HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ռետրո ակումբ». բալլադներ

Նաիրա Հայրապետյան 

սկիզբը 

Բալլադի բնորոշումը փնտրելիս առավել հաճախ հանդիպում ենք հետևյալ ձևակերպմանը` քնարա-վիպերգական բանաստեղծություն է, որի մեջ ավանդական, պատմական կամ որևէ այլ թեմայով ստեղծված պատմողական սյուժեն ներկայացվում է հեղինակի հույզերի և խոհերի բացահայտմանը զուգընթաց, երբեմն` երաժշտության ուղեկցությամբ: Դասական իմաստով այն ավելի մոտ է էպոսին: Բանահյուսական այս ժանրը հաճախ է օգտագործվել նախ` պոետների, ապա` երաժիշտների, իսկ հետագայում, ավելի ուշ իհարկե, կոմպոզիտորների կողմից:

18-րդ դարից սկսած` ի հայտ եկան բալլադային օպերաներ, որոնք հիմնական տեղ էին զբաղեցնում անգլիական թատերական միջավայրում, և ոչ միայն որպես զուտ ժամանցային, այլև մրցակցային տեսակ` ի հակադրություն լոնդոնյան բեմերում գերիշխող իտալական օպերաների: Վերջիններիս արիստոկրատիկ թեմաների և բարձրաճաշակ երաժշտության փոխարեն` բալլադային օպերաների հիմքում ժողովրդական երգեր, ավանդապատումներ և պատմություններ էին` նախատեսված ավելի հասարակ խավի հանդիսատեսի համար: Ավելի ուշ` 19-րդ դարից սկսած, բալլադն արդեն օգտագործվում էր, իբրև հայտնի բնորոշում սիրերգերի համար. այն սիրերգերի, որոնք առանձնանում էին կատարման ավելի դանդաղ ռիթմով, ավելի զգացմունքային մեղեդեդիներով: Այս հատկանիշների շնորհիվ մինչ օրս բալլադը երաժշտական աշխարհում հաճախ գործածվում է սիրո երգ իմաստով` (Love song), հատկապես փոփ և ռոք- բալլադների դեպքում: Կախված երգի ժանրային պատկանելիությունից` բալլադները կարող են տարբեր լինել. օպերային, ջազ, փոփ, ռոք, բլյուզ և այլն: 

Որքան հաճախ ստեղծագործության մեջ նշվում է «բալլադ» բառը, այնքան ավելի շեշտվում է երգի կամ երաժշտության «ժողովրդական արմատներ» կրելու փաստը. օրինակ` Բիթլզի «The Ballad of John and Yoko»,  Բիլի Ջոելի «The Ballad of Billy the Kid» երգերը: 

The Beatles - The Ballad of John and Yoko 

Բալլադ  երաժշտական տերմինի ժամանակակից ամենահայտնի բնորոշումը «Sentimental Ballad»-ն է, որը տարածվում է երաժշտական մի քանի ժանրերի ուղղությամբ` ջազի, բլյուզի, փոփի և ռոքի: Այն սովորաբար կոչվում է նաև մելոդրամային: Երբ 20-րդ դարի սկզբներին ի հայտ եկան ռեգթայմը և վերը նշված ժանրերը, մինչ այդ մեծ մասսայականություն վայելող բալլադը սկսեց անկում ապրել: Իսկ ահա 1950-ական թթ. երբ այդ ժանրերում սենտիմենտալությունը, այն է թե` պարզ զգացմունքայնությունը գերիշխող դարձավ, հատկապես սիրո թեմայով երգերում, բալլադը կամաց-կամաց սկսեց վերգտնել իր ներկայությունը, բայց արդեն այս ժանրերին բնորոշ ձևաչափով:

Փոփ և ջազ ստանդարտի բալլադային տարբերակների մեծ մասը ստեղծվում էր նույն չափանիշներով` պարզապես այս երկու տարբեր երաժշտական ժանրերին բնորոշ արտահայտչականությամբ: Այս առումով ավանդական են համարվում Ջոնի Գրինի «Body and Soul»-ը, Ջորջ Գերշվինի «The Man I Love», Բիլլի Հոլիդեյի «God Bless the Child» ստեղծագործությունները, Ջոն Քոլթրեյնի «Naima»  գործիքային բալլադը, Դյուկ Էլինգթոնի «In a Sentimental Mood»-ը  և այլն: 

 George Gershwin- «The man I love» by Ella Fitzgerald

Ռոք-բալլադներին ևս բնորոշ է զգացմունքայնությունը. այս  գործերում բանաստեղծական մասը սովորաբար տարբերվում է ռոքի ստանդարտ տեքստերից` առավել լիրիկական, մելանխոլիկ, հազվադեպ ագրեսիվ տրամադրությամբ: Դրանք հիմնականում կարող են լինել առանց սյուժեի և պարզապես արտահայտել հեղինակի կամ երգչի զգացմունքները: Գործիքավորման մեջ շեշտը հաճախ դրվում է էլեկտրական կիթառի, երբեմն` ստեղնաշարային սոլո-կատարումների վրա: Ռոք-բալլադները հիմնականում առանձին սինգլներով են թողարկվում, նրանց հիման վրա նկարահանվում էին տեսահոլովակներ և, շատերի համոզմամբ, շատ արագ են ներթափանցում լսարան, իսկ էմոցիոնալ առանձնահատկության շնորհիվ ընդունվում են նույնիսկ ռոքի հանդեպ ծայրահեղ մոտեցում ունեցող երաժշտասերների կողմից: 

 Gary Moore featuring Phil Lynott- «Parisienne Walkways» 

Այս տեսակի մեջ, սակայն, յուրահատուկ տեղ ունեն «pօwer» բալլադները, որոնք ոչ հաճախ են հանրամատչելի դառնում… 

շարունակելի

Մեկնաբանություններ (1)

Վահան
Հետաքրքիր կլիներ իմանալ բլյուզում ի°նչ ձևաչափ ընդունեց

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter