HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստծո տաճա՞ր, թե՞ շքեղ ավտոմեքենա

Միայն վերջին տարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Հայաստանում ճապոնական Toyota կոնցեռնի ներկայացուցիչ Toyota-Երևան ընկերությունից ձեռք է բերել 309 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ 7 ավտոմեքենա:

Այս մասին նախօրեին հաղորդեց Արմինֆո գործակալությունը` հղում կատարելով իր աղբյուրներին: Գործակալության հաղորդմամբ՝ Մայր Աթոռի կողմից, մասնավորապես՝ ձեռք է բերվել Toyota Corolla 1.6 մակնիշի 4 ավտոմեքենա, յուրաքանչյուրի արժեքը` $26.500, Toyota HiAce միկրոավտոբուս ($56.000), Toyota Camry 3.5 մակնիշի ավտոմեքենա ($52.000) և Toyota Land Cruiser 200 4.7 մակնիշի ավտոմեքենա ($95.000):

Նույն աղբյուրը հաղորդում է, որ Եկեղեցին նոր Toyota-ներ և այլ ֆիրմաների ներկայացուցչական ավտոմեքենաներ է ձեռքբերել նաև անցած տարիներին: Ուշագրավ է, որ Մայր Աթոռի կողմից ձեռքբերվող բոլոր ավտոմեքենաները պետության կողմից ազատվում են ԱԱՀ-ի վճարումից: Ըստ որում՝ Արմինֆոյին չի հաջողվել պարզել, թե ինչ նպատակով են ձեռքբերել այդ ավտոմեքենաները:

Հիշեցնենք, որ 2 օր առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրամ Մելիքյանը հայտարարել է, որ Էջմիածինը միջոցներ չունի ողբալի վիճակում գտնվող Սանահինի վանական համալիրի, ինչպես նաև քանդման վտանգի տակ գտնվող այլ եկեղեցիների վերականգնման համար` ավելացնելով, որ այդ հարցում Էջմիածինը կախված է բարերարներից:

Թե որքանով են եկեղեցու միջոցները սուղ կամ ոչ, դժվար է դատել, քանի որ եկեղեցու ֆինանսական վիճակի, մուտքերի, ելքերի մասին հաշվետվություններ չեն հրապարակվում: Սակայն այս հարցում որոշակի կասկածների տեղիք է տալիս եկեղեցապետերից շատերի թե՛ շքեղ անձնական կյանքը, նվիրատվությունների ճոխ համակարգը, թե՛ ծառայության ընթացքում, ասենք, նրանց սպասարկող ծառայական մեքենաների շքեղությունը:  

Բայց, եթե եկեղեցու միջոցներն իսկապես սուղ են, ապա որքանո՞վ է արդարացված, որ այդ սուղ միջոցները ուղղվում են ոչ թե կործանման եզրին գտնվող վանքերի նորոգմանը` թեկուզ մեկ հուշարձան ավելի նորոգելու սկզբունքով, այլ գալիս են Երևանի կենտրոն և դառնում կաթողիկոսական նստավայր կամ հերթական եկեղեցի:

Մի՞թե դրանց նշանակությունը կարելի է համեմատել հազարամյա պատմություն ունեցող և այժմ անտերությունից կործանվող ժառանուգության հետ: Մի՞թե Հայ Առաքելական Եկեղեցին և Ամենայն Հայոց Կաթողիկոսը չեն գիտակցում, որ առավել գերադասելի է Երևանում կաթողիկոսական նստավայրի փոխարեն փողն ուղղել հնադարյա վանքերի պահպանությանը: Չէ՞ որ եթե միջոցները սուղ են, ապա դրանք առավել ևս պետք է օպտիմալ ծախսել:

Իսկ եթե այդ կառուցապատումներն արվում են բարերարների հաշվին, ապա ինչո՞ւ չխնդրել նրանց, որ այդ փողն ուղղեն առավել կարիքավոր ուղղություններով: Հազիվ թե բարերաները մերժեն:

Հայ Առաքելական Եկեղեցին ակնհայտորեն կորցրել է հանրային կյանքի զարկերակը, կորցրել է հանրությանն իր տեսադաշտից: Իսկ դրա որոնումների փոխարեն, հանրությանը մատուցվում են արդարացումներ կամ նախատինք: 

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնություն 

Լուսանկարը` Facebook սոցիալական ցանցից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter