
Փոխվարչապետն առաջարկում է տեսնել նաև դրականը
Այսօր` ԱԺ-ում 2014թ. պետական բյուջեի օրինագծի քննարկման առաջին հատվածում, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը «Ipad»-ով լուրեր էր կարդում: Նա անում էր դա անթաքույց, որոշ դեպքերում իր տեղեկություններով «կիսվում» էր իր աջ կողմում նստած ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի հետ: Փոխվարչապետի ձախ կողմում նստել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով քննարկումների երկրորդ հատվածում բացակայում էր դահլիճից:
Մտքերի փոխանակման ժամին, փոխվարչապետը «Ipad»-ը մի կողմ էր դրել, ապա որոշ ժամանակ անց նա ելույթ ունեցավ: Վերջինս անդրադարձավ դահլիճում հնչած որոշ դիտարկումներին:
«Աշխարհում չեք գտնի մի կառավարություն, որը քննադատության որևէ առիթ չտա, բայց ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ այս տարիների ընթացքում կառավարությունը միշտ փորձել է իրականացնել ծրագրեր` համագործակցելով, կոչ անելով քաղաքական դաշտի բոլոր ուժերին միասին լուծումներ գտնել, միասին խնդիրներին անդրադառնալ: Այսօր, ցավոք սրտի, այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ մեր կյանքում բացի բացասականից, բացի նեգատիվից, որևէ դրական, որևէ հույս, ապագային միտված որևէ միտում գոյություն չունի»,- ասաց փոխվարչապետը:
Ապա նա ներկաներին փորձեց հավատացնել, թե ստեղծված մթնոլորտում որևէ մեկը չի կարող հանգիստ աշխատել, ստեղծագործել: Այնուհետ փոխվարչապետը կոչ արեց դահլիճում ներկա գտնվողներին, որ կառավարության կողմից ներկայացված փաստաթղթի մեջ ոչ միայն բացասականը տեսնեն, այլև փորձեն դրականը գնահատել:
«Շատերը խոսում են` նշելով` մարզերում սա են ասում, մարզերում նա են ասում և այլն, բայց իրականում մարզերում բոլորից` լինի դա իշխանություն, թե ընդդիմություն, առաջընթաց են սպասում, քննադատություն չեն սպասում»,- նկատեց Ա. Գևորգյանը, ով դիտարկեց օրեր առաջ իր այցը Վայոց ձորի սահմանամերձ գյուղեր:
Իսկ այդ գյուղերում, ըստ նրա, կառավարությունից ընդամենն ակնկալում են քիչ թե շատ գործնական քայլեր իրենց հոգսերը պակասեցնելու համար, իրենց հնարավորությունները մեծացնելու համար: «Բայց մյուս կողմից, երբ որ բացատրում ես, ասենք, այդ նույն աշխատավարձերի մասին խնդիրը, ներկայացնում ես` ինչ մոտեցումներով է այդ ամենը արվում, ոնց որ թե ընկալում կա: Այդ ընկալումն էականորեն տարբերվում է այս դահլիճում տիրող ընկալումից,- ասաց փոխվարչապետը և հավալեց,-անընդհատ խոսվում է, որ կուտակային հիմնադրամը մյուս տարվանից սկսելու է գործել և զինվորականների այդ 10% ավելացումով որևէ հարց չի կարող լուծել: Բայց եկեք, եթե Ա-ն ասում ենք, Բ-ն էլ ասենք: Կուտակային հիմնադրամի` հունվարի 1-ից գործող մեխանիզմները զինվորականների վրա չեն տարածվելու: Հիմա սա ի՞նչ է` հանրությանը հատուկ թյուրիմացության մեջ գցե՞լ, թե՞ ընդամենը խնդիրը շահարկել: Այս է խնդիրը, հարգելի բարեկամներ: Եթե մենք սևով սպիտակին գրածը նույնպես պետք է մեկնաբանենք այնպես, ինչպես ենք ուզում..մեր քաղաքական նպատակներին, մենք, իհարկե, առաջընթաց չենք ունենալու»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել