HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Երազանքը միայն Ղարաբաղը չէր»

Այսօր «Մեդիամաքս» մեդիա ընկերությունում ներկայացվել էր «Շարժում 1988/25» գիրքը, որը նվիրված է Ղարաբաղյան շարժման 25-ամյակին: Գիրքը հրատարակվել է «Մեդիամաքսի» նախաձեռնությամբ և «Ղարաբաղ տելեկոմի» հովանավորությամբ: Գրքում տեղ են գտել Շարժման մասնակիցներից Աշոտ Միրզոյանի, Վազգեն Մանուկյանի, Աշոտ Մանուչարյանի, Ռոբերտ Քոչարյանի, Դավիթ Շահնազարյանի, Սոս Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի, Վանո Սիրադեղյանի, Աննա Իսրայելյանի, Տիգրան Հակոբյանի, Զավեն Խաչիկյանի և մի քանի այլ մասնակիցների մասին նյութեր:

Մեր հարցին, թե ինչով է պայմանավորված մասնակիցների այս ընտրությունը, «Մեդիամաքսի» տնօրեն Արա Թադևոսյանը պատասխանեց. «Փորձել ենք հնարավորինս մեծ սպեկտր վերցնել, բնականաբար, խոսել ենք «Ղարաբաղ» կոմիտեի անդամների հետ՝ Վազգեն Մանուկյանի, Աշոտ Մանուչարյանի հետ: Սակայն մեզ չհաջողվեց խոսել Լևոն Տեր-Պետրոսյանի, Իգոր Մուրադյանի, Բաբկեն Արարքցյանի հետ, բայց Իգոր Մուրադյանը կա գրքում: Ինձ համար ամենաարժեքավորն առաջին պատմությունն էր՝ շեփորահար Աշոտ Միրզոյանի պատմությունը, ում բոլորը Շեփոր Աշոտ էին ասում, որը, կարծես, կենդանի խորհրդանիշն էր Շարժման, և մեզ հաջողվեց գտնել նրան: Նա բնակվում է ԱՄՆ-ում, բայց մի քանի ամսով Հայաստան էր եկել, և մենք կարողացանք հանդիպել նրա հետ»:

Միջոցառումը դեռ նոր էր սկսվել, երբ ուշագրավ պահ ստեղծվեց սրահում. Շարժման մասնակիցներից Վազգեն Մանուկյանը (այժմ՝ Հանրային խորհրդի նախագահ), խոսելով այլ մասնակիցների մասին, Պարույր Հայրիկյանի անվան փոխարեն երկու անգամ շեշտեց Պարույր Սևակի անունը, ինչը ոմանց մոտ մեղմ ժպիտ առաջացրեց:

«Ցավոք սրտի, ես չեմ տեսնում, որ այս 25 տարվա պատմությունը ամբողջությամբ, լրիվ ճշմարիտ ներկայացվել է որևիցե տեղ: Սա փորձերից մեկն է: Եվ ես այդ պատմությունը կբաժանեի երկու մասի՝ մեկը, որ ինձ իսկապես շատ է հուզում, այն գաղափարական, փիլիսոփայական սկզբունքներն էին, Խորհրդային Միության այն համաշխարհային ալիքն էր, որը ստեղծեց վաղուցվանից սպասվող մի ալիք, և ինչպես ազդեց Սովետական Միության և համաշխարհային պատմության վրա: Եվ կա զուտ մարդկային մասը, թե ով ինչ ասաց, ով ինչ արեց, որը բավականին հետաքրքիր է»,- ասաց Վ. Մանուկյանը:

Գրքի մասնակիցներից լրագրող Աննա Իսրայելյանը, ով Ղարաբաղյան շարժման ժամանակ ուսանող ակտիվիստներից էր, նշեց, որ Շարժման տարիներն իր կյանքի ամենալուսավար ժամանակաշրջանն էին՝ չնայած իր փոքր դերակատարմանը: «Երբ հարցազրույց էի տալիս «Մեդիամաքսին», ինձ թվում էր, թե այն ժամանակ երբևէ չենք վերապրի եղբայրության համընդհանուր սիրո մթնոլորտը, որ կար այդ տարիներին, բայց հուրախություն ինձ՝ կարող եմ ասել, որ նման ինչ-որ բան տեսա ամռանը, երբ «Free car» ակցիայի հայտնի իրադարություններն էին, երբ մարդիկ իրար տեղափոխում էին հանուն ինչ-որ բանի»,- նկատեց Ա. Իսրայելյանը՝ ավելացնելով, որ այսրօր կրկին արդիական է դառնում 90-ական թթ. Վանո Սիրադեղյանի կողմից հնչեցված միտքը, որ մեզ դեռևս չի հաջողվում առաջին քայլն անել առանց Ռուսաստանի նկատմամբ սարսափը ժողովրդի միջից հանելու: «Շատ եմ ցավում, որ 90-ական թթ.-ի այս հարցադրումներն արդիական են»,- ավելացրեց Ա. Իսրայելյանը:

Գրքի մասնակիցներից Տիգրան Հակոբյանն էլ նկատեց, որ շատ քիչ ժամանակ է անցել Շարժումից, որպեսզի կարողանանք օբյեկտիվ և ծավալուն գնահատական տալ Շարժմանը: «Ես չէի ուզենա, որ մենք ամբողջ ճշմարտությունը իմանայինք Շարժման մասին, ինչպես չգիտենք ճշմարտությունն առաջին հանրապետության, Տիգրան Մեծի մասին: Դա պետք է մի քիչ գեղեցիկ առասպել, լեգենդ մնա մեզ համար»,- ասաց Տ. Հակոբյանը: Նրա ասելով՝ իր և շատերի համար Շարժումը սրբազան էր, չնայած կային դժգոհություններ: «Իմաստուն լինենք՝ լավ պետություն կկառուցենք, իմաստուն չլինենք՝ մի ձև կգոյատևենք»,- ընդգծեց նա՝ ասելով, որ եթե մնային նույն լիդերները, ինչպես Շարժման սկզբնական փուլում, երբ դեռ չկար այն «Ղարաբաղ» կոմիտեն, որի մասին գիտենք բոլորս, այն անունները՝ Լևոնը, Վազգենը, Բաբիկը, Վանոն, Աշոտը, մենք Ղարաբաղում հաջողություն չէինք ունենա:

Մեր հարցին, թե վերջին 25 տարիներին ինչ կորցրեցինք, ո՞րն են համարում ամենամեծ կորուստը, Վազգեն Մանուկյանն ասաց. «Մենք երազանքը կորցրեցինք: Երազանքը միայն Ղարաբաղը չէր: Մենք մտածում էինք, որ մենք համաշխարհային մի կարևոր ժողովուրդ ենք, որ մեզ ճնշում են թշնամիները, որ մենք չունենք անկախություն, բայց երբ ունենանք անկախություն, աշխարհին ցույց կտանք, թե մենք ովքեր ենք, որ մենք մի ժողովուրդ ենք, որ և՛ ազգ է, և՛ կազմակերպություն: Ինչ-որ տեղեր հրեաներից էինք օրինակ վերցնում, որ աշխարհով մեկ պետք է կազմակերպվենք, ինչ-որ տեղ օրինակ էինք վերցնում Տիգրան Մեծի պատմությունից, որ մենք տարածաշրջանում պետք է լինենք հզոր: Ինչ-որ ժամանակ երազանք ունեինք, որ սփյուռքը և Հայաստանը միասին ինչ-որ բաների պիտի հասնեն, ես կամաց-կամաց տեսնում եմ, որ հասարակության մի զգալի մասի մոտ զուտ ապրելու, գոյատևելու և լավ գոյատևելու ցանկությունը կամաց-կամաց մարեցնում է այդ երազանքը: Ինձ համար ամենամեծ կորուստը դա է»:

Աննա Իսրայելյանն էլ որպես հարցի պատասխան հիշատակեց Սոս Սարգսյանի հարցազրույցը, որտեղ ասված է, որ կյանքից գնում է դառնացած, չբավարարված, չհատուցված, և որ ազգն իր դեմ կատարած ամեն չարությունից հետո պետք է պահանջի փոխհատուցում, որպեսզի շարունակի ապրել:

«Աննան այսօր հոռետեսական գիծն է տանում»,- նշեց Տ. Հակոբյանը՝ ասելով, որ հաջողությունները պետք է դիտել վատի և լավի, ձեռքբերումների և կորուստների համեմատության մեջ: «Այդ առումով կարծում եմ, որ մեզ մոտ ձեռքբերումներն ավելի շատ են, քան կորուստները, որովհետև այն կորուստները, որ մենք ունենք, հոգեբանական արժեքային համակարգի, այդ տեսլականի բացակայությունն է, որը վերականգնվող է: Այսօր ունենք այն հիմքը, որի վրա կարող ենք վերականգնել այդ ամենը»,- նշեց Տ. Հակոբյանը: Նրա ասելով՝ մենք աստիճանաբար դառնում ենք իրականությանը համապատասխանող ազգ, «ճակատներս» խփելով իրականությանը՝ տեսնում ենք, որ Աստծո կողմից ընտրված ազգ չենք, շատ ժամանակ մրցունակ ազգ չենք: «Մենք պիտի հասկանանք, որ մեր միսիան միայն նորմալ, բարեկեցիկ, երջանիկ պետություն ստեղծելն էր, այլ բան մեզ Աստված չի ասել»,- նկատեց Տ. Հակոբյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter