
«Էյր Արմենիա»-ի այս ինքնաթիռը հայաստանցիներին կտանի Ռուսաստան
Այս պահին միակ ուղեւորատար հայկական ավիաընկերությունը՝ «Էյր Արմենիա»-ն արդեն ունի իր երկրորդ մարդատար օդանավը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ից Երեւան-Մոսկվա-Երեւան ուղղությամբ կանոնավոր չվերթներ է իրականացնում ընկերության «Boeing 737-500» տիպի ինքնաթիռը (հայաստանյան գրանցման համարը՝ EK-73797): «Հետքն» արդեն գրել է այդ ինքնաթիռի մասին: Իսկ նոր օդանավը «Airbus A320» տիպի է (գրանցման համարը՝ EK-32039):
Առաջին օդանավի ներկայացման ժամանակ ընկերության համասեփականատեր Վահան Հարությունյանը նշել էր, որ դեպի Մոսկվա չվերթները նախատեսում են իրականացնել «Airbus»-ով, իսկ ՌԴ-ի հարավային ուղղությունները (Սոչի, Կրասնոդար, Ռոստով, Սամարա) կգործարկի «Boeing»-ը: Հիշեցնենք, որ ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչությունը նշված ուղղություններով ու նաեւ դեպի Սանկտ Պետերբուրգ թռչելու լիցենզիա է տվել «Էյր Արմենիա»-ին այն բանից հետո, երբ մոնոպոլիստ «Արմավիա»-ն դուրս եկավ ոլորտից:
Իր հերթին ընկերության մյուս համասեփականատերը եւ գործադիր տնօրենը՝ Արսեն Ավետիսյանը, «Երկիրին» հայտնել է հետեւյալը. «Նոյեմբերի 15-ից օրական երկու անգամ կսկսենք շահագործել Երեւանից Մոսկվա, Սոչի, Կրասնոդար, Ռոստով, Սանկտ Պետերբուրգ, Սամարա ուղղություններով չվերթները, իսկ դեկտեմբեր 1-ից մի քանի նոր ուղղություներ կլինեն: Առայժմ միայն դեպի ՌԴ ենք չվերթներ իրականացնում: Հաջորդ քայլը՝ ամենայն հավանականությամբ, երրորդ օդանավը ձեռք բերելուց հետո կլինի դեպի Մերձավոր Արեւելք թռիչքներ իրականացնելը, իսկ եկող տարվա ամառային չվացուցակում արդեն կհայտնվեն դեպի եվրոպական քաղաքներ չվերթները: Ընդհանուր առմամբ` առայժմ ցանկանում ենք ձեռք բերել 5-6 օդանավ»: Ավետիսյանը նաեւ կարծիք է հայտնել, որ շուրջ 5 տարուց ընկերությունը կունենա մոտ 5 «Boeing 737» եւ նույնքան «Airbus A320»:
Այժմ տեսնենք, թե ինչ ինքնաթիռ է այս նորը: Վահան Հարությունյանը տեղեկացրել էր, որ այն ձեռք են բերել 5-ամյա լիզինգային պայմանագրով: «Airbus A320-214» այս օդանավը (գործարանային համարը՝ 1439) «Airbus A320» ընտանիքի «Airbus A320-200» շարքից է: Այս շարքի ինքնաթիռների նստատեղերի թիվը 150-180 է, առավելագույն թռիչքային քաշը՝ 78 տ: Թռիչքի առավելագույն երկարությունը՝ 6100 կմ: «Airbus A320»-ները առաջին անգամ օդ են բարձրացել 1987-ին:
Կոնկրետ այս ինքնաթիռը, ըստ aerotransport.org կայքի, կառուցվել է 2001-ի փետրվարին, ներկայում 12 տարեկան է: Առաջին շահագործողը եղել է բելգիական «Sabena»-ն (OO-SNI), սակայն սեփականատերը սինգապուրյան «SALE» (հետագայում ստացել է «BOC Aviation» անունը) ընկերությունն էր: 2002-2005 թթ. լիզինգով շահագործել են պորտուգալական «Air Luxor» (CS-TQA), «LuzAir» եւ «Air One» ընկերությունները: 2005-2012 թթ. սինգապուրյան ընկերությունից ինքնաթիռը վարձակալել է «Չեխական ավիաուղիներ»-ը (OK-GEA): 2012-2013-ին էլ շահագործողը վրացական «FlyGeorgia»-ն էր (4L-FGC): Այս տարվա սեպտեմբերից ինքնաթիռը Նիդեռլանդներում էր ու գրանցված էր «AerCap» ընկերության հաշվեկշռում (OE-IBT): Այս ընթացքում, սակայն, այն չի շահագործվել եւ կայանված էր Վունսդրեխտ քաղաքում: Օդանավն արդեն ներկվել է «Էյր Արմենիա»-ի գույներով եւ շուտով կսպասարկի իր ուղեւորներին:
Նոր ինքնաթիռն արդեն ժամանել է Երեւան: Թե ինչպես է «Զվարթնոցը» ընդունել EK-32039-ին, կարելի է դիտել այստեղ:
Լուսանկարում՝ ինքնաթիռը՝ Նիդեռլանդներում (ընկերության ֆեյսբուքյան էջից)
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել