
Ինչպե՞ս են հաշվարկել ԶՊՄԿ-ի տուգանքի չափը
Սեպտեմբերի 20-25-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի պոչամբարի աղտոտված պարզվածքը թափվել էր Նորաշենիկ գետը: Այս մասին Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանին ահազանգել էին Նորաշենիկի բնակիչները, իսկ բնապահպանն էլ այդ մասին հայտնել էր ՀՀ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնին, միևնույն ժամանակ տեսագրել էր վթարը:
Սեպտեմբերի 25-ին նշյալ բաժնի պետ Լևոն Պետրոսյանը «Հետքի» հետ զրույցում ասել էր, թե իրենք ուսումնասիրել են դեպքը, ցուցանմուշներ են վերցրել, և կատարվելու է քիմիական վերլուծություն:
Օրեր առաջ մենք դիմեցինք տեսչություն` կատարված փորձաքննության արդյունքները ստանալու համար: Տեսչության աշխատակիցը առանձնացրեց վթարի միայն վերջին երկու օրերին կատարված նմուշառման արդյունքները, ըստ որոնց` սեպտեմբերի 24-ին արտահոսքը տևել է 4 ժամ 40 րոպե, իսկ սեպտեմբերի 25-ին` 3 ժամ: Երկու օրերին թույլատրելի սահմանային կոնցենտրացիան գերազանցվել է 24 անգամ: Արդյունքում «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն` սահմանված դրույքաչափերի վճարում է սահմանվել: Մեր հարցին, թե արդյունքում ինչքան պետք է վճարի կոմբինատը, բաժնի աշխատակիցն ասաց, որ վճարն իրենք չեն հաշվարկել, բայց «1 միլիոնի կարգի կլինի»:
«Եթե տնտեսվարողը նման ծավալով շրջակա միջավայրին վնաս է հասցնում, և հասցված վնասի գումարը կազմում է ընդամենը 1 միլիոն դրամ, դա ծիծաղելի է, քանի որ արտահոսքը տևել է 5 օր»,- մեզ հետ զրույցում ասաց «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը: Մեր հարցին, թե ինչով է պայմանավորված գումարի այդ չափը, և արդյոք կա միտում, որ տեսչությունը այդ կերպ չի ցանկացել, այսպես ասած, վատություն անել ԶՊՄԿ-ին,Ա. Փարսադանյանը պատասախանեց. «Ես կասեի` հնարավոր է, որ նույնիսկ ներքին համաձայնություն լինի: Չեմ կարող ասել, բայց դա պետք է չգնահատվեր նման ձևով: Եթե 5 օր արտահոսք է եղել, ամբողջ Նորաշենիկ գետն աղտոտվել է, 1 միլիոն դրամը և շրջակա միջավայրին հասցված վնասը հեգնանք է, ծաղր է, զավեշտալի երևույթ է»:
Ըստ բնապահպանի` շրջակա միջավայրին հասցված իրական վնասի չափը գնահատելու համար պետք է վերցնեին արտահոսքի ծավալները, և եթե թույլատրելի սահմանային կոնցենտրացիան գերազանցվում է 24 անգամ, դա դեռ չի ներկայացնում վնասի իրական պատկերը: «Ես ենթադրում եմ, որ շրջակա միջավայրին հասցված վնասի իրական պատկերն իրենց ներկայացմամբ չի արտացոլվում: Ինձ մոտ հարց է առաջանում` ինչպե՞ս է հաշվարկվել շրջակա միջավայրին հասցված վնասի չափը, հիմա եթե ասում են` 24 անգամ թույլատրելի սահմանային կոնցենտրացիան գերազանցվել է, դա հասկանալի է, պարզել են անալիզների արդյունքում, բայց դեռ պետք է հաշվարկել արտահոսքի ծավալը, տևողությունը, եթե չկա, թե ինչ ժամկետով են հաշվարկել, իրական պատկերը միանշանակ չեն կարող ստանալ»,- ավելացրեց բնապահպանը:
Հիշեցնենք, որ 1 տարի առաջ ԶՊՄԿ-ի վթարի հետևանքով Ողջի գետով 12 ժամից ավելի պոչանքներ էին հոսում, և նույն բնապահպական տեսչությունը շրջակա միջավայրին հասցված վնասը գնահատեց մոտ 400.000 դրամ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել