HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեք ամսվա կալանք՝ առանց առերեսման

Պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ, այս տարվա մայիսի 9-ից Ազատության հրապարակում ազատամարտիկների հիմնախնդիրների լուծման պահանջով նստացույցի կազմակերպիչներից Վոլոդյա Ավետիսյանն արդեն 3 ամիս է, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում է, կալանքի տակ, սակայն ամենակարևոր քննչական գործողությունը՝ ըստ մեղադրանքի տուժող Հ. Զաքարյանի հետ առերեսում դեռ չի կատարվել: Այս մասին փաստում է ազատամարտիկի փաստաբան Արա Զաքարյանը:

«ՊՆ քննչական ծառայությունը, որտեղ և հարուցվել է քրեական գործը, հույժ գաղտնիության մեջ է պահում տուժող Հ. Զաքարյանի ով լինելը, ումից և, ըստ մեղադրանքի, Վոլոդյան գումար է վերցրել»,- ասում է փաստաբանը:

«Մենք չենք ճանաչում, թե ով է Հ. Զաքարյանը, չգիտենք՝ որտեղ է բնակվում, ով է: Այնքան մարդ է իրեն փնտրում»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Վոլոդյա Ավետիսյանի որդին՝ Նորիկ Ավետիսյանը:

Վոլոդյա Ավետիսյանի կալանքի ժամկետն օրերս երկարաձգվեց ևս երկու ամիս ժամկետով:

Արա Զաքարյան

«Սակայն, երբ նայում ենք Գևորգ Խաչիկյանի՝ քննիչի բերած հիմքերը, թե կատարվել են այսինչ քննչական գործողությունները և դեռ 2 ամիս էլ անհրաժեշտ է, որպեսզի դարձյալ կատարվեն ինչ-ինչ քննչական գործողություններ՝ չմանրամասնելով, թե ինչ գործողություններ են կատարվել, ողջ պատկերը պարզ է դառնում»,- ասաց փաստաբանը: «Հետքի» հարցին, թե քննիչը քանի անգամ է այցելել Վոլոդյային, փաստաբանը նկատեց՝ միայն նոր մեղադրանքը առաջադրելիս: Ազատամարտիկի փաստաբանը կալանքի երկարացման որոշումը բողոքարկել է Վերաքննիչ դատարան:

Այս տարվա մայիսի 9-ից Վոլոդյա Ավետիսյանն ու իր մարտական ընկերները Ազատության հրապարակում ազատամարտիկների հիմնախնդիրների լուծման պահանջով նստացույց էին նախաձեռնել: Նրանք մի քանի անգամ հանդիպել էին ՀՀ վարչապետի հետ, ներկայացրել իրենց առաջարկները, սակայն որևէ էական, շոշափելի տեղաշարժ ազատամարտիկների սոցիալական խնդիրները լուծելու ուղղությամբ այդպես էլ չէին ձեռնարկվել: Վոլոդյայի ազատամարտիկ ընկերներն ու ինքն անձամբ գտնում են, որ քաղաքական հաշվեհարդար է ազատազրկումը: «Ես հանդիպում եմ իմ պաշտպանյալին, նա հավոզված է, որ ազատազրկումը կապված է իր գործունեության հետ»,- ասում է փաստաբան Զաքարյանը: Ըստ Արա Զաքարյանի` այդ համատեքստում պետք է դիտել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հայտնած կարծիքն այն մասին, որ Վոլոդյայի հետ որոշակի պայմանավարովածություններ կային, սակայն նա խախտեց այդ պայմանավորվածությունը: 

Համաձայն գնդապետին առաջադրված մեղադրանքի` Վոլոդյա Ավետիսյանը կասկածվում է խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու համար 2000 ԱՄՆ դոլար հափշտակելու մեջ, իսկ հոկտեմբերի 17-ին ավելացվել է ևս մեկ հոդված՝ խարդախության փորձ կատարելը:

Առաջին լուսանկարում` Վոլոդյա Ավետիսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter