HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արթուր Նալբանդյան. «Կադրային ոչ ճիշտ քայլերը կարող են ԼՀԿ-ի արտադրության վրա ազդել»

Երեկ տեղեկացրել ենք, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը դադարեցրել է աշխատանքը:

«Հետքի» հարցերին պատասխանում է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը

-Ի՞նչ գնահատականներ կտաք Լոռու մարզի արդյունաբերությանը: Տեղյա՞կ եք, թե ինչ է կատարվում Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում և Վանաձորի «Պրոմեթեյ Քիմպրոմ» ՓԲԸ-ում:

-Մարզի արդյունաբերական տեմպերը այնքան էլ մեզ չեն գոհացնում: Հատկապես Վանաձոր քաղաքը խորհրդային տարիներին լուրջ արդյունաբերական կենտրոն է եղել: Հիմա գրեթե ողջ արդյունաբերությունը այստեղ դադարեցված է: Մենք մեծ հույսեր էինք կապում «Պրոմեթեյ Քիմպրոմ» ՓԲԸ-ի հետ, բայց ընկերության վերականգնման տեմպերը դանդաղում են: Հատկապես վերջին ամիսներին «Պրոմեթեյ Քիմպրոմ»-ում աշխատավարձի լուրջ պարտքեր են կուտակվել, խոսքը գնում է 3-4 ամիսների աշխատավարձի մասին: Բացի աշխատավարձի պարտքերը՝ ընկերությունն ունի նաեւ գազի եւ էլեկտրաէներգիայի պարտքեր: Խոսքը շատ մեծ գումարների մասին է, որը եթե չեմ սխալվում, արդեն դատաքննությունների փուլում է: Բնականաբար, այս պրոցեսները խանգարում են ընկերության բնականոն ընթացքին:

Այսուհանդերձ ընկերությունը ջանքեր է թափում պարտքերը, եթե ոչ ամբողջությամբ, գոնե կիսով չափ մարելու համար: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի գործարանը աշխատեցնել և ինչ որ չափով հունի մեջ գցել: Ընկերության վերականգնման տեմպերը մեզ չեն գոհացրել դեռ նախորդ տարվանից, իսկ «Պրոմեթեյ Քիմպրոմ»-ի տնօրինությունը մինչև օրս մեզ սպառիչ պատախան չի կարողանում տալ, անընդհատ սպասողական վիճակում ենք:

Այս պահին մարզկենտրոնի տնտեսական ոլորտում շեշտը դրված է թեթև արդյունաբերության վրա: Մեծ թափով աշխատում է «Գլորիա» կարի ֆաբրիկան, որտեղ աշխատողների թիվը հասնում է 1000-ի: Կան նաև կարի այլ փոքր արտադրություններ, որոնք մտնում են եվրոպական շուկա: Արդյունաբերության այս վիճակը լարվածություն է ստեղծում մարզկենտրոնի բնակչության սոցիալական կյանքում:

-Ի՞նչ կասեք Ախթալայում ստեղծված վիճակի մասին:

-Ախթալայի ԼՀԿ-ում վերջին ամիսներին կատարված կադրային փոփոխությունները նույնպես մեզ անհանգստացնում են: Սկզբից մտածում էինք, որ ԼՀԿ-ում կադրային փոփոխությունները հիմնականում արվում են արտադրության մեջ դրական տեղաշարժ ապահովելու համար: Բայց բանից պարզվում է, ըստ լուրերի, չգիտեմ այդ լուրերը որքանով են հավաստի, դրանք ընկերութայն ներքին խոհանոցի լարվածության արդյունք են:

Անկեղծ ասած, մեզ ավելի շատ հետաքրքրել է ԼՀԿ-ի արտադրության ապագան, այլ ոչ թե ներքին խմորումները: Դրա համար մինչև հիմա մենք չենք միջամտել: Բայց ահազանգ ունեցանք, որ ընկերության կադրային ոչ ճիշտ քայլերը կարող են ԼՀԿ-ի արտադրության վրա ազդել` ընդհուպ մինչև կոմբինատի աշխատանքների դադարեցումը: Այս դեպքում վտանգվելու է 600 աշխատողների աշխատանքի խնդիրը, խաթարվելու է նրանց ընտանիքների սոցիալական կյանքը: Այս պատճառով մենք ԼՀԿ-ում ոսումնասիրություններ կկատարենք: Մեկ շաբաթվա ընթացքում ավելի կոնկրետ իրավիճակային պատասխաններ կստանանք հենց ընկերության սեփականատերերից: Կպարզենք, թե նրանք առաջիկայում ինչ քայլեր են ձեռնարկել, կանդրադառնանք ոչ վաղ անցյալում իրենց հետ ԼՀԿ-ի շատ լուրջ բնապահպանական պարտավորությունների կատարման հետ կապված մեր պայմանավորվածություններին` նաև սեփականատերերի կողմից ԼՀԿ-ում ներդրումների վիճակին:

Ընկերությունը մեզ հետ պայմանավորվածություններ ունի նաև արտադրության՝ կյանքի համար վտանգավոր աշխատողների աշխատանքային պայմանները բարելավելու գործում: Ցավոք, «Մեթըլ Փրինս»-ի սեփականատերերը մեր պայմանվորվածությունները մոռացել են: Եվ որպեսզի դա հստակեցնենք, մենք մոտ շաբաթ նրանց հետ կաշխատենք և բոլոր հարցերի պատասխանը կտանք հանրությանը:

-Պարոն մարզպետ, Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի տնօրինությունը արգելում է լրագրողների մուտքը ջարդման արտադրամաս, իսկ վերջինիս աշխատողները ահազանգում են այնտեղ իրենց առողջությանը սպառնացող աղետալի վտանգների մասին: Ինչպե՞ս կարող ենք լինել այդ տեղամասում:

-Անկեղծ ասած, Ձեզնից եմ լսում, որ տնօրինությունը արգելում է լրագրողների մուտքը ջարդման արտադրամաս: Ինձ համար էլ գաղտնիք չէ, որ ջարդման արտադրամասում աղետալի վիճակ է: Մենք ընկերությունից ժամանակացույցով պահանջել ենք ջարդման արտադրամասում նորմալ աշխատանքային պայմաններ ստեղծել: Նորից եմ կրկնում՝ ես դժվարանում եմ Ձեր որոշ հարցերին պատասխանել, մեկ շաբաթվա ընթացում մենք ամեն ինչ կպարզենք: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter