HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացիները 3 ամիս ունեն՝ կուտակային ֆոնդեր ընտրելու համար

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը դիմեց ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին, որ նա նշի այն երկրների անունները, որտեղ ներդրված է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը և կա միջազգային փորձ:  Նրա երկրորդ հարցը վերաբերում էր լիցենզավորված կառավարիչներին, ըստ նրա` բարեփոխումների հայեցակարգի  համաձայն` 2013 թ. հուլիսի 1-ին արդեն պետք է առկա լինեին լիցենզավորված կառավարիչները, որոնք այդ ժամկետի դրությամբ չեն եղել: Երրորդ հարցը վերաբերում էր կուտակային կենսաթոշակային համակարգի հիմնադրամների ընտրությանը:

«Գործող օրենքի 86-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները մինչև 2014 թ. հունվարի 1-ը սույն օրենքով նախատեսված կարգով պետք է կատարեն կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրություն, այլապես ընտրությունը կատարվում է սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 39-րդ հոդվածի սահմանված կարգի: Ձեր կարծիքով` 25 օր (և եթե օրենքն ուժի մեջ մտնի, մի քիչ ավելի կարճ) ժամկետում մեր քաղաքացիները` Ձեր կողմից նշված 1974թ. հետո ծնվածները, ի վիճակի՞ են կատարել ընտրություն: Եվ արդյոք օրենքի այս սահմանափակումը ողջամիտ է, տրամաբանական է»,- հարցրեց Ա. Մինասյանը:

Այնուհետ պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյոք Ն. Երիցյանին հայտնի է որևէ երկիր, որտեղ պարտադիր բաղադրիչն արդյունավետ  աշխատել է, և այդ երկրում չկա արժեթղթերի զարգացած շուկա կամ կոորպորատիվ կառավարման զարգացած համակարգ: «Հաջորդը. «Նասդաք Օեմեքսին»՝ Հայաստանի ֆոնդային բորսայի և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի վաճառքի պայմաններում ի՞նչ պարտավորություն է ստանձնել Կենտրոնական բանկը կամ Հայաստանի Հանրապետությունը՝ կապված կենսաթոշակային համակարգի բարեփոխումների հետ: 6-րդ հոդվածում ամրագրում եք, որ ձեռքբերված միջոցները միջին ռիսկայնության ակտիվներ ունի: Ինչո՞ւ ոչ զրոյական ռիսկեր, ակտիվներ ունի»,- հարցրեց Ա. Մինասյանը:

Երիցյանի պատասխաններում որևէ հստակ դիտարկում բացակայում էր: Նա նախ նշեց, որ երկրների փորձը բազմաթիվ է` ներառյալ զարգացած երկրները: Ըստ նրա` այդ համակարգն իրենց վերցրել են Միացյալ Նահանգների 401K համակարգից: «Բայց լավագույնը զարգացած երկրներում Հոլանդիայի համակարգն է, որը պարտադիր համակարգ է: Լատինական մի քանի համակարգեր, որոնցից Չիլին ամենահոջղվածն է համարվում, ասիական փոքր երկրներից՝ Հոնկոնգը, Սինգապուրը, որոնք ներդրել են, Արևելյան Եվրոպայի բոլոր երկրները՝ Եվրամիություն մուտք գործելու ժամանակ»,- ասաց Ն. Երիցյանը:

Նրա ասելով` 2013 թ. հուլիսին պատգամավորի մեջբերած վերջնաժամկետ չեն ունեցել. իրենք կառավարության հետ համատեղ ունեցել են պայմանավորված վերջնաժամկետ: «Մեր ժամանակացույցը հետևյալն է եղել. ապրիլ ամսին ավարտել բանակցությունները, իրազեկումը ակտիվների կառավարիչների, միջազգային ընկերությունների հետ, մայիս ամսին բոլորը, ովքեր ցանկություն են հայտնել, ներկայացրել են գրառումներ իրենց ցանկությունների մասին: Նախնական բանակցությունների արդյունքոմ մոտ 5-7 ընկերություններ իրենց իրենց վերջնական հետաքրքրություններն են հայտնել, հունիս-հուլիս ամսիներին արդեն հստակ էր մեզ մոտ, թե որ ընկերությունները կարող էին լինել և ինչ չափաբաժիներով»,- պարզաբանում էր Ն. Երիցյանը:

Նրա խոսքով` մինչև 2014 թ. մարտ ամիսը կա ժամանակ, որպեսզի քաղաքացիները կատարեն հիմնադրամի ընտրություն:

Ինչ վերաբերում է պարտադիր բաղադրիչին, վերջինս նշեց, թե ինքը դեպքեր գիտի, որ այդ բաղադրիչի կիրառումը բերել է կապիտալի շուկայի զարգացմանը:

«Նասդաք Օեմեքսին» վաճառքի հարցում որևէ պայման չկա, ըստ նրա: «Ուղղակի պայմանն էն է եղել, որ մարդիկ էդ ռեֆորմին հավատալով, ներդրում են կատարել Հայաստանում: Այսինքն` մենք պատմել ենք էդ պատմությունն, իրենք հասկացել են, որ կա մեծ  զարգացման հեռանկար, հնարավոր է` կապիտալի շուկաները զարգանան, և էդ որոշումը կայացրել են: Որևիցե պայման կամ պարտավորություն, որ ռեֆորմը պիտի լինի «Նասդաք Օեմեքսի» համար, հիմա հրապարակային եմ ասում, չկա»,- ասաց Ն. Երիցյանը:

Այնուհետ պատգամավորը հետաքրքրվեց նրանից, թե արդյոք պատրաստ են տրամադրել առուծախի պայմանագիրը Ազգային ժողովին` «Նասդաք Օեմեքսի», Հայաստանի ֆոնդային բորսայի և կենտրոնական դեպոզիտարիայի գործարքի ժամանակ: Երիցյանը պատասխանեց, թե այդ մասին, ցավոք սրտի, բան չի կարող ասել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter