HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչո՞ւ քրեական պատասխանատվության չի ենթարկվում Արշալույս Փայտյանը

Այսօր Ազգային ժողովում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը հարց ուղղեց Սերժ Սարգսյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրված զինդատախազ Գևորգ Կոստանյանին:

«Զինված ուժերի շտաբի պետի տեղակալ Արշալույս Փայտյանը, որն, ըստ էության, ստորագրել էր մատակարարման մասին անհրաժեշտ փաստաթղթերը, այդպես էլ քրեական պատասխանատվության չի ենթարկել: Այն դեպքում, որ դա ակնհայտ կոռուպցիոն գործարք է, քանի որ Փայտյանը Օհանջանյանից պարտքի անվան տակ վերցրել էր 200.000 դոլար: Հարցս հետևյալն է՝ ինչպե՞ս կբացատրեք Ձեր կողմից, այդ, մեղմ ասած, հանդուրժողական վերաբերմունքը Արշալույս Փայտյանի նկատմամբ»,- դիմեց պատգամավորը Կոստանյանին:

Վերջինս նախ նշեց, որ ինքը «անկեղծորեն մի քիչ ձեռնպահ կմնա» խոսել մի երևույթի մասին հասարակության անունից, քանի որ դա համարձակ քայլ է: «Ես կարծում եմ՝ գոմեշի մսին ուղղված արտահայտությունը ինչ-որ գեներացված գնահատական է, որովհետև մենք խոսում ենք սովորական, դասական խարդախության մասին, և ոչ թե գոմեշի մսի մատակարարումն է ինքնին մեծ իրադարձություն կամ մեծ հանցագործություն, այլ դա ընդամենը խարդախություն է, որ տավարի մսի փոխարեն մատակարարել են գոմեշի միս: Նույն հաջողությամբ եթե խոզի մսի փոխարեն մատակարարեին տավարի միս, մենք էլի կունենայինք նույն դասական խարդախությունը, այսինքն՝ խնդիրը ոչ թե գոմեշի մսի մատակարման մեջ է, այլ հանցավոր բնույթը նրանում է, որ տավարի մսի արժեքի դիմաց մատակարարվել է ավելի ցածր արժեքով գոմեշի միս»,- նշեց Գ. Կոստանյանը:

Նրա խոսքով՝ նման գործերը բարդ են ապացուցողական տեսակետից: Նշյալ գործով քրեական գործը հարուցվել էր մարտ ամսին, մինչդեռ միայն հուլիսին են կարողացել ունենալ ապացուցողական բավարար բազա՝ մեղադրանք առաջադրելով Կապանի մսի կոմբինատի տնօրեն Ալբերտ Օհանջանյանին:

Գլխավոր դատախազին ի պատասխան՝ Լյուդմիլա Սարգսյանն ասաց. «Պարոն Կոստանյան, հարցս հիմնականում վերաբերում էր Փայտյանին, որին Դուք այդպես էլ անդրադարձ չկատարեցիք: Դուք կարծում եք, որ Ձեզ համար Փայտյանի մասնակցության չափը հստակ չէ՞»: «Ես փորձեցի անուն չնշել: Ցանկացած անձ, ով ներգրավված է այդ գործի մեջ, պատասխանատվության ենթարկվելու է, և հիմա Դուք խոսում եք Փայտյանի մասին, որովհետև միայն դա է մամուլում շրջանառվում, բայց քրեական գործում կան նաև այնպիսի հանգամանքներ, որոնց մասին Դուք չգիտեք, դրա համար չեք խոսում,- պատասխանեց Գ. Կոստանյանը՝ ավելացնելով,- կոնկրետ Փայտյանի մասով կարող եմ ասել, որ այն հանգամանքը, թե մամուլում ինչ է տարածվել, դա դեռևս բավարար չէ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու համար: Քրեական պատասխանատվության ենթարկելու համար պետք է լինեն բավարար ապացույցներ: Քրեական գործը դեռևս շարունակվում է»:

Մեկնաբանություններ (1)

Arto
Боятся наверно. Дорогие ищите виновных повыше, а не от нас по вашему говоря (великолепной четверки). Господин Серж Азатович, Вам докладывают совсем другое об этом деле. Виновные продолжают накапливать свои грязные деньги. Мы с нетерпением ждем правосудия и представим наших доказательств о невиновности, которые даже во время предьявления санкции не хотели слушать судьи. Надеемся, что в нашей Республике еще осталось немного совести у чиновников

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter