
Հովիկ Աբրահամյան. «Մաքսային միության հիմքում դրված է Հայաստանի շահը»
Այսօր Ազգային ժողովում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելուն, ասաց, որ որևէ մեկը չի ստիպել Հայաստանին, որպեսզի միանա Մաքսային միությանը:
«Մաքսային միությանը միանալուց հետո պետք է սկսվի մեծ գործընթաց, պետք է քննարկվեն պայմանագրերը, ձևաչափերը, փաստաթղթերը: Ամեն ինչ պետք է բխի մեր երկրի շահերից, մենք պետք է ունենանք մեր շահը: Մենք դեռ չգիտենք, թե ո՞րն է լինելու այդ շահը: Մենք շարունակելու ենք բանակցել Մաքսային միության հետ, որովհետև Մաքսային միության հիմքում դրված է Հայաստանի շահը»,- ասաց Հ. Աբրահամյանը:
Նա նաև նշեց, որ Հայաստանը շարունակելու է աշխատանքը Եվրամիության հետ: «Ռուսասատանը երբեք չի ասել, որ մենք չենք կարող հարաբերություններ զարգացնել Եվրամիության հետ: Մենք անկախ երկիր ենք, իշխանություն, որը որոշում է իր արտաքին քաղաքականությունը»,- նշեց ԱԺ նախագահը: Նրա ասելով՝ իրականությանը չի համապատասխանում այն տեղեկատվությանը, թե բանակցությունների սեղանին դրված է եղել ԼՂ հարցը:
Հ. Աբրահամյանը նշել է նաև, որ Մաքսային միության անդամակցությունից կարող են հրաժարվել, եթե նպաստավոր փաստաթուղթ չլինի: «Մենք գերի չենք, եթե լավ փաստաթուղթ չեղավ, մենք չենք ստորագրի, դա նախնական փաստաթուղթ է, նորից եմ ասում, կարող է լինի փաստաթուղթն ու Ազգային ժողովը չքվերակի»,- ընդգծեց ԱԺ նախագահը:
Նա խոսեց նաև Եվրամիության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի երեկվա հայտարարության մասին: «Եթե ինքն ասում է, ինքը չի ուզում, դա իր գործն է: Իրենք ասել են, որ կան հակասություններ, մենք կքննարկենք, միգուցե հակասությունները վերացվեն, կյանքը ցույց կտա, ժամանակը ցույց կտա: Մենք ուզում ենք, որ մեր երկիրը զարգանա, առաջ գնա»:
Մեկնաբանել