ դեռ տրված չէր Պաղջուր գետի վրա «Մեգաէներջի» ընկերության կողմից կառուցվող «Խաչաղբյուր-2» հէկի լիցենզիան, հանրային լսումներ ասվածը ձևական բնույթ էր կրում:  

Գետահովիտ համայնքում գյուղամիջում հավաքվածներից որևէ մեկը չհիշեց, թե երբևէ Քոքոբելյանի կողմից կառուցվող նոր հէկի համար հանրային լսումներ անցկացված լինեն, չնայած Գետահովիտի գյուղապետ Արթուր Ղազարյանը հաստատեց, որ բոլոր փաստաթղթերն էլ ունեն, և ամենը դեռևս տարիներ առաջ է արվել: Արթուր Ղազարյանը, սակայն, նշեց, որ հէկը կառուցում է «Քարեվարդ» ՍՊԸ-ն: Բնապահպանության նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանն էլ ճշտելուց հետո Գետահովիտի երրորդ հէկը վերագրեց «Մեգաէներջի» ՍՊԸ-ին: Սակայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի Իրավաբանական և լիցենզավորման վարչության պետ Հմայակ Ամիրաղյանը հաստատեց, որ «Էներջի կոկ» ընկերությունն է ստացել հէկի լիցենզիան:  

Խաչատուր Քոքոբելյանի հետ սեպտեմբերի 9-ին ողջ օրը զրուցել չհաջողվեց: Նախ ասաց, թե զբաղված է` զանգահարենք 16:00-ից հետո, այդ ժամին զանգահարեցինք, ասաց` կրկին զբաղված է և  խոստացավ հաջորդ օրը մինչև կեսօր անպայման զանգահարել, սակայն մինչ այս պահը նա չի զանգահարել: Պատգամավորի հետ կարճատև զրույցում խնդրեցինք որևէ երկրորդ անձ մատնանշել, որի հետ կկարողանանք հէկի մասին զրուցել: Ասաց, որ այդ հարցերին միայն ինքը կկարողանա սպառիչ պատասխաններ տալ: Հիշեցնենք, որ «ԱԺ կանոնակարգ օրենք»-ի պատգամավորի գործունեության սահմանափակումներ բաժնում (Հոդված 9.1.) հստակ ասված է, որ պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Սակայն, ըստ ամենայնի, Խաչատուր Քոքոբելյանն անձամբ է կառավարում և վերահսկում իր բիզնեսը, այդ պատճառով որևէ մեկը, իրենից բացի, չի կարող պարզաբանումներ տալ:  

Կառուցվող  փոքր հէկի շինհրապարակը

Ըստ ԲՆ փորձաքննության եզրակացությունում տեղ գտած տվյալների` Խ. Քոքոբելյանի նոր հէկն աշխատելու է 4 հիդրոագրեգատներով` 1292 կվտ ընդհանուր հզորությամբ: Նախատեսված է 1 100 լ/վրկ բնապահպանական թողք: Շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը հնարավորինս կանխելու և նվազեցնելու համար հէկի շենքի կառուցումից հետո նախատեսված է հարթեցնել տարածքը, բարեկարգել, ցանկապատել և կանաչապատել: Նախատեսվում է տվյալ տեղանքում աճող 15 հատ ծառ տնկել: Բացի այդ` նախատեսվում է հէկի շենքի մոտակայքում իրականացնել կանաչապատում` 450 քմ մակերեսով: Կանաչապատման և բարեկարգման գումարային ծախսը կազմում է 830 հազար դրամ, իսկ բնապահպանական միջոցառումների համար ընդահանուր ծախսը` 7 մլն 100 հազար դրամ: Եվ նախագծի «ամենակարևոր» մասը` անձնակազմի համար նախատեսված են բիոզուգարաններ: 

Սրանք թվեր են, որոնք սովորաբար ներկայացվում են նախագծերում, և որևէ կառույց չի ստուգում և վերահսկում, թե քանի ծառ «տապալվեց» 1430 մ խողովակ դեպի հիդրոհանգույց տանելու ճանապարհին, և արդյոք կատարվե՞լ են ծառերի տնկման  խոստումները, թե՞ ոչ: 

Հիշեցնենք, որ Պաղջուր գետի վրա արդեն իսկ գործում է Քոքոբելյանների ընտանիքի առաջին փոքր հէկը: 

Քոքոբելյանների գործող հէկի շենքը
Ջրընդունիչ հանգույցը
Ջրընդունիչ հանգույցից Պաղջուրը երկու խողովակով իջնում է դեպի գլխամասային կայան, իսկ գետի հունով հոսում է բնապահպանական թողքը

Սա ձկնուղին է, որտեղից տեսականորեն պետք է ձկները բարձրանան կամ իջնեն

Ավելի վերև լայն թափով ընթանում են նաև «Խաչաղբյուր-2»-ի շինարարական աշխատանքները, որի կառուցման դեմ տևական պայքար մղեցին գետահովիտցիները բնապահպան ակտիվիստների հետ համատեղ: «Մեգաէներջի» ՍՊԸ-ն է իրականացնում այդ հէկի կառուցումը, որը նույնպես պատկանել է Խաչատուր Քոքոբելյանին, սակայն հետագայում պատգամավորն իր բաժնեմասը վաճառել է ոմն Գեղամ Աղաջանյանի: 

«Խաչաղբյուր-2»-ի շինհրապարակը

Գետահովիտ գյուղը ծովի մակերևույթից բարձր է 700 մ: Համաձայն շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացության` 656 մ բարձրությունից սկսվելու են Քոքոբելյանի նոր հէկի խողովակները, դրանք կավարտվեն 725 մ բարձրության վրա` ջրընդունիչ գլխային հանգույցում: 

Ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալների` 731 մ բարձրությունից սկսվում են Քոքոբելյանի երկրորդ հէկի խողովակները, դրանք ավարտվում են 850 մ բարձրության վրա: Իսկ 860 մ բարձրությունից ձգվելու են «Մեգաէներջիի» հէկի խողովակները և ավարտվելու են 1050 մ բարձրության վրա: 

Մեկ այլ ընկերություն ևս` «ԱԹՎԱ» ՍՊԸ-ն, 2011-ին ստացել է Պաղջուր վտակի վրա «Խաչաղբյուր-3» և «Խաչաղբյուր-4» փհէկեր կառուցելու ջրթույլտվություններ: «ԱԹՎԱ» ՍՊԸ-ն «Ջրմուղկոյուղու» նախկին գլխավոր տնօրեն, Հայաստանի տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի խորհրդական Արբեն Ղուլյանինն է:  Վերջինս «Հետքի» հետ զրույցում նշել էր, որ իր հէկերը լինելու են շուրջ 1400 մ բարձրության վրա: 

Այս թվերը ցույց են տալիս, որ գյուղից ներքև կառուցվող հէկից Պաղջուր գետը առավելապես կմտնի խողովակների մեջ, և գետահովիտցիները գետից օգտվելու հնարավորություն գրեթե չեն ունենա, եթե հէկի սեփականատերերը որոշեն բնապահպանական ելքն էլ փակել և այն օգտագործել հէկի հզորության համար: Իսկ Հայաստանում գործող հէկերի մեծ մասը հենց այդպես էլ անում է: 

Գետահովիտ գյուղը

Բնապահապանների և գետահովիտցիների ջանքերը` կանխելու «Մեգաէներջիի» «Խաչաղբյուր-2» հէկի շինարարությունը, ոչ մի արդյունք չտվեցին: Այսօր իրականությունը փոխվել է, գետահովիտցիները այլեւս չեն բողոքում: Նրանց հետ առանձին զրույցներից հասկանալի է, որ բոլորը դեմ են հէկերի կառուցմանը, բայց ոչ ոք չի կարող հրապարակային ասել այդ մասին: Նրանք վախենում են: Պայքարող գյուղացիներն ընկրկել են: Խոսել հէկերի մասին  այլևս չեն ուզում: Պայքարելն անմիաստ են համարում: 

Գյուղացիներից մի քանիսն ասում են` գետահովիտցիներին վախեցրել են, մյուս մասն էլ ասում է` գնել են: Իսկ շինարարությունը շարունակվում է: Գետահովիտցի  մի կին իր լուծումն է առաջարկում. թող ցամաքն էլ մտցնեն խողովակի մեջ, վերջանա գնա:  

Տավուշի մարզի բնության մի չքնաղ հատված ոչնչացվում է: Դրան նպաստում են պետական զանազան կառույցներ` ի դեմս բնապահպանության նախարարության: Վերջինիս օժանդակում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, համայնքների ղեկավարները: Պաղջուր գետը դանդաղ, բայց հաստատուն ճանապարհով տեղավորում են խողովակների մեջ: Իսկ դա նշանակում է գետի շրջակա բուսական և կենդանական աշխարհի ոչնչացում:

Մեկնաբանություններ (4)

Մարտիկ
Բա ասում եք լատինատառ մեկնաբանությունները չեք հրապարակի, ինչի՞ եք հրապարակել։
karen m.
[email protected]?????????????? ba da @nddimutyun cher???????? ba orenqic cher xosum da???????????????????????
od u jur
Jrern el irar mej arezin, mnaz [email protected] Hayer paxeq qani der odi [email protected] chen poxel.
kamo
poqr hek-eri [email protected] het e mnacel arnvazn 50 tarov. nranc artadrac [email protected] voch mi parametrov chi hamapatasxanum jamanakakic elektronayin sarqeri pahanjnerin.lavaguyn depqum ayd hosanqov kareli e lusavorel [email protected] ,ete dranq der kan. vorpeszi hnaravor lini ogtagorcel poqr HEK-i [email protected] ayn petq e miana hanrapetakan cancin ,vortex [email protected] kargavorvum e atomakayani ev xoshor JEK-eri mijocov. aysinqn stacvum e vor poqr HEK ir artadrac xlam, voch pitani [email protected] xarnum e @ndhanur katsa poxaren stanalov barcrvorak hosanql ekamut, isk vorakyal hosanq [email protected] en chnchin ekamut. karcum em vor aranc xosor korupciayi energetikayi [email protected] ays [email protected] cher handurji. chgitem inchu ays karevor [email protected] durs e mnum energetikayi masnagetneri tesadashtic, che, vor petbyujeic hskayakan mijocner e tzaxsvum normal el. hosanq artadrelu vra. aysinqn ayd mijocneri mi zgali masn el vatnvum e poqr HEK artadrac xlam [email protected] kargavorelu ev iracnelu vra.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter