
Արամ Մուղալյանի իրական հանցանքը
Ինչպես հայտնի է, Երևանի պետական համալսարանը գերազանցությամբ, իսկ ապա` Քեմբրիջի համալսարանը ավարտած Արամ Մուղալյանը արդեն 6-րդ ամիսն է, ինչ պահվում է անազատության մեջ` ուրիշի գույքի (խոտի դեզի հակը) ոչնչացման և խուլիգանության մեղադրանքներով: Ի հեճուկս Քրեական դատավարության օրենսգրքի ու հասարակության պահանջի՝ նրա խափանման միջոցը չի փոխվում:
Այստեղ հարց է առաջանում. ինչո՞ւ իրականում նախաքննություն իրականացնող մարմինն ու դատարանը չեն փոխում Մուղալյանի խափանման միջոցը, օրինակ, գրավի դիմաց ազատ արձակմամբ: Ո՞րն է այդ տղայի և իր երեք ընկերների իրական «հանցանքը»:
Քանի որ 36 հազար դրամի վնաս հասցնելու մեջ կասկածվողներին 6 ամիս բանտում չեն պահում, ակնհայտ է, որ երիտասարդները ունեն այլ՝ ոչ պաշտոնական մեղք:
Պաշտպանվելու իրավունքից են օգտվել
Խափանման միջոցը փոխելու փաստաբանների միջնորդություններից մեկի քննարկման ժամանակ դատախազը ասել է, որ Արամ Մուղալյանը, ցուցմունք տալուց հրաժարվելով, խոչընդոտել է նախաքննությանը… Այնինչ, մեղադրյալի կողմից ցուցմունք տալուց հրաժարվելը Սահմանադրությամբ և ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված նրա իրավունքն է, որի իրացման համար, կարծես, անձին չպիտի «պատժեն»:
Այսինքն՝ տպավորություն է ստեղծվում, որ քննիչն ու դատախազն այն կարծիքի են, որ անձին կարելի է չկալանավորել միայն այն դեպքում, երբ անձը հնազանդորեն ընդունում է իր գլխին սարքվող մեղքերը:
Կաշառք չեն տվել
Մարզային ոստիկանությունների մեծ մասը սովորել են համեմատաբար ապահով մարդկանցից կաշառք «քամել»: Եվ, իհարկե, տնօրենի պաշտոն ունեցող, «BMW» վարող ու Երևանի կենտրոնում ապրող Մուղալյանից լավ «որս» արմավիրցի ոստիկանները դժվար թե ունենային:
Խորապես համոզված եմ, որ իրեն բազմիցս առաջարկել են կաշառքով ազատվել, սակայն ակնհայտ է, որ Մուղալյանը (իր ընտանիքը) հրաժարվել է անմեղ մարդուն ազատելու համար կաշառք տալուց, ինչով զայրացրել է նախաքննություն վարողներին:
Կասկածի տակ են դրել քննիչի անձեռնմխելիությունը
Ինչպես պարզվեց, քրեական գործում բազմաթիվ «կեղտոտ ապացույցներ» կան: Հատորների մեջ էջեր են ավելացվել, վկաների ցուցմունքները փոխվել են ի վնաս մեղադրյալների, իսկ վերջիններիս վրա ճնշում է գործադրվել:
Բայց Քեմբրիջի շրջանավարտը սուս ու փուս մնալու փոխարեն այդ մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայություն և դրանով իսկ փորձել է խախտել քննիչի` գործ սարքելու համար ունեցած անձեռնմխելիության չգրված իրավունքը:
Ու թեև հատուկ քննչականը ջանքեր ծախսեց քննիչի վրա գործ չհարուցելու համար, միևնույնն է, Մուղալյանին պետք է պատժել` քննիչի անձեռնմխելիությունը հարցի տակ դնելու համար:
Հ.Գ. Ակնհայտ է, որ յուրաքանչյուրս կարող ենք հայտնվել սխալ պահին սխալ վայրում… Բայց մեզանից ոմանք կաշառք կտան ու գլուխները կփրկեն, իսկ ոմանք կորոշեն օրենքի ուժով պաշտպանվել` արժանանալով Մուղալյան Արամի և իր ընկերների ճակատագրին:
Մեկնաբանություններ (9)
Մեկնաբանել