
Հրանտ Բագրատյան. «Բյուջեն թոփալ է, կաղ է, միոտանի է»
Այսօր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանին դիմելով, ասաց, որ, այնուամենայնիվ, իրենց խմբակցությունը (նկատի ունի` ՀՀԿ խմբակցությանը-հեղ.) կողմ է քվեարկելու 2014թ. բյուջեի նախագծին:
«Բայց չէ՞ որ մեր բյուջեն չունի եկամուտներ: Սահմանադրության 76 և 83.1 հոդծաներն ասում են` օրենքով հաստատել բյուջեի եկամուտների ձևավորումը»,- նկատեց Հ, Բագրատյանը, ում խոսքով` բյուջեի նոր նախագծով պետք է հաստատենք եկամուտների աճը , մինչդեռ բյուջեի նոր նախագծում եկամուտների մասին կա ընդամենը 6 տող:
«Բյուջեն թոփալ է, կաղ է, միոտանի է,- ասաց Հ. Բագրատյանը և ավելացրեց,- Սահմանադրության 106-րդ հոդվածն ասում է` օրենքով լիազորել տեղական ինքնակառավարման մարմիններին համատասխան միջոցներով: Բյուջեով դա չկա, ավելին` կա օրենքի 9-րդ կետի 8-րդ ենթակետը, որ ասում է` կասեցնել եկամտահարկի և շահութահարկի գծով հատկացումները տեղական ինքնակառավարման մարմիններին: Ի՞նչ ՏԻՄ առանց սեփական բյուջեի»:
Ըստ Հ.Բագրատյանի` այդ կետը բացակայում է բյուջեի նախագծում, ինչը նշանակում է, որ փորձ է արվել խախտել Սահմանադրությունը: «Ո՞վ է ձեզ նորից թույլ տվել խախտել Սահմանադրությունը: Սահմանադրությունը խախտելու այս փորձերն ո՞ւր են տանելու մեզ: Ինչպե՞ս կարող են բյուջե չունենալ տեղական ինքնակառավարման մարմինները»,- նշեց նա:
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահն էլ ասաց, որ ՀՀ բյուջեի կառուցվածքը բխում է բյուջետային համակարգի օրենքից: «Ես չեմ գտել որևէ պրոբլեմ այդ օրենքում և ներկայացված բյուջեի նախագծի մեջ, եթե Դուք խնդիրներ եք գտել, ապա ես պատրաստ եմ Ձեզ հետ միասին դիտարկելու այդ խնդիրները»,- նշեց Գ. Մինասյանը: Ըստ պատգամավորի` Հ.Բագրատյանի նշած համակարգի կիրառումը կարող էր բերել նրան, որ այդ գումարների ճնշող մեծամասնությունը կկուտակվեր Երևանի բյուջեում, և այդ համակարգի կիրառումը որևէ լավ բան չէր բերի 900-ից ավելի համայնքներին:
«Սա խնդիր է, որը միշտ եղել է քննարկման առարկա, և կարծում եմ` մենք դրա լավագույն լուծումը դեռ չենք գտել: Այն լուծումը, որ այսօր կա, իսկապես, վերջնական լինել չի կարող: Սա մի ընթացիկ լուծում է` մինչև մենք կարողանանք ավելի հանգամանալից, համապարփակ այնպիսի լուծում գտնել, որ կբավարարի ինչպես մեծ քաղաքներին, այնպես էլ փոքր քաղաքներին»,- պատասխանեց Գ. Մինասյանը:
Սրան ի պատասխան ` Հ. Բագրատյանը նշեց, որ ինքը շնորհակալ է, որ Գ. Մինասյանն ազնվորեն պատասխանեց, ինչին, սակայն, հակադարձեց Գ. Մինասյանը, թե իր պատասխանը ճիշտ չի ընկալվել:
Մեկնաբանել