
Ի՞նչ էր այրվել Սարյանի թանգարանում
Աննա Բաբաջանյան
Այս տարվա հունիսի 19-ի կեսգիշերին, Երևանի Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում հրդեհ էր բռնկվել: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնեցին, որ այն կես ժամ հետո մարվել է. տուն-թանգարանի առաջին հարկի բնակելի հատվածում այրվել են կենցաղային իրեր: Մշակույթի նախարարությունն իր հերթին տարածեց տեղեկություն այն մասին, որ թանգարանը նյութական վնաս չի կրել: Իսկ տուն-թանգարանի տնօրեն, նկարչի թոռնուհի Ռուզան Սարյանը լրատվամիջոցներին շտապեց հայտնել, որ հրդեհի հետևանքով Մարտիրոս Սարյանի կտավները կամ այլ իրեր չեն վնասվել:
Բայց արդյոք այս հաղորդագրություններում բերված տեղեկությունները համապատասխանու՞մ էին իրականությանը: Պարզվում է, որ ոչ: Մեզ հայտնի են դարձել այլ մանրամասներ: Հրդեհից օրեր առաջ երջանկահիշատակ Արաքսի Սարյանը՝ Մարտիրոս Սարյանի հարսը, պատվիրել է թանգարանի բնակելի հատվածի՝ առաջին հարկի միջանցք տանել մի հսկա արկղ, որպեսզի ազատ ժամանակ դասակարգի այնտեղ եղած նյութերը: Հրդեհի օրը միջանցքում կրակի բաժին է դարձել նաեւ այդ արկղը:
Մեզ հետ զրույցում Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ, Սարյանի թոռնուհի Սոֆյա Սարյանը հաստատեց այն տեղեկությունը, որ բացի կենցաղային իրերից՝ այրվել են այլ իրեր եւս՝ հստակեցնելով, որ ոչ թե մի արկղ է եղել, այլ վեցը: «Այդ արկղերը ես էի տեղափոխել առաջին հարկ՝ աշխատելու համար: Դրանց մեջ եղել են Սարյանի ստեղծագործությունների լուսանկարներ. հեղինակը Շահեն Խաչատրյանն է, ինչպես նաեւ՝ Մարտիրոս Սարյանի անձնական լուսանկարների ժապավեններ, նեգատիվներ»,-ասաց Սոֆյա Սարյանը:
Նրա խոսքով՝ այդ լուսանկարները մեծ կարևորություն ունեին Սարյանի կատալոգի ստեղծման համար, դրանք կատալոգի լուսանկարների զգալի մասն էին կազմում: Այրված լուսանկարները փաստում էին Սարյանի այս կամ այն ստեղծագործության առկայությունը, նույնիսկ այն ստեղծագործությունների, որոնց տեղն այսօր անհայտ է կամ այլևս գոյություն չունեն: Գլխավոր ֆոնդապահի հավաստիացմամբ՝ ինֆորմացիան, այնուամենայնիվ, պահպանվել է. ստեղծագործությունների ցուցակները գրանցված են: Իսկ ինչ վերաբերում է ժապավեններին, դրանք թվայնացվել են, եւ զգալի մասը ցուցադրվել է թանգարանում: Մեր այն հարցին, թե քանի՞ լուսանկարի եւ ժապավենի մասին է խոսքը, Սոֆյա Սարյանը դժվարացավ պատասխանել՝ նշելով միայն, որ արկղերը լիքն էին:
Մշակույթի նախարարության՝ Հետքի աղբյուրի փոխանցմամբ, սակայն, վերոնշյալ այրված նյութերի շարքում եղել են այլ՝ առավել ուշագրավ իրեր, մասնավորապես՝ փաստաթղթեր, ձեռագրեր, այլ լուսանկարներ, ժապավեններ և մշակութային արժեք ներկայացնող իրեր: Այս տեղեկությունը, սակայն, Սոֆյա Սարյանը ժխտեց՝ նշելով, որ ինքն է առանձնացրել արկղի նյութերը՝ դրանց վրա հետագայում աշխատելու նպատակով, եւ դրանց թվում փաստաթղթեր ու ձեռագրեր չեն եղել:
Եթե ընդունենք, որ վերոնշյալ արկղերում նշված արժեքները չեն եղել, ուրեմն պետք է կարծել, որ վեց արկղերն ամբողջությամբ լցված են եղել լուսանկարներով ու ժապավեններով, որոնց հարցը, մեծ հաշվով, լուծված է եղել: Ուստի այնքան էլ հավատ չի ներշնչում պնդումը, թե դրանց վրա դեռ պետք է աշխատեին:
Մեր նույն աղբյուրի հաղորդմամբ՝ միջանցքում դրված արժեքավոր այդ իրերը օրեր շարունակ մնացել են այնտեղ եւ հրդեհի ժամանակ ամբողջությամբ այրվել են: Իսկ այժմ թանգարանի տնօրինությունը, ինչպես նախկինում փորձում էր թաքցնել այս արկղերի առկայությունն առհասարակ, այնպես էլ այսօր կարծես թե ջանում է քողարկել դրանց իրական պարունակությունը:
Մեր այցելության ժամանակ թանգարանի առաջին հարկում՝ բնակելի հատվածի միջանցքում, շարված էին մի շարք արկղեր, որոնց պարունակության մասին հարցերից տնօրինությունն ամեն կերպ փորձում էր խույս տալ: Նույնիսկ փորձ էր արվում մեզ ետ պահել արկղերը լուսանկարելուց: Նշենք, որ թանգարանում եղած արժեքավոր իրերը մինչ օրս ամբողջովին չեն տեղափոխվել, թեև այստեղ ընթացող շինարարական աշխատանքների պայմաններում դա պիտի իրականացվեր առաջին հերթին: Իսկ ահա Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանն ավելի վաղ հայտարարել էր, որ նկարչի կտավները եւ թանգարանի արժեքավոր իրերը տեղափոխվել են անվտանգ վայր:
Մենք գրավոր հարցում ուղղեցինք ՀՀ մշակույթի նախարարություն՝ հիմք ընդունելով միայն այն տեղեկությունները, որոնք հաստատել էր թանգարանի գլխավոր ֆոնդապահը: Առաջադրեցինք հետևյալ հարցերը՝ ՀՀ մշակույթի նախարարությունը տեղյա՞կ է, որ հրդեհի ժամանակ այրվել են նաեւ վերոնշյալ լուսանկարները եւ ժապավենները: Եթե այո, ապա ինչու՞ է թաքցրել տեղեկությունը, եթե ոչ՝ ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել՝ իրականությունը բացահայտելու, նմանօրինակ դեպքերը կանխելու եւ մեղավորներին պատժելու ուղղությամբ: Երկրորդ՝ մինչ օրս նախարարությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկել Սարյանի թանգարանի ֆոնդը թվայնացնելու ուղղությամբ, գործընթացն ի՞նչ փուլում է:
Նախարարության պատասխանում, մասնավորապես, ասված է, որ հրդեհը բռնկվել է միայն տուն-թանգարանի բնակելի մասի աստիճանավանդակում և հրշեջ ծառայության օպերատիվ աշխատանքի արդյունքում անմիջապես կանխվել է:
«Աստիճանավանդակում արկղերի մեջ դրված են եղել Մ. Սարյանի ընտանիքին պատկանող կենցաղային իրեր, նաև ընտանիքին պատկանող Սարյանի ստեղծագործությունների սև և սպիտակ հին լուսանկարները, որոնք տասնամյակներ շարունակ բազմիցս վերատպվել են տարբեր կատալոգներում և ալբոմներում: Դրանց գունավոր ու թվայնացված օրինակները ներկայացված են նաև Մ. Սարյանի տուն-թանգարանի պաշտոնական կայքէջում:
Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ թանգարանում պահվող Մ. Սարյանի ստեղծագործությունները և թանգարանային առարկաների անձնագրերը թվայնացված են, և թվայնացման գործընթացն ավարտված է»,-ասված է նախարարության պատասխանում:
Փաստորեն, թանգարանի գլխավոր ֆոնդապահը, ապա նաեւ ՀՀ մշակույթի նախարարությունը՝ ի դեմս տուն-թանգարանի տնօրենի, ժխտեցին ԱԻՆ-ի, նույն Մշակույթի նախարարության, ինչպես նաեւ նույն թանգարանի տնօրենի ավելի վաղ հայտնած այն տեղեկությունը, թե հրդեհի հետևանքով այրվել են միայն կենցաղային իրեր: Պարզվում է՝ ՀՀ մշակույթի նախարարությունը տեղյակ է եղել, որ բացի կենցաղային իրերից՝ այրվել են այլ իրեր եւս: Իսկ մեր այն հարցը, թե ինչու է նախարարությունը թաքցրել այդ տեղեկությունը (մանավանդ, եթե խոսքն այնքան էլ արժեքավոր իրերի մասին չէ- Ա.Բ.), մնաց անպատասխան: Նախարարությունը խուսափել է նաեւ նմանօրինակ դեպքերը կանխելու եւ մեղավորներին պատժելու վերաբերյալ մեր հաջորդ հարցին պատասխանելուց:
Անդրադառնալով հրդեհի բռնկման պատմությանը՝ նշենք, որ անհասկանալի պատճառներով հրդեհի պահին չի գործել հակահրդեհային համակարգը: Այս տեղեկությունը եւս Սոֆյա Սարյանը չժխտեց. «Հրդեհի պատճառը եղել է էլեկտրական լարերի կարճ միացումը: Այդ պահին հակահրդեհային բոլոր համակարգերը խանգարված վիճակում էին: Պահպանման համակարգերը փոխվում էին, եւ լարերի վրա ծանրաբեռնվածություն եկավ»:
Մենք դիմեցինք ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանին՝ պարզելու՝ ինչու՞ է ԱԻՆ-ը տարածել ապատեղեկատվություն՝ նշելով, թե հրդեհից այրվել են միայն կենցաղային իրեր, եւ ինչու՞ հակահրդեհային համակարգը հրդեհի պահին չի գործել: Նրա խոսքով՝ հրդեհի վայրում տարված տեխզննության արդյունքում նման արկղեր, իրեր չեն հայտնաբերվել (ինչպե՞ս կարող էին հայտնաբերվել, եթե դրանք ամբողջովին այրվել էին - Ա.Բ.), իսկ թանգարանի տնօրինությունը եւ հրդեհի ականատեսները իրենց բացատրության մեջ արկղերի մասին տեղեկություն չեն հաղորդել:
«Մենք թաքցնելու բան չունենք, մեր տեսուչը չի իմացել արկղերի մասին»,-մեզ հետ զրույցում պարզաբանեց Սերգեյ Հայրապետյանը: «Փաստորեն, ձեզնից թաքցրե՞լ են այդ տեղեկությունները»,-հարցրինք: «Իհարկե, միգուցե մեզնից են թաքցրել»,- պատասխանեց Ս. Հայրապետյանը:
Անդրադառնալով հրդեհի պահին հակահրդեհային համակարգի չգործելու հանգամանքին՝ Սերգեյ Հայրապետյանը նշեց, որ ազդարարման համակարգ առաջին հարկում մոնտաժված չէ, իսկ երկրորդին հրդեհը չի հասել, այդ պատճառով էլ երկրորդում համակարգը չի գործել: Նա նաեւ ընդգծեց, որ թանգարանի հակահրդեհային համակարգի գործել-չգործելու խնդիրը շահագործողինն է: Սերգեյ Հայրապետյանի խոսքով, տվյալ օբյեկտի ղեկավարը պետք է տարին առնվազն մեկ անգամ ստուգի համակարգը, փորձարկի՝ գործու՞մ է, թե՞ ոչ, և ակտ կազմի: «Իրենց ֆունկցիան է, իրենց պարտականությունն է: Եթե նույնիսկ հակահրդեհային համակարգը չի գործել, իրենց անփութության արդյունքն է: Մենք պետք է համակարգը տեղադրենք, բայց սպասարկելը, մոնտաժելը իրենց ֆունկցիան է»,- ասաց տեսչության բաժնի պետը:
Նա չբացառեց, որ հրդեհի պահին հնարավոր է՝ ինչ-որ տեղամասում համակարգը խանգարված լինի: «Թող տնօրենը բացատրության մեջ գրեր, որ խանգարված է: Թող ասեին, ինչու՞ չեն ասել»,- նկատեց Սերգեյ Հայրապետյանը:
Հ.Գ. Երևանի Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում վերանորոգման աշխատանքները կտևեն մոտ մեկ տարի: Այդ ընթացքում նկարչի աշխատանքները կցուցադրվեն Հայաստանի ազգային պատկերասրահում եւ Մատենադարանում: Արդեն գործում է նաեւ sarian.am կայքը:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել