HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ձերբակալման մասին որոշում կայացնելու իրավական հիմքեր չկան»

Հարցազրույց դերասան Վարդան Պետրոսյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Նիկոլայ Բաղդասարյանի հետ.

 -Հոկտեմբերի 20-ին Երևան-Եղվարդ ճանապարհի վրա տեղի ունեցած ավտովթարի փաստով հարուցված քրեական գործով ՀՀ ոստիկանության Նաիրիի քննչական բաժանմունքում կայացվել է որոշում վարորդներից մեկին՝ Վարդան Պետրոսյանին ձերբակալելու մասին: Պարոն Բաղդասարյան, այդ որոշումը ընդունելու համար արդյո՞ք  կային իրավական հիմքեր:

-Քրեական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քրեական հետապնդման մարմինն իրավունք ունի որոշում կայացնել անձին ձերբակալելու մասին, եթե քրեական գործով հավաքված ապացույցները հիմք են տալիս ենթադրելու, որ անձը կատարել է քրեական օրենքով չթույլատրված արարք, ընդ որում` նա գտնվում է այլ տեղանքում, կամ նրա գտնվելու վայրը հայտնի չէ: Վարդան Պետրոսյանը չի գտնվել այլ տեղանքում, իր գտնվելու վայրը հայտնի է եղել վարույթ իրականացնող մարմնին, հետևաբար վարույթ իրականացնող մարմինը, գիտակցաբար կոպիտ կերպով խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` իմ կողմից նշված հոդվածի պահանջները, որոշում է ընդունել Վարդան Պետրոսյանին ձերբակալելու մասին: Իսկ թե ինչու է նախաքննական մարմինը խախտել օրենքը, չեմ կարող ասել:  

-Այժմ ի՞նչ կարգավիճակում է Վարդան Պետրոսյանը:

-Վարդան Պետրոսյանը ներկայումս կասկածյալ է, սակայն գտնվում է հիվանդանոցում, քանի որ Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը թույլ չի տալիս նրան մեկուսացնել. նոր է տարել բարդ վիրահատություն, հեռացվել է կենսական օրգան, մշտական բժշկական խնամքի կարիք ունի, ինքնուրույն չի կարող տեղաշարժվել: Նոյեմբերի 5-ին Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, հրավիրվել է շտապօգնություն: Շտապօգնության ծառայության բժշկի կողմից առաջարկվել է Վարդան Պետրոսյանին տեղափոխել հիվանդանոց: Հաջորդ օրը առավոտյան, երբ Վարդան Պետրոսյանին պետք է տեղափոխեին հիվանդանոց, ոստիկանության աշխատակիցները առավոտյան Վարդան Պետրոսյանին հանձնել են ծանուցագիր, որ նա նոյեմբերի 7-ին պետք է ներկայանա ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժանմունք՝ որպես վկա ցուցմունք տալու համար: Սակայն քիչ անց ոստիկանության նույն աշխատակիցները Վարդան Պետրոսյանին հայտնել են, որ նրա նկատմամբ որոշում է կայացվել ձերբակալելու մասին: Կարծում եմ, որ ոչ իրավաբանին էլ հասկանալի է, որ ոստիկանները խախտել են օրենքը, երբ մարդուն նույն օրը հրավիրում են որպես վկա՝ մեկ օր հետո ցուցմունք տալու, սակայն գիտակցում են, որ մարդը ի վիճակի չէ ներկայանալու Եղվարդ քաղաքում գտնվող քննչական բաժանմունք, ապա նույն օրը որոշում են կայացնում Վարդան Պետրոսյանին ձերբակալելու մասին, քանի որ, ըստ քննիչի, նա կարող է խոչընդոտել քննությանը:  

- Իսկ Վարդան Պետրոսյանը խոչընդոտե՞լ է քննությանը:

-Վարդան Պետրոսյանն ինքնուրույն չի կարող շարժվել, ի՞նչ խոչընդոտելու մասին է խոսքը: Պարզապես նա հայտնել է, որ իր առողջական վիճակը ներկայումս թույլ չի տալիս մասնակցել երկարատև քննչական գործողությանը, նա ցանկանում է ցուցմունք տալ փաստաբանի ներկայությամբ և մանրամասն կներկայացնի, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը: Քննիչից խնդրել է ընդամենը սպասել մեկ շաբաթ մինչև ապաքինվի: Ցավոք, նախաքննական մարմինը չի սպասել, այլ, խախտելով օրենքը, որոշում է կայացրել նրան ձերբակալելու մասին:

- Կա՞ ձերբակալման որոշման բողոքարկման մեխանիզմ:

- Այո՛, ձերբակալման որոշմանը ծանոթանալուց հետո նախաքննական մարմնին հանձնել եմ գրավոր բողոք, որը 24 ժամվա ընթացքում պետք է հանձնվի Կոտայքի մարզի դատախազին: Ինձ համար անհասկանալի է՝ ի՞նչ է փոխվել դեպքի օրվանից մինչև Վարդան Պետրոսյանին ձերբակալելու որոշում ընդունելու օրը, եթե ինչպես դեպքի օրը, այնպես էլ այսօր չկա դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացություն այն մասին՝ Վարդան Պետրոսյանը թո՞ւյլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, թե՞ ոչ: Այսինքն, ակնհայտ է, որ ո'չ երեկ, ո'չ առաջին օրը որևէ ապացույց ձեռք չի բերվել, որը հիմք կհանդիսանար Վարդան Պետրոսյանին ձերբակալելու համար: Ի դեպ նշեմ, որ դատաավտոտեխնիկական փարձաքննություն նշանակելու համար քննիչը պետք է հարցաքններ երկու կողմերին` Վարդան Պետրոսյանին և «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի մեջ գտնվող անձանց, նոր միայն նշանակեր դատաավտոտեխնիկական փորձաքննություն, հակառակ դեպքում նախաքննությունը կլինի միակողմանի, ինչը ևս օրենքի խախտում է:

- Ի՞նչ ակնկալիք կա ձերբակալման որոշումը դատախազին բողոքարկելուց:

- Ակնկալում եմ, որ դատախազը կղեկավարվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածով, իսկ այդ դեպքում՝ կվերացնի ձերբակալման մասին որոշումը: 

-Պարոն Բաղդասարյան, ՃՏՊ-ների գործերով զբաղվում եք երկար տարիներ: Եղե՞լ է նմանատիպ դեպք, երբ մեկ կողմին լսելով՝ փորձաքննություն նշանակվի:

-Որպես փաստաբան` 16 տարվա աշխատանքային փորձ ունեմ, նման դեպք չեմ հիշում: Ավտովթարների գործերով քննիչը պարտավոր է լսել վթարի բոլոր մասնակիցներին և բոլոր կողմերի ցուցմունքներում արտացոլած ելակետային տվյալները ներկայացնել դատաավտոտեխնիկական փորձագետներին, եթե, իհարկե, հակված են օբյեկտիվ քննություն իրականացնել: Եթե վթարի մասնակիցներից մեկը, առողջական վիճակից ելնելով, չի կարող ցուցմունք տալ, ապա քննիչը պարտավոր է սպասել վերջինիս ապաքինվելուն, հարցաքննել նրան, նոր միայն նշանակել դատաավտոտեխնիկական փորձաքննություն: 

 -Իսկ պատահե՞լ է Ձեր պրակտիկայում, երբ փորձաքննությունների արդյունքները չստացված՝ վարորդներից մեկին ձերբակալեն:

-Նման մեկ-երկու դեպք եմ հիշում, բայց դրանք հենց ապօրինի ձերբակալումներ են եղել: Գործ եմ ունեցել, երբ դատարանը մերժել է անձի նկատմամբ խափանման միջոց կալանք կիրառելը, քանի որ դեռ ստացված չի եղել դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացությունը: Չեմ ուզում ասածս կապել այս գործի հետ, բայց Հայաստանում նախաքննական մարմինները գործում են չգրված օրենքներով, որպես կանոն՝ հիմք են ընդունում այն կողմի ցուցմունքը, որի ազգականը մահացել է, մինչդեռ գրված օրենքի համաձայն՝ վթարի բոլոր մասնակիցների ցուցմունքները պետք է հավասարապես գնահատվեն գործում եղած այլ ապացույցների հետ մեկտեղ:  

Մեկնաբանություններ (2)

Karen
какие вы умные
Վեհարի
Գործ ունենք դավաճան իշխանության հետ: Կարող եք արդյոք հաշիվը պահել թե որքան հայրենասերներ սպանվեցին կամ ձեռբակալվեցին սրանց ձեռքով: Չեմ զարմանա եթե այս վթարն էլ մեր մաֆիայիայի սարքածը լինի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter