HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արամ Մուղալյան. «Քննիչն իր բերանով է ասել` այդ գործը հո մեր վրա չի՞ մնալու»

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում (նախագահող դատավոր` Վ. Խալաթյան) այսօր ավարտվեց Արամ Մուղալյանի ու նրա ընկերների դատաքննությունը: Մեղադրող Արսեն Աղաբեկյանը ամբաստանյալներ Արամ Մուղալյանի եւ Ռոբերտ Փիլոյանի համար պահանջեց 3 տարի ազատազրկում և նվազագույն աշխատավարձի 70-ապատիկի չափով տուգանք, Արթուր Քլյանի եւ Գագիկ Առաքելյանի համար` 1.6 տարի ազատազրկում եւ նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով տուգանք: Մեղադրողը միջնորդեց ամբաստանյալների նկատմամբ կիրառել համաներում եւ ազատ արձակել դատարանի դահլիճից:

Հիշեցնենք, որ Արամն ու Ռոբերտ Փիլոյանը, Գագիկ Առաքելյանը մեղադրվում են գույքի ոչնչացմամբ խուլիգանություն կատարելու եւ գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձ կատարելու հատկանիշներով, իսկ Արթուր Քլյանը` միայն խուլիգանության համար:

Ըստ մեղադրանքի` Արամ Մուղալյանն իր ընկերների հետ այս տարվա հունվարի 6-ից մարտի 29-ն ընկած ժամանակահատվածում 4 անգամ իրենց առավելություններն ընդգծելու, հասարակության շրջանում վախ, խուճապ առաջացնելու եւ դրանով հասարակությանը հակադրվելու, զվարճանալու հանդուգն ցանկությամբ, դյուրավառ նյութի միջոցով հրկիզել են իրենց անծանոթ` Արմավիրի մարզի Նորապատ գյուղի բնակիչ Սիաբանդ Խուդոյանի տանը հարակից տարածքում գտնվող վերջինիս պատկանող խոտի դեզին կից ոչ պիտանի հարդը, հետո այրել են դեզի հակերից մեկը, ինչի հետեւանքով այրվել է նաեւ տարածքը հսկող շան մազերը: Ծխահարվել է 30 հակ` Սիաբանդ Խուդոյանին պատճառելով 36.000 դրամի նյութական վնաս: Դրանով խախտել են մարդկանց ամենօրյա կենսագործունեության՝ կենցաղի, հանգստի պայմանները, Ս.Խուդոյանի ընտանիքի անդամների ու հարեւանների անդորրը, խուճապ ու տագնապ առաջացրել վերը նշված անձանց շրջանում:

Պաշտպանները նշեցին, որ քննիչը նախաքննության ընթացքում թույլ է տվել մի շարք կեղծիքներ, որոնք էլ դրվել են ապացույցների հիմքում: Բացի այդ, գործին կցված մի շարք ապացույցներ ձեռք են բերվել օրենքի կոպիտ խախտումներով, տղաներին ծեծելու եւ սպառնալու միջոցով:

«Բոլորս էլ սպասում էինք մեղադրողի այս դիրքորոշմանը, բայց գոհ չենք, որովհետեւ ստացվում է, որ այն ապացուցները, որոնք ձեռք են բերվել օրենքի խախտմամբ եւ դրվել է գործի մեջ, մեղադրողը դրեց իր մեղադրանքի հիմքում: Դատարանը դեռ դիրքորոշում չի հայտնել, դատավճռով դրանց կանդրադառնա: Գտնում եմ, որ ակնհայտ անհիմն ճառ էր, միանշանակ դատախազի կողմից պետք է արդարացման դատավճռի առաջարկ արվեր»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Փիլոյանի եւ Գագիկ Առաքելյանի պաշտպան Մկրտիչ Դավթյանը:

Փաստաբանը դատարանին միջնորդություն ներկայացրեց իրականացնել քննչական փորձարարություն` պարզելու համար` արդյոք հնարավոր է խոտի դեզի վրա բենզին լցնել ու այրել, եւ արդյունքում այրվի հակերից մեկի միայն 10 տոկոսը:

Փաստաբանը նշեց, որ փորձարարության համար պատրաստ են ապահովել անհրաժեշտ քանակության խոտի հակեր: Մեղադրողն առարկեց: Դատարանն էլ որոշեց մերժել միջնորդությունը` առանց որեւէ պատճառաբանության:

«Դատավորը պետք է պատճառաբաներ, բայց ինչպես միշտ պատճառաբանություն չկար: Միայն բանավոր հայտարարեց, որ գտնում է միջնորդությունը անհիմն է: Չեմ կարծում, որ կարելի է նման կերպ մերժել, քանի որ դատարանն ինքը կոչված է արդարադատություն, հանգամանալից քննություն իրականացնելու, բայց այս պարագայում չցանկացավ անդրադառնալ այս հարցին: Անդրադառնալու դեպքում կպարզվեր` հիմնավո՞ր է մեղադրանքը, թե՞ ոչ»,- ավելացրեց Մ. Դավթյանը:

Չորս ամբաստանյալներն էլ դատարանում իրենց մեղավոր չճանաչեցին եւ պահանջեցին արդարացման դատավճիռ: Պաշտպանական ճառերում գործի կարճում եւ արդարացման դատավճիռ պահանջեցին նաեւ նրանց պաշտպանները:

Արամ Մուղալյանն իր «վերջին խոսքի» ժամանակ հայտարարեց, որ ոչ ինքը, ոչ էլ մյուս ամբաստանյալները քրեորեն պատժելի արարք չեն կատարել եւ քրեական գործը «ծայրից ծայր սարքած է»:

Արամն ասաց, որ իրենց ձերբակալել են, մեղադրանք են առաջադրել, հետո մեղադրանքները փոփոխելով հարմարացրել են: Արամը պատմեց, որ քննիչն իրենց հրավիրել է ոստիկանություն լրացուցիչ բացատրություն վերցնելու համար, սակայն`վերեւից եկած հեռախոսազանգով քննիչները խառնվել են իրար ու իրենց ձերբակալել են:

«Վերեւից կոնկրետ մեկը այս գործով ուզում է մեզ պատժել` առանց փաստերի: Մեր միակ մեղքն այն է, որ մի անգամ գնացել ենք Սարդարապատի հուշահամալիր ման գալու, օդ շնչելու, մի անգամ էլ գնացել ենք Էջմիածին զբոսնելու: Նույն երեւակայությամբ այդ տարածքներում ով եղել է, կարող էին բռնել ու մեղադրանք առաջադրե»լ,-ասաց Արամը:

Նա նշեց, որ իրենց վրա քրեական գործը «նաղդել են»: «Քանի որ քննիչն իր բերանով է ասել` այդ գործը հո մեր վրա չի՞ մնալու: Մեկը պիտի վիզ վերցներ, մենք վիզ չենք վերցրել, իրենք սկսել են մեր վրա նաղդել»,- նշեց նա:

Եվս մեկ անգամ Արամն ասաց, որ այս գործն աբսուրդ է եւ 6 ամիս անազատության մեջ մնալուց հետո դեռ չգիտեն, թե ինչի համար են նստած: Ավելին, նա պատմեց, որ նախաքննության ժամանակ իրեն 12 ժամ սոված ու ծարավ են պահել եւ սպառնալիքներով ցուցմունքներ են կորզել:

Գագիկ Առաքելյանն էլ դատարանում երդվեց իր համար ամենաթանկ մարդու` դատարանի նիստերի դահլիճում նստած մայրիկի անունով, որ իրեն առաջադրված մեղադրանքներից եւ ոչ մեկը ինքը չի կատարել: «Ինձ անհիմն մեղադրում են, ես ուրիշ ոչինչ չունեմ ասելու»,-հավելեց Գագիկ Առաքելյանը:

Նշենք, որ մինչեւ «վերջին խոսք» ասելը, Գագիկ Առաքելյանը դատարանին խստացավ ազատության մեջ հայտնվելու դեպքում անձամբ գնալ դեպքի վայր եւ տեսնել, քանի որ ինքը երբեք այդ տարածքում չի եղել: Ի դեպ, Գագիկն այսօր շատ հուզված էր, նրա մայրը նույնպես: Վերջինս գիտեր, որ համաներումով որդին ազատ է արձակվելու, սակայն արտասվում էր, որ առանց հիմնավոր պատճառի, անտեղի Գագիկը դատվածություն է ունենալու:

Իսկ ընդհանուր առմամբ տղաներն ուրախ էին: Արթուր Քլյանը, ով միշտ լռակյաց է, այսօր դատարանի դահլիճում նույնիսկ ժպտում էր:  Ընդմիջումների ժամանակ, երբ ամբաստանյալներին տանում էին հատուկ սենյակ, նրանք պատուհանների ճաղերի հետեւից նայում էին դատարանի բակում հավաքված իրենց հարազատներին եւ օդային ողջույններ փոխանցում:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Դատավճիռը կհրապարակվի վաղն առավոտյան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter