HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայերն օսմանյան վարչական համակարգում

Մահմեդականացած հայազգի պետական գործիչներ

Օսմանյան կայսրությունում պետական բոլոր պաշտոնները զբաղեցնում էին օսմանցի թուրքերը, մահմեդական այլ ազգերը եւ մահմեդականացած քրիստոնյաները, քանզի կառավարելու իրավունքը մահմեդականի մենաշնորհն էր:

Շարիաթը (մահմեդականության իրավական օրենսդրությունը, որը հիմնված էր հոգեւոր հրամանների եւ պատվիրանների վրա) թույլ չէր տալիս, որ մահմեդականը գտնվի քրիստոնյայի ենթակայության դակ:

Այդ իսկ պատճառով հայերը երկար դարեր` մինչեւ 1839 թվականի Թանզիմաթի (օսմանյան առաջին բարենորոգումների ծրագիրը) հռչակումը, հեռու էին պետական պաշտոններից:

Եթե, իհարկե, չհաշվենք այն բացառիկ դեմքերին, ովքեր վաղ հասակում, մանկաժողովների ժամանակ խլվելով իրենց ծնողներից, բռնի մահմեդականացել էին` ենիչերիների բազմահազար զորագնդերը լրացնելու համար:

Օսմանյան իշխանությունները ոչ մահմեդականների ռազմական ուժը գործածելու եւ իրենց ռազմուժի հարաճուն կարիքները բավարարելու նպատակով կայսրության քրիստոնյա բնակչության հանդեպ կիրառում էին մարդկային հարկատեսակ՝ դեվշիրմեն (մանկաժողովները), որի հետեւանքով ավելի քան երեք դար հայ ժողովրդի լավագույն ներկայացուցիչների բազմաթիվ սերունդներ, խլվելով իրենց ազգային միջավայրից, ծառայել են հանուն օտար պետության եւ օտար կրոնի հաղթանակի:

Հայկական ծագում ունեցող ենիչերիների մեջ գտնվել են անհատներ, ովքեր իրենց քաջության եւ ընդունակությունների շնորհիվ կարողացել են բարձրագույն դիրքեր գրավել օսմանյան ռազմական եւ վարչական համակարգում: Նրանցից ոմանք Օսմանյան կայսրության մեջ ուշագրավ դեր են կատարել՝ հասնելով անգամ մեծ եպարքոսի (մեծ վեզիր) աստիճանի:

Հայկական ծագում ունեցող ենիչերիներից նշանավոր էր XVII դարի ծովակալ Խալիլ (Հալիլ) փաշան, որն իր սխրագործություններով փառապանծ էջեր է թողել օսմանյան տարեգրության մեջ:

Խալիլ փաշան կեսարացի հայ էր, որը մանկաժողովների ժամանակ խլվել էր իր ծնողներից եւ Կ.Պոլիս փոխադրվելով` հասել բարձրագույն դիրքերի եւ մեծ ծառայություններ մատուցել օսմանյան պետությանը:

Ենիչերիների աղասիի (ենիչերիական բանակի հրամանատար) պաշտոնից բարձրացել եւ 1609 թվականին ստացել է վեզիրի տիտղոս, այնուհետեւ նշանակվել է մեծ եպարքոս: Խալիլ փաշան վանել է ղազախների արշավանքը Սինոպից, նորոգել է խաղաղության դաշինքը Լեհաստանի եւ Ավստրիայի հետ:

1619 թ. կռվել է պարսիկների դեմ եւ Շահ Աբասին ստիպել հաշտություն կնքել: 1620 թ. դարձյալ պաշտոնանկ է եղել եւ կրկին դարձել ծովակալ: 1621 թ. կռվել է Լեհաստանի դեմ: 1626-1627 թթ. վերահաստատվել է մեծ եպարքոսի պաշտոնում:

Հայկական ծագում ուներ XVII դարի զորավար եւ պետական գործիչ Սուլեյման փաշա Էրմենին (1605-1680), որը ծնունդով մալաթիացի է եւ հայ ծնողների զավակ: 1605 թ. մանկահավաքի ժամանակ տարվել է Կ.Պոլիս, եղել կրոնափոխ եւ անվանափոխ:

Սուլեյմանն իր ընտանիքի մեկ այլ անդամի՝ բռնի մահմեդականացված բարձր պաշտոնյա Իսմայիլի միջնորդությամբ պաշտոն է ստացել արքունիքում:

Նա իր բնատուր կարողությունների, ճարպկության եւ քաջության շնորհիվ կարողացել է հասարակ զինվորից բարձրանալ մեծ եպարքոսի աստիճանի եւ դառնալ օսմանյան պատմության կարեւոր դեմքերից մեկը: Եղել է սուլթան Իբրահիմի (1640-1648) թիկնապահը:

Որոշ ժամանակ անց բարձրանում է վեզիրության աստիճանի, այնուհետեւ դառնում վեզիրի խորհրդական, ապա` վարում Կարնո եւ Սեբաստիայի կուսակալությունները: Մասնակցել է Կրետեի գրավմանը: 1644 թ. դարձել է մեծ եպարքոս: Քանիցս երկիրը փրկել է մեծ վտանգներից:

Հրաժարվել է մեծ եպարքոսի պաշտոնից` խռովահույզ ժամանակներում փրկելով իր կյանքը: Երկու անգամ վարել է մեծ եպարքոսի տեղապահի պաշտոնը: Եղել է Էդիրնեի (Ադրիանապոլիս) արքունական պալատի վերակացուն:

Սուլեյման փաշան ոչ առաջինն էր եւ ոչ էլ վերջինը բռնի մահմեդականացված հայերից, սակայն թերեւս միակն էր, որը չթաքցրեց իր ազգային ծագումը եւ Էրմենին որպես տիտղոս կրեց իր անվան կողքին իր կյանքի ողջ ընթացքում, անգամ` մեծ վեզիրի պաշտոնում:

Օսմանյան կայսրության մեծ եպարքոս պաշտոնին է հասել մանկահավաքների ժամանակ իր հայ ծնողներից խլված եւ բռնի հավատափոխված 17-րդ դարի պետական գործիչ Խուսրեւ (Խոսրով) փաշան:

Օսմանյան իշխանությունները օգտագործեցին քրիստոնյա հպատակների ներուժը, նրանց գենոֆոնդը ոչ միայն իրենց բանակի հզորացման համար:

Մանկաժողովների ժամանակ բռնի մահմեդականացված երիտասարդներից բարետեսներն ու խելացիները ուղարկվում էին արքունիք՝ իչ օղլան կոչված օջախ, ուր նրանց դարձնում էին օսմանյան իշխանության նվիրյալ ծառաներ եւ պատրաստում պալատի տարբեր մասնաբաժիններում ծառայության:

Իչ օղլանների համակարգը վճռորոշ դեր ունեցել է օսմանյան պետության վարչական համակարգի կայացման, պետության զարգացման եւ հզորացման գործում:

Օսմանյան վարչական համակարգում բարձր դիրքերի հասած պետական գործիչներից հայկական ծագում ուներ XVII դարի գուպպե վեզիրներից (պետական նախարար) մեկը՝ Կարա Մեհմեդ փաշա Դողանջըն:

Նա ծովակալ Խալիլ փաշայի ավագ եղբայրն էր: Մեծ եպարքոս բոսնիացի Իբրահիմ փաշայի հետ մրցակցության պատճառով 17-րդ դարի վերջին գլխատվել է:

18-րդ դարի օսմանյան պատմությունը ունեցավ վերելքի մի կարճ շրջան, մտավոր կյանքի ծաղկման մի քանի տարիներ: Այդ շրջանում Եվրոպային հետեւելու փորձեր կատարվեցին:

Հիմնվեց օսմանյան տպագրությունը, ստեղծեցին մատենադարաններ, Կոստանդնուպոլսում կառուցվեցին հանրային եւ պետական հոյակապ շենքեր, բարեկարգվեցին երկրի մյուս քաղաքները:

Բարենորոգչական այս բոլոր ձեռնարկների հեղինակն էր հայազգի մեծ եպարքոս Իբրահիմ փաշա Նեւշեհիրլին (Տամատ) (1662-1730): Նրա հայկական ծագման մասին է վկայում Ալֆոնս դը Լամարթինը 1855 թ. Փարիզում հրատարակված օսմանյան պատմությանը նվիրված իր պատմագիտական աշխատության մեջ:

Թերեւս Իբրահիմ փաշայի հայկական ծագման փաստով է բացատրվում նրա կողմից հայերի նկատմամբ ցուցաբերած բարյացակամ վերաբերմունքը: Նրա եպարքոսության շրջանում են վերաշինվել Գումգաբուի Սուրբ Աստվածածին, Սամաթիայի Սուրբ Գեւորգ եւ Կ.Պոլսի այլ եկեղեցիներ:

1724 թ. Հովհաննես Կոլոտ պատրիարքը մեծ եպարքոս Իբրահիմ փաշային բողոք է հայտնում այն մասին, որ Կովկասից որպես գերիներ բերված հայերը վաճառվում են ստրկական շուկաներում: Մեծ եպարքոսի` բոլոր հրամանատարներին ուղղված հրամանով դադարեցվում է հայերի վաճառքը ստրկական շուկայում:

Իբրահիմ փաշայի եպարքոսության շրջանում պոլսահայությունը կարողացել է տարբեր ասպարեզներում առաջընթաց արձանագրել:

Հայկական ծագում ուներ սուլթան Աբդուլ Համիդ Ա.-ի (1771-1788) ծովակալ Հասան փաշա Ճեզայիրլի Ղազին: Նա Ռոդոսթոյի Ս. Խաչ թաղի աղքատ հայ ընտանիքի զավակ էր, ում ծնողները ստիպված են եղել փոքրիկ տղային որպես քեոլե (ստրուկ) հանձնել Հաջի Օսման անունով մի օսմանցի վաճառականի, որը նրան Հասան անունն է տվել:

Երկար շրջան գտնվել է Ճեզայիրում (Ալժիրում), այստեղից էլ` նրա մականունը: Իր արտակարգ կարողությունների եւ քաջության շնորհիվ հայտնի է դարձել որպես ճարտար վաճառական եւ խիզախ ծովագնաց:

Այնուհետեւ ծառայության է անցել օսմանյան ռազմա-ծովային նավատորմում եւ նշանավոր դարձել տերությանը մատուցած իր մեծ ծառայություններով: Մասնակցել է Մալթա կղզու պաշարմանը:

Կրում էր ղազի (մահմեդական կրոնի համար կռվում հաղթած անձ) մականունը:

Սուլթան Աբդուլ Համիդ Ա.-ի օրոք բարձրացել է վեզիրության աստիճանի եւ նշանակվել ծովակալ:

Հասան փաշայի նախաձեռնությամբ կառուցվել են օսմանյան ռազմա-ծովային նավատորմի մեծ զորանոցը եւ ռազմական այլ շինություններ: Նրա ծովակալության շրջանում ծաղկել է նավաշինությունը:

Հայկական ծագում է վերագրվում նաեւ 18-րդ դարի մեծ եպարքոսներից մեկին՝ Էսսեյյիդ Մեհմեդ փաշային: Սա գուցե նրա` հայերի նկատմամբ բարյացակամ վերաբերմունքի փաստից բխող ենթադրություն է պարզապես:

Սակայն վստահ կարելի է պնդել, որ Խալիլ, Սուլեյման, Մեհմեդ փաշաների նման բռնի մահմեդականացված շատ հայազգիներ են փայլել օսմանյան վարչական ասպարեզում, սակայն ծառայելով թրքությանը` ճանաչվել են որպես թուրք:

Նրանց անունները կամ մեզ չեն հասել, կամ օսմանյան պատմությունը չի կամեցել արձանագրել նրանց ազգային ծագումը եւ չափազանց ժլատ է այդ մասին փաստեր տրամադրելիս:

Օսմանյան կայսրության պետական վարչական կյանքում հայերը սկսեցին հայտնվել եւ նրանց դերը աստիճանաբար մեծացավ այն պահից, երբ երկրի վարչական համակարգը ձեւափոխման, եվրոպականացման կարիք ունեցավ:

19-րդ դարում Օսմանյան կայսրությունը եվրոպական դիվանագիտության կողմից ստացել էր «Հիվանդ մարդ» բնութագրումը: Եվ, իսկապես, կայսրության պետական մեքենան հիվանդ մարդու գալարումներով էր գործում:

19-րդ դարի կեսերից Բարձրագույն դուռը, հետեւելով եվրոպական երկրներին, սկսեց արդիականացնել իր պետական համակարգը: Սակայն թուրքերը պատրաստ չէին սեփական ուժերով դա իրականացնել:

Եվրոպական տիպի նախարարությունների ստեղծման ժամանակ զգացվեց Եվրոպայի համալսարաններում ուսանած, թուրքական իրականությանը քաջածանոթ եւ օտար լեզուների մեր հմուտ հայ մասնագետների կարիքը:

Հայերն աչքի ընկնող եւ նույնիսկ գլխավոր դեր պետք է ստանձնեին այն նախարարություններում, ուր մասնագիտական հմտություն եւ ձեռներեցություն էր անհրաժեշտ: Թուրքական փառասիրությունը թույլ չէր տալիս նախարարություններն ամբողջովին հանձնել հայերին:

Թուրք նախարարների կողքին մեծ թվով հայեր փոխնախարարի պաշտոնը վարեցին առեւտրի, ֆինանսների, փոստ-հեռագրատան, հասարակական կառույցների, անտառների եւ հանքերի, հանրային կրթության, արդարադատության եւ արտաքին գործոց նախարարություններում:

Իրականում այս գերատեսչությունների իրական վարիչները նրանք էին, քանզի նախարարությունների ողջ հոգսն ու պատասխանատվությունը դրված էր հայ փոխնախարարների ուսերին: Անհրաժեշտ եղավ, եւ հայերը նստեցին նաեւ նախարարական աթոռներին:

Հայ պետական պաշտոնյաներն իրենց արդյունավետ գործունեությամբ փաստեցին, որ հայերը ոչ միայն ճարտար արհեստավորներ եւ առեւտրականներ են, այլեւ կարող վարչագետներ:

Թուրք հասարակական գործիչ եւ լրագրող Շուլե Բեթինջեկը հավաստում է, որ օսմանյան շրջանում ավելի քան քառասուն հայեր վարել են ամենակարեւոր նախարարական պաշտոններ: Նրանց են վստահվել նաեւ խորհրդականի, Պետական խորհրդի անդամի, դեսպանի եւ օսմանյան խորհրդարանի երեսփոխանի պաշտոններ:

շարունակելի

Անահիտ Աստոյան
Մատենադարանի կրտսեր գիտաշխատող

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter