HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդաչուների օդաչու զավակները

Կրկին աշխատավարձերի մասին

«Մենք օդային ժողովուրդ ենք: Հիշո՞ւմ եք՝ կար ժամանակ, երբ ամեն երկրորդ երեխան երազում էր ինքնաթիռ վարել: Իսկ երբ օտարերկրացիներն իմանում էին, որ հայ օդաչուի հետ են թռչելու, հանգիստ շունչ էին քաշում»,- «Հետքին» պատմեց 40 տարվա թռիչքի փորձ ունեցող օդաչու Սամվել Ղազարյանը:

Սամվելը 1972 թ.-ից մինչև 2013-ի մարտ ամիսը թռիչքներ է կատարել, եղել է «Յակ-40»-ի հրամանատար: Նա մեկն է այն 6 օդաչուներից, ովքեր «Արմավիայի» հեռանալուց հետո անցել են թոշակի: Այսօր դատարանում փորձում է վերականգնել իր խախտված իրավունքները. աշխատավարձ չի ստացել մոտ մեկ տարի: 40 մլն դրամի հայց է ներկայացրել ընդդեմ «Արմավիայի», սակայն 40 մլն-ը միայն աշխատավարձային պարտքերը չեն:

Պատմեց, որ երբ պահանջել է իր հասանելիք գումարներն ու վերջնահաշվարկը, աշխատավարձերի վճարման փաստաթղթերի մեջ հայտնաբերել է ահա, թե ինչ. «Ընդհանուր 2.500.000-դրամանոց աշխատավարձիցս (օդաչուների աշխատավարձերը Հայաստանի աշխատավարձերի պարագայում բարձր են) պահվել է 23 տոկոս, բայց միաժամանակ տարբեր ամիսներին պահվել են այլ տոկոսներ ևս՝ 800.000-ով, 900.000 դրամով, 1 մլն դրամով, բայց աբսուրդն այն է, որ պետությանը ներկայացվել է ծիծաղելի 60.000 դրամի գումար: Ասում եմ՝ ո՞ւր են գումարները, պատասխան չկա: Ես Ձեզ բոլորը հիմա ցույց կտամ»,- ձեռքի տակ եղած թղթերն է առանձնացնում:

«Եթե Ձեզ չի վնասի, կլուսանկարեմ»,- ասում եմ, սպասում… «Ի՞նչ վնասել, վա՛խն էլ, ամեն ի՛նչն էլ անցել է, բոլոր թղթերը ներկայացրել եմ դատարան»,- պատասխանում է օդաչուն ու առանձնացված տաբելային հաշվարկները տալիս ինձ: Լուցապատճենում երևում է, որ, օրինակ, 2012-ի օգոստոսի համար երկու առանձին ձևաթղթերում տարբեր սոցվճարումներ ու եկամտահարկեր են ներկայացված: Մի տեղում աստղաբաշխական գումարներ են, մյուսում՝ ընդամենը՝ 65.000 դրամ պետական վճարներ:

Օդաչուն իր օդաչու որդու ուսման համար վճարել է հազարավոր եվրո. այսօր նա բանակում է

«Արմավիան» դեռ 2010-ից ունեցել է օդաչուների զավակների ուսման ծրագիր: Այն երեխաների հետ, ովքեր ցանկացել են շարունակել իրենց հայրերի գործը, ավիաընկերությունը պայմանագիր է կնքել: «Արմավիայի» պայմանը հետևյալն էր՝ ուսման ավարտից հետո նրանք պարտավոր էին վերադառնալ Հայաստան: Հայրերը պիտի աշխատեին յոթ տարի, որդիները՝ ինը: Չորս պատանի այդ ծրագրի շրջանակներում 2010 թ.-ին մեկնել է Թունիսի ավիացիոն ակադեմիայում սովորելու:

Նրանցից մեկը Սամվել Ղազարյանի որդին էր, ում ուսման համար հայրը պարտքով 18.000 եվրո է վճարում «Արմավիային»՝ նախապես կնքելով պայմանագիր:

Գումարը փոխանցվում է միջնորդ կազմակերպության: Անցնում է որոշ ժամանակ: Պարզվում է, որ միջնորդ կազմակերպությունը ոչ մի գումար էլ չի վճարել երեխաների ուսման համար ակադեմիային: «Արմավիան» դարձյալ օդաչուներից 7-8 հազար եվրոյի պայմանագիր է կնքում, գումար ավելացնում ու նորից ուղարկում միջնորդ կազմակերպությանը, բայց պատմությունը նորից կրկնվում է: Օդաչուները սկսում են հետ պահանջել իրենց գումարները:

Այս ընթացքում մի երեխայի ծնողը, ի վիճակի չլինելով հավելյալ գումարները մուծել, հրաժարվում է երեխայի ուսման ծրագրից, իսկ մյուսի հայրը դուրս է գալիս աշխատանքից: Մնում են երկու երեխա, ովքեր Թունիսի ակադեմիայի հետ առանձին պայմանագիր են կնքում, ընտանիքները հավելյալ վճարում են 38.000 ԱՄՆ դոլար, որ երեխաները, սովորեն, ավարտեն, դառնան օդաչու ու վերադառնան Հայաստան՝ ազգային ավիացիայում աշխատելու:

«Միկա Բաղդասարովի հետ ինքնաթիռում խոսում էինք, ասացի՝ ի՞նչ անենք, երեխաներն արդեն գալիս են, ասաց՝ մենք աշխատելու ենք «Բոինգ»-ներով: Շա՛տ լավ, երեխաներին ուղարկեցինք Վիլնյուս, որ վերապատրաստվեն: Հետո բացվեց բանակի հարցը: Երեխաների հարցը ներկայացրեցինք ՊՆ: Համաձայնություն եղավ, որ 15 օր պիտի լինեին բանակում, 15 օր պիտի թռչեին «Արմավիայում»: Բայց «Արմավիան» փլուզվեց: Հիմա որդիս դեռ պարտքն է տալիս պետությանը: Բայց երբ վերադառնա, նորից պիտի քառորդ ուսում ստանա»,- պատմեց օդաչու Սամվելը, ով 18.000 եվրոյի պատմությունը ևս վիճարկում է դատարանում ու պահանջում «Արմավիայից»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter