
Անահիտ Բախշյան. «Մի մարդու սոցիալական խնդիրը լուծվում է` ոտնահարելով մի խումբ երեխաների իրավունքը»
«Երբ ներառական կրթության գաղափարախոսությունը ծռվում, շեղվում է, առաջանում են մի շարք խնդիրներ: Բայց ներառական կրթության գաղափարախոսությունը հստակ ասում է` կրթություն բոլորի համար»,- ասում է Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը:
Նրա խոսքով` ներառական կրթության ոլորտում աշխատող բազմամասնագիտական թիմում հայտնվում են մարդիկ, ովքեր չունեն համապատասխան որակավորում: Հաճախ դպրոցի տնօրենները աշխատանքի են վերցնում պահանջվող չափանիշներին չհամապատասխանող մարդկանց` այդպիսով լուծելով սոցիալական խնդիր: Իսկ դա արվում է երեխայի կրթություն ստանալու իրավունքի հաշվին: Ա. Բախշյանի խոսքով` խնդիրն այն է, որ դա նորմալ է դիտվում վերահսկող մարմինների կողմից, ովքեր այդ ամենին «նայում են մատների արանքից»:
«Մի մարդու սոցիալական խնդիրը լուծվում է` ոտնահարելով մի խումբ երեխաների իրավունքը»,- ասում է Ա. Բախշյանը:
Վերջինս խնդիր է տեսնում նաև ներառական կրթության ոլորտում աշխատող մասնագիտկան թիմի և ուսուցիչների համագործակցության ոլորտում: Նրա խոսքով` որոշ դեպքերում ուսուցիչը չգիտի` ինչպես կազմակերպի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈւ) երեխաների կրթությունը` մտածելով, որ դա պետք է անի դպրոցում աշխատող և վարձատրվող մասնագիտական թիմը:
«Եթե անգամ երեխան չունի կրթության առանձնահատոկ պայմանների կարիք, միևնույնն է, երեխաներից յուրաքանչյուրը պահանջում է անհատական մոտեցում: Եվ քանի դեռ սա մենք չենք հասկանում, իսկ ներառական կրթություն ասելով հասկանում ենք միայն ԿԱՊԿՈւ երեխաների, ուրեմն մենք տապալում ենք ներառական կրթությունը»,- ասում է Ա. Բախշյանը:
Ըստ կրթության մասնագետի` բժշկահոգեբանամանկավարժական գնահատման (ԲՀՄԳ) կենտրոնների խնդիր էլ կա, քանի որ ՀՀ-ում նման կենտրոնները միայն 3-ն են (Երևանում, Սիսիանում, Լոռիում): Սա դժվարացնում է ժամանակին և արդյունավետ կատարել երեխաների կրթական կարիքների գնահատում:
Անրադառնալով ներառական կրթության ֆինանսական կողմին` Ա. Բախշյանը նշեց, որ «այստեղ աբսուրդ վիճակ է»: Թեպետ ԿԱՊԿՈւ երեխայի համար պետությունը տրամադրում է մոտ 5 անգամ ավելի գումար, քան ոչ ԿԱՊԿՈւ երեխայի համար, բայց խնդիրն այն է, թե այդ գումարն ինչի վրա է ծախսվում:
«Օրինակ` գումարի մի մասը ծախսվում է սննդի վրա: Սակայն ինչու պետք է միայն ԿԱՊԿՈւ երեխաները ճաշեն ժամը 12-ին, մնացածը` ոչ,- ասում է Ա. Բախշյանը:- Էապես սխալ է նման մոտեցումը. կամ բոլորը պետք է ճաշեն, կամ ամեն մեկը գնա իր տանը ճաշի»:
Այնուամենայնիվ, կրթության մասնագետի կարծիքով` ներառական կրթության գաղափարախոսությունն անցած տարիների համեմատ բավականին առաջընթաց է ապրել: Եվ եթե առաջ շատ էին ջանք թափում, որ հասարակությունը ընկալի և ընդունի ներառական կրթության գաղափարը, ապա այժմ վիճակը համեմատաբար լավ է:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել