
«Ադրբեջանի երազանքն է ազատվել Մինսկի խմբի ձևաչափից»
Այսօր ԱԺ-ում փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հանդես եկավ հարակից զեկույցով «Ժառանգություն» խմբակցության կողմից ներկայացված ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ն ճանաչելու մասին օրինագծի մասին: «Հայաստանի Հանրապետության կողմից ԼՂՀ-ի անկախության ճանաչումը ներկա փուլում գտնում ենք ոչ նպատակահարմար: Խոսքը վերաբերում է դե յուրե ճանաչմանը, որովհետև դե ֆակտո Հայաստանի Հանրապետությունը վաղուց ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»,- նշեց Շ. Քոչարյանը: Նրա խոսքով` ՀՀ-ի և ԼՂՀ-ի հարաբերությունները կառուցվում են որպես իրավահասավար պետությունների հարաբերություններ, կան մոտ 100 երկկողմանի պայմանագրեր:
«Ընդհանուր առմամբ, բնական է, բոլորիս նպատակն է ԼՂՀ-ի անկախության ճանաչումը: Եվ այդ նպատակը հետապնդում է նաև Հայաստանի Հանրապետությունը բանակցային գործընթացում: Եվ մենք ամենևին կողմ չենք, որպեսզի ճանաչելով` մնանք միայնակ, ինչպես դա եղավ թուրքական Կիպրոսի դեպքում: Դա ամենևին չի նպաստի բուն բանակցային գործընթացում այն արդյունքին, որին մենք ձգտում ենք: Բանակցություններ կան Մինսկի խմբի ձևաչափով, բոլորս շատ լավ գիտենք, որ առաջընթաց չլինելը պայմանավորված է մի հանգամանքով` Ադրբեջանի դիրքորոշումով, և քանի դեռ այդ դիրքորոշումն այդպիսին է, նշանակում է, որ պահպանվելու է ստատուս քվոն այնքան ժամանակ, քանի Ադրբեջանում խելքները գլուխները չհավաքեն, չդադարեն ռասիստական, միլիտարիստական հայտարարությունները, որոնք որևէ մեկին չեն վախեցնում, չդադարեցնեն խեղաթյուրել պատմությունը, միջազգային իրավունքը»,- նշեց Շ. Քոչարյանը, ապա ներկաներին հիշեցրեց մի իրողություն, ըստ որի` Մինսկի խմբի եռանախագահությունն ունի 2 առաքելություն:
«Մի առաքելությունն այն է, որպեսզի նպաստեն, որ բլոր 3 կողմերը կարողանան գալ ընդհանուր համաձայնության, ինչը ենթադրում է փոխզիջումներ, որի արդյունքում արդեն պետք է մշակեն ընդհանուր խաղաղության պայմանագիրը: Այն հանգամանքը, որ այդ ուղղությամբ առաջընթաց չկա, նորից եմ կրկնում` դա Ադրբեջանի դիրքորոշումն է: Երկրորդ առաքելությունը` հիշենք, որ Մինսկի խումբը եռանախագահները երեքն էլ հանդիսանում են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներ: Դա բացառիկ դեպք է: Անվտանգության խորհրդի մշտական 5 անդամներից երեքը միջնորդ են` Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա: Եվ օր չկա, որ այդ երկրներից, լինի դա առաջին դեմքի շուրթերից, լինի դա համանախագահողների շուրթերից, չհնչի` միայն խաղաղ կարգավորում: Դրանով իսկ այդ ձևաչափը դառել է զսպաշապիկ Ադրբեջանի համար իր ապագա ռազմական նկրտումների տեսակետից»,- ասաց նա:
Փոխարտգործնախարարի կարծիքով` Ադրբեջանի երազանքն է ազատվել այդ ձևաչափից կամ առնվազն լղոզել այդ ձևաչափը, ինչի համար ամեն ինչ անում է:
«Մենք քաջ գիտակցում ենք, որ այն, ինչ այսօր Ադրբեջանն ասում է` առավելություն, ռազմական ծախսեր և այլն, և այլն, 90-ականներին այդ հարաբերակցությունն անհամեմատ ավելի շատ շեղում ուներ դեպի Ադրբեջան, արդյունքը տեսանք: Խնդիրը դա չէ: Բայց մյուս կողմից՝ ոչ մեկը չի ձգտում պատերազմի: Մենք, իրոք, ձգտում ենք խաղաղ կարգավորման: Այդ իմաստով ներկա փուլում ճանաչումը լավ առիթ է Ադրբեջանի համար ձերբազատվել Մինսկի խմբի ձևաչափից: Կարծում եմ` ՀՀ Ազգային ժողովը այդ հարցում չպետք է օգնի Ադրբեջանին»,- հավելեց Շ. Քոչարյանը:
Մեկնաբանել