
«Սա հուսահատ, անողնաշար բյուջե է, պարոնայք»
Այսօր ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով 2014թ. պետական բյուջեի օրինագծին, ասաց, որ ՀՀ կառավարությունը բյուջեի ուղերձը մշակելիս օգտագործել է հարվածային բառապաշարի մի հուժկու զինանոց: Այնուհետ պատգամավորը մեջբերեց այդ բառերը. «Զարգացնել, խթանել, բարձրացնել, հզորացնել, աջակցել, նպաստել, ապահովել, ամրապնել, կատարելագործել, ընդլայնել, խորացնել, արդիականացնել, ներգրավել, բարեփոխել, վերահսկել, նախապատրաստել, շարունակել, մշակել, կարգավորել, որակավորել, որոշակիացնել, զորացնել, օժանդակել, նյույնիսկ հանրահռչակել: Ահա այն բառերը, որոնք դուք կհանդիպեք բյուջեի նախագծում: Հնչեղ այդ բառերը, սակայն, բյուջեի այդ նախագծին ամենևին հնչեղություն չեն հաղորդում, և այդ փաստաթղթին ծանոթանալիս հարց է առաջանում` գործունա՟կ է արդյոք կառավարությունը»:
Ն. Փաշինյանի խոսքով` Հայաստանի առջև կանգնած ամենալուրջ մարտահրավերի` աղքատության կառավարման մասին բյուջեի ուղերձում որևէ բառ չկա: Ըստ նրա` մասնավորապես արձանագրում չկա, թե ինչքան է ընթացիկ տարում աղքատությունը ՀՀ-ում և ինչքան է դառնալու այդ բյուջեի ծախսման արդյունքում: «Ֆինանսների նախարարը, պատգամավորներից մեկի հարցին պատասխանելով, ասաց, թե մեր հաշվարկներով 32-33% պիտի լինի, եթե նույնիսկ այդպես է, դա պերճախոս վկայությունն է գործող կառավարության ձախողման: Ինչո՞ւ, որովհետև 2008թ. ընդունված կայուն զարգացման ծրագրով նախատեսվում էր, որ 2012թ. աղքատությունը Հայաստանում պետք է լինի 14%, այսինքն` կառավարությունն այս ցուցանիշը մոտ 150%-ով թերակատարել է, հիմա արդարացում ունեն, ասում են` բա ֆինանսատնտեսական ճգնաժա՞մը»,- նշեց Ն. Փաշինյանը:
Ըստ պատգամավորի` կայուն զարգացման ծրագիրն ընդունվել էր 2008թ հոկտեմբերի 30-ին` այն օրերին, երբ բոլոր լուրերն սկսում-ավարտվում էին ֆինանսատնտեսական ճգնաժամի մասին նոր տեղեկություններով: Էդ ժամանակ երևի երկրագնդի վրա մի մարդ կար, որ ասում էր` ուշադրություն մի դարձրեք, ի՞նչ ճգնաժամ, ինչ բան, մի’ խոսեք էդ մասին: Էդ Տիգրան Սարգսյանն էր, և հիմա այդ չխոսելու արդյունքները մենք տեսնում են»,- նկատեց Ն. Փաշինյանը:
Այնուհետ պատգամավորն անդրադարձավ կենսաթոշակների բարձրացմանը` նկատելով, որ այդ «բարձրացող, գովական թոշակը» չի հասնում աղքատության գծին, ինչը 2011թ. աղքատության նիշից ներքև է:
«Ասում են` ուսուցիչների աշխատավարձ ենք բարձրացնում: Վերցնեք էլի նույն ցուցանիշը, թե ինչ է գրված ուսուցիչների աշխատավարձի մասով: Ուրեմն, ուսուցիչների աշխատավարձի համար ասվում է` ուսուցիչների միջին հաշվարկային աշխատավարձը 2013 թ. 144. 000 դրամի փոխարեն դառնալու է 146.800 դրամ, աճը`4 ,5% է: Եթե հաշվի առնենք, որ հունվարի 1-ից էլ մտնելու է պարտադիր կուտակային բաղադրիչը, 74թ. հետո ծնված ուսուցիչների աշխատավարձը էս բյուջեով 0,5%-ով նվազելու է: Չգիտե՞ն էս մասին կառավարության անդամները: Իհարկե, գիտեն: Հիմա ինչի՞ է սենց տխուր պատկերը, որովհետև կառավարությունը փող չունի»,- ընդգծեց Ն. Փաշինյանը:
Ըստ նրա` երկրում գումար կա: «Գլուխ են գովում, որ բոլոր տողերով եկամուտների ցուցանիշներն աճում են` ավելացված արժեքի հարկ, շահութահարկ, բայց բյուջեում, ես երեկ ասացի, որ մի տող կա, որ 2000թ. ինչ-որ տարօրինակ դինամիկաներ է ցույց տալիս: Դա «Այլ եկամուտների» բաժնում իրավախախտումների համար գործադիր, դատական մարմինների կողմից կիրառվող պատժամիջոցների հոդվածն է, որ եկամուտներն են ստանում: Ուրեմն, մեծամասամբ էստեղ տեղ են գտնում այն գումարները, որոնք բյուջե են մտնում, օրինակ, ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների խախտման տուգանքների պատճառով: Էս ի՞նչ ա, որ բոլոր հոդվածներում բյուջեի մուտքերը նվազում է, իսկ էս հոդվածով պակասում է»,- ասաց Ն. Փաշինյանը: Նրա դիտարկմամբ` դա այն դեպքում է, երբ երթևեկության կանոնների խախտման համար բոլորը վճարում են ավելի շատ, քան նախկինում, բայց բյուջեի մուտքերը պակասում են: «Ինձ համար պատճառը պարզ է, մամուլը գրեթե ամեն օր գրում է, որ էդ փողերը տնօրինում է Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը, ու էս տարի, ըստ մամուլի տվյալների, էլի 4,2 մլրդ դրամ գումար է հավաքել»,- նշեց նա:
Ն. Փաշինյանը 2014թ. պետական բյուջեի օրինագիծը համարեց հուսահատ, անողնաշար բյուջե` հայտարարելով, որ ինքը դեմ է քվերակելու բյուջեի նախագծին: «Չեմ կարող կողմ քվեարկել մի փաստաթղթի, որտեղ ուղղակի հընթացս արձանագրվում է, որ զորակոչիկների թիվը պակասել է և շարունակելու է պակասել, աշակերտների թիվը պակասել է և շարունակելու է պակասել, ծնունդների թիվը պակասել է և շարունակելու է պակասել: Սա ուղղակի հուսահատ, անողնաշար բյուջե է, պարոնայք»,- ասաց պատգամավորը:
Մեկնաբանել