HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեպքերը Լեռնային Ղարաբաղում (1917-1920)

Հարություն Թումյան 

Սկիզբը 

10. Ղարաբաղի նորընտիր ժողովրդական կառավարության միջոցառումները 

Կառավարությունը իր ընտրվելու հաջորդ օրվանից ձեռնարկեց եռանդուն աշխատանքների։ Նա հոգ տարավ արագ միջոցառումներով կազմակերպելու երկրի ներքին կյանքը, վերականգնելու կարգն ու օրինականությունը ժողովրդի մեջ, կարգավորելու հացի դժվարագույն խնդիրը, լուծելու հողային և այլ վեճերը, կազմակերպելու ժողովրդի առողջապահության գործը և այլն։ Կառավարությունը բոլոր հնարավոր միջոցներով շարունակում էր պայքարը՝ հայ և թյուրք ժողովուրդների միջև համերաշխությունն ու խաղաղությունը ամեն կերպ պահպանելու և ամրապնդելու համար։ Պետք է ասել, սակայն, որ երկու ժողովուրդների սերտ հարևանական հարաբերությունների մեջ սկսեցին սառնության նշաններ նկատվել հենց այդ օրվանից, երբ օսմանյան թուրքերը ոտ դրին Անդրկովկաս։ Իսկ երբ նրանք անարգել հասան Գանձակ և սկսեցին միջամտել Բաքվի կռիվներին, մեր հարևանները թուրքերի և նրանց ագենտուրայի անմիջական ազդեցության տակ, դարձան արդեն գոռոզ, բծախնդիր, չզիջող, անհաշտ և նույնիսկ ագրեսիվ։ Այդ հանգամանքը ստիպեց Ղարաբաղի ղեկավարության, հակառակ իր կամքի, ուշադրությունը շեղել ներքին կյանքի այժմեական և շտապ կարգավորում պահաջող հրատապ հարցերի մի զգալի մասից և կենտրոնացնել երկրի պառտպանության խնդիրների վրա։

Համապատասխան կառավարիչների նախագահությամբ սկսել էին գործել մի շարք հանձնաժողովներ՝ հողային, արդարադատության, ֆինանսական, պարենավորման, բժկա-սանիտարական, ժողովրդական կրթության և այլն։ Երկրի զինված ուժերի կազմակերպման և օպերատիվ ղեկավարման համար ստեղծվեց կենտրոնական շտաբ քաղաքում եղած հատ ու կենտ զինվորականներից կապիտան Արտաշես Վարդապետյանի գլխավորությամբ։ Վերացվեց նախկին գյուղական լիազորների պաշտոնը և փոխարենը հմինվեցին կոմիսարիատներ հինգ գավառամասերում։ Իսկ Շուշում կազմակերպվեցին  գավառական և քաղաքային կոմիսարիատներ։ Գավառամասերի կոմիսարները զգալի աշխատանք կատարեցին վերջ տալու բոլոր տեսակի անիշխանական երևույթներին և ամրացնելու կարգն ու հանգստությունը շրջաններում։

Հաստատուն օրինական կարգ ստեղծելու համար շրջաններում հիմնվեցին հաշտարար դատարաններ։ «Այսուհետև,- հայտարարվում էր արդարադատության կառավարչի շրջաբերականում,- ոչ մի գործ չպետք է վճռվի ինքնադատաստանով և բռնությամբ։ Բոլոր արդարացի պահանջները պաշտպանություն կգտնեն հաշտարար դատարաններում... և թող ոչ ոք չհանդգնի ինքնագլուխ վճռելու իր վեճը կամ վերականգնելու իր կորցրած իրավունքը»:

Հաշտարար դատարաններ հիմնվեցին Ջրաբերդ-Գյուլիստանում (Ջիվանշիրում), Խաչենում, Վարանդայում, Դիզակում և Շուշում։ Իբրև երկրորդ վճռաջինջ ինստանցիա հիմնվեց Շուշում շրջանային դատարան, իսկ նրան կից հատուկ գործերի քննիչ հանձնաժողով։

Հաշտարար դատարաններն նստավայրեր ընտրվեցի՝ Ջրաբերդի համար Մեծշեն գյուղը, Խաչենի համար Խանքենդ ավանը, Վարանդայի համար Ներքին Թաղավարդ գյուղը, իսկ Դիզակի շրջանի համար Հադրութ ավանը։

Ծանր բնույթի հանցագործությունների գործերը ենթակա էին զինվորական տրիբունալի քննության։ Ապահովելու. համար դատարանների նորմալ աշխատանքը, հատուկ պրոպագանդիստներ ուղարկվեցին գավառամասերը կազմակերպելու ժողովրդին։

Կոմիսարները ապահովում էին դատարանների վճռիների անշեղ կատարումը։

Դատարանները կարճ ժամանակամիջոցում իրենց բարեխիղճ և աշխույժ աշխատանքով, իրենց անաչառ, արդարացի վճիռներոմվ ձեռք բերին ժողովրդի համակրանքը և վստահությունը։ Ժողովուրդը սկսեց ազատ շունչ քաշել։ Գյուղի ամեն կարգի բախտախնդիր տարրերը չէին կարող այլևս ժողովրդին անպատիժ կերպով նեղել, բռնության ենթարկել, ապօրինի պահանջներ կատարել նրանից։ Անիշխանական և ինքնադատաստանի երևույթները հայկական շրջաններում միանգամից թուլացան, հանգստությունը և կարգը վերականգնվեց, ժողովրդի կյանքի և գույքի պաշտպանությունը ապահովեց[1]։

Քաղաքի հայկական մասում հիմնվեց կոմեդանտություն։

Ֆինանսների գծով ևս կառավարությունը որոշ միջոցառումներով աշխատեց թեթևացնել ժողովրդի ծանր վիճակը։ Մուտք էին գործել ժողովրդի մեջ և շրջանառաության մեջ էին գտնվում այլևայլ դրամանիշներ։ Զանազան սպեկուլյանտներ գյուղերում և քաղաքում սկսել էին դժվարություններ ստեղծել շահադիտական նպատակներով դրամանիշների շրջանառության գործում, որից մեծապես տուժողը, իհարկե, բնակչության չքավոր մասն էր։ Դրա դեմ պայքարելու համար հայտարարվեց, որ երկրում շրջանառության մեջ գտվող բոլոր տեսակի նոր դրամանիշները ըստ իրենց համապատասխան միավորների ունեն հավասար արժեք և այդպես էլ պիտի ընդունվեն ամենքի կողմից և ամենուրեք, թե գյուղերում և թե քաղաքում։ Խստորեն արգելվեց դրամանիշների մեջ տարբերություններ դնել, պակաս արժեքով վերցնել կամ դրամանիշը բոլորովին չընդունել։ Քաղաքի կոմենդանտը, գավառամասերի կոմիսարները և այլ աշխատողները խստորեն հետևում էին, որ դրամանիշների չարաշահումներ չկատարվեն, որ սպեկուլյանտները «խարդախ միջոցներով չծծեն ժողովրդի արյունը»։

Քաղաքի հայկական և մուսուլմանական մասերի մատակարարումը թեթևացնելու համար բաց հայտարարվեց Շուշի-Աղդամ խճուղին, որը մինչ այդ ենթակա էր մութ տարրերի կողմից անընդհատ հարձակումների՝ այդ ճանապարհով Շուշի գնացող տրանսպորտի վրա, որով ալյուր, ցորեն և այլ կենսամթերքներ էին տեղափոխվում քաղաքի համար։ Արգելվեց խճուղու և նրա մոտակա տարածությունների վրա զինված երթևեկությունը, իսկ խճուղուն մոտիկ գտնվող գյուղերը ենթարկվում էին պատասխանատվության, եթե նրանց որևէ մեկի սահմաններում հարձակումներ էին կատարվում խճուղով անցնող տրանսպորտի վրա։ Ճանապարհի ապահովության համար պարբերաբար դեպի Զարսլու և Ասկերան էին ուղարկվում խառը հանձնաժողովներ, բաղկացած հայերից և թյուրքերից։

Քոչվորները և լեռնաբնակ մի քանի մանր-մունր մուսուլմանական գյուղերի ավազակաբարո տարրերը հայերի սպանություններ և կողոպուտներ էին կատարում Չանախչու, Թավգյադուկի, Մոլլա-Նասրեդինի և Զարսլու գյուղերի մոտակայքում, իսկ Կարիագինոյում հաստատված Նուրի-փաշայի «կոմենդանտը», որին տեղացի մուսուլմանները «փաշա» էին կոչում, և ոմն «պրիստավ» Մահմուդբեկով սիստեմատիկ հարձակումներ էին կազմակերպում Դիզակի հայկական գյուղերի վրա, նպատակ ունենալով շեղելու Ղարաբաղի հայության զինված ուժերի ուշադրությունը Բաքվի ճակատից։ Նման հարձակումներ կատարվում էին նաև Թարթարի, Գետաշենի և այլ ուղղություններով։ Բոլոր հարձակումները թեև ետ էին մղվում թշնամու համար մեծ կորուստներով, բայց հայ գյուղացիները ևս կրում էին զգալի կորուստներ։ Կառավարությունը այդ սպանությունների և հարձակումների առթիվ բողոքում էր իր ներկայացուծիչների միջոցով Շուշու Ազգամիջյան կոմիտեի մուսուլման անդամներին և պահանջում վերջ դնել հայերի դեմ կատարվող թշնամական գործողություններին, միջոցներ ձեռք առնել Կարիագինոյի և մյուս վայրերի «փաշաների» գպգռիչ պրոպագանդայի դեմ և վերացնել տնտեսական բոյկոտը շրջաններում։

Բայց այդ բողոքները և պահանջները անցնում էին ապարդյուն։

Եթե օսմանցիները մուտք չգործեին Ադրբեջան և երկու ժողովուրդների միջև հաստատված բարի դրացիական կապերը շարունակվեին առաջվա պես պահպանվել և զարգանալ, ապա երկու կողմերի մտավորականության և ժողովրդական լայն զանգվածների միջև պիտի ստեղծվեին շատ ավելի սերտ բարեկամական հարաբերություններ։ Սակայն թուրք հրամանատարների կամ այսպես կոչված «կոմենդանտների» նշանակումներով՝ Ղարաբաղի մի շարք սահմանամերձ կետերում պանթուրքական և համիսլամական պրոպագանդը արդեն ծավալուն բնույթ էր ընդունել։

Այդ պրոպագանդը օսմանցիները մղում էին ոչ միայն «կոմենդանտների», այլև տեղական մուսուլմաններինց հավաքագրված գործակալների միջոցով։

Բայց Շուշի քաղաքի մուսուլման բնակչությունը, բարեբախտաբար, շարունակում էր նմալ ավելի խաղաղասեր։ Խաղաղության ջերմ կողմնակից էր աշխատավորական խավը հանձինս արհեստավորական և մանր առևտրական տարրերի։ Խաղաղասեր էր նաև թյուրք հասարակության մեջ զգալի ազդեցություն վայլելող խոշոր վաճառականների դասը, ոչ միայն ըստ իր զբաղմունքի բնույթի, այլև շնորհիվ այն ընդարձակ առևտրական գործարքային հարաբերությունների, որ վաղուց ի վեր հաստատված էին Շուշի քաղաքի թյուրք և հայ վաճառականության միջև։

Պիտի նկատել, որ իր տեղադրությամբ առանձնահատուկ վիճակում էր գտնվում քաղաքի մուսուլմանական մասը։ Նա հայաբնակ լայն շերտով կտրված էր հայկական Ղարաբաղի սահմանակից թյուրքաբնակ շրջաններից։ Եվ այդ ծանր օրերին հացի հայթայթման խնդրում փոխադարձաբար կախման մեջ էին գտնվում հայ և թյուրք քաղաքացիները միմյանցից։ Այսպես՝ հայերը ապահովում էին Աղդամից և Դաշտային Ղարաբաղի այլ վայրերից ուղարկվող հացամթերումների անխափան ստացումը քաղաքի մուսուլմանական մասի համար, իսկ մուսուլմանական մասն էլ իր հերթին քաղաքի հայկական մասը անբաժին չէր թողնում, վաճառքի հանելով այնտեղ ստացված մթերքների որոշ մասը։ Չի կարելի անտեսել նաև այն հսկայական դրական նշանակությունը, որ ուներ երկու ժողովուրդների խաղաղ դրացիական հարաբերությունների պահպանության գործում Բեհբուդովի գլխավորած թյուրք առաջավոր ինտելիգենցիայի խաղաղասիրական պրոպագանդը, որ մեծապես ծուլացնում, չեզոքացնում էր Շուշու օսմանյան գործակալների՝ բժիշկ Մեհմանդարովի և նրա համախոհների պանթուրքական գրգռիչ քարոզների վտանգավոր ազդեցությունը։ Օսմանյան թուրքերի կազմակերպած պանթուրքական և համիսլամական պրոպագանդի արդյունք պիտի համարել հայերի անվերջ սպանությունները շրջաններում և տնտեսական բոյկոտը հայ գյուղացիների դեմ։ Այդ տեսակետից շատ բնորոշ էր, որ հենց սկզբից հայերի դեմ տնտեսական բոյկոտի և խժդժությունների օջախներ դարձան Ղարաբաղի սահմանակից այն մուսուլմանական վայրերը, ուր օսմանյան զորքերի հրամանատարությունը նշանակել էր զինվորական «կոմենդանտներ» իբրև թե տեղերում «կարգ ու խաղաղություն պահպանելու համար», ինչպես հավատացրել էր Նուրի-փաշան Անդրկովկասի գերմանական կայսերական ներկայացուցիչ Ֆոն Կրեսին[2]։

Պարենավորման գործը քաղաքի հայ և մուսուլման բնակչության համար սկսեց քիչ-շատ բարելավվել, երբ փոխադրական կապը Աղդամի և Շուշու միջև ապահովվեց Ղարաբաղի կառավարության կողմից։

Կառավարությունը որոշեց Գանձակի գավառի ամբողջ լեռնային շջրանը, որ ընդգրկում է Փոքր Կովկասյան լեռնաշղթայի հյուսիսակողմի ճյուղավորությունները և որի բնակչության 90 տոկոսից ավելի հայեր են, հայտարարել հայկական Ղարաբաղի տերիտորիայի մի անբաժան մասը։

Ինչպես Գյուլիստանի, նույնպես և այդ լեռնամասի հայ բնակչության ընթացիկ կյանքին մոտիկից ծանոթանալու և անհրաժեշտը տնօրինելու համար այնտեղ ուղարկվեց կառավարության անդամ Մարկոս Տեր Աստվածատրյանը արտակարգ լիազորություններով։

Կառավարության ու նրա վարչական և դատական մարմինների համար ամենածանր, հոգեմաշ աշխատանքը շարունակում էր մնալ քաղցի և վրիժառության հողի վրա կատարվող հանցագործությունների դեմ ուղղված պայքարը։ Կառավարությունը ամեն կերպ ճգնում էր ապահովել հայ բնակչության հանգիստը, նրա խաղաղ աշխատանքը, հոգալ նրա անհրաժեշտ կարիքները։ Բայց այդ կարող էր իրագործվել իրերի նորմալ վիճակի պայմաններում, երբ բաց լինեին ճանապարհները, ապահովված ազատ երթևեկությունը, երբ տնտեսական ազատ գործառնությունների համար պատշաճ պայմաններ գոյություն ունենային և, վերջապես, երբ երկու դարավոր հարևան ժողովուրդների փոխհարաբերությունները չթունավորվեին ամեն ժամ ազգային ատելության չարամիտ հրահրումներով։

Հադրութի և Թաղավարդի հայ գյուղացիները վրեժխնդրության համար հարձակվել էին քոչվոր մուսուլմանների վրա և քշել նրանց անասունների մի մասը։ Կառավարության վարչական մարմինները կտրուկ միջոցներ ձեռք առան և վերադարձրին քոչվորներին թալանված ապրանքը, ձերբակալվեցին և դատի տրվեցին հարձակման սադրիչները։

Ճակատից վերադարձած հայ զինվորները սկսել էին վրդովել Խանքենդ ավանի և նրա մոտակա հայ և մուսուլման գյուղերի հանգիստը։ Քննությունը պարզեց, որ հարձակումների և առանձին հանցագործությունների շարժառիթը շարունակում էր մնալ հացի կարիքը։ Զինվորը վերադարձել էր ճակատից և գտել իր ընտանիքը քաղցի ճիրաններում։ Նա ստիպված՝ իր վիճակակից համագյուղացի երիտասարդներին միանալով՝ գիշերային արշավներ էր կատարում մի կտոր հաց ձեռք բերելու համար։

Կառավարությունը զինվորական մարմինների միջոցով վերջ դրեց այդ արշավանքներին։ Նա կարգադրեց Խանքենդ ավանի պարենավորման մարմնին՝ ապահովել հացով ճակատից վերադարձած զինվորների ընտանիքները։

Պատգամավորական ժողովի երկրորդ սեսիան (երկրորդ համագումարը), որ պիտի կայանար 1918 թ. օգոստոսի 15-ին, հետաձգվեց հաջորդ սեպտեմբեր ամսի 5-ին։ 

11. Անդրանիկը Զանգեզուրում 

Դժգոհ Հայաստանի հանրապետական կառավարության և թուրքերի միջև 1918 թ. հունիսի 4-ին կնքված հաշտության ստրկացուցիչ պայմանագրից՝ Շապին-Գարահիսարի արծիվը դուրս եկավ իր զորամասով Դիլիջանից հունիսի սկզբներին և Դարալագյազի վրայով շարժվեց դեպի Նախիջևան, իր հետ տանելով մեծաթիվ արևմտահայ գաղթականություն։ 1918 թ. հուլիս 14-ին Նախիջևանի շրջանի Ապրակունիս գյուղից ռադիո-հեռագրով հաղորդեց Բաքու՝ Ստեփան Շահումյանին, որ Նախիջևանի  գավառը նա հայտարարում է Ռուսաստանի հանրապետության անբաժան մասը։ Ապա թշնամի ուժերի ճնշման տակ, մտադրվելով անցնել Պարսկաստան` Ուրմիայի ասորիներին օգնելու և նրանց հետ միանալու մտադրությամբ, նա իր թիկունքը թուրքերի հարվածից ապահովելու համար քանդեց երկաթգիծը Նախիջևանից մինչև Ջուլֆա ու ապա անցնելով Արաքսը, պաշարեց Խոյը, որ գտնվում էր օսմանցիների ձեռքում։ Երկօրյա կատաղի կռիվներից հետո, անհաջողություն կրելով Խոյի տակ, ստիպված եղավ նահանջել ու կրկին վերադառնալ Ջուլֆա։ Այդտեղ ոչնչացրեց բոլոր պահեստները և ապա շարժվեց Արաքսի հոսանքի ուղղությամբ դեպի արևելք։ Ընդհարվեց Ջուլֆայից 12 կիլոմետր հեռավորության վրա մուսուլմանական Յայջի գյուղի զինված ուժերի հետ և 1918 թ. հուլիսի երկրորդ տասնօրյակի վերջում մտավ Ղափան, իսկ այնտեղից անցավ Գորիս, իր հետ տանելով 15 հազարից ավելի գաղթականություն։ Հայ ժողովրդի մեծահռչակ հերոսը Զանգեզուրի հայության կողմից ընդունվեց գրկաբաց։ Գաղթականությունը մի կերպ տեղավորվեց գյուղերում։ Հարկավ, խիստ ծանր էր Գորիսի փոքր շրջանի կիսաքաղց գյուղացիության համար կերակրել այդպիսի մեծաքանակ գաղթականություն։

Անդրանիկի մուտքը Զանգեզուր մեծ շփոթ ու տագնապ առաջ բերեց թուրքական հրամանատարության և մուսավաթական ղեկավարության շրջանում։ Ղարաբաղի զինվորական կոմիսարի նամակը բռնվելուց հետո, մի ամսվա ընթացքում, սա արդեն երկրորդ և միանգամայն լուրջ դեպքն էր, որ ցույց էր տալիս, թե Բաքվի դեմ կռվող թուրք-մուսավաթական ուժերի թիկունքը իսկապես չի կարելի ապահովված համարել հայերն անսպասելի հարվածից, եթե, մանավանդ, այդ հարվածը գլխավորեր այնպիսի քաջամարտիկ, թուրքերի հետ տեղի ունեցած հերոսական մարտերում հմտացած, նրանց նկատմամբ վրեժխնդրությամբ և բուռն ատելությամբ լեցուն մի անձ, ինչպիսին Անդրանիկն էր։ Հիրավի, թուրքական բանակը շատ հարվածներ էր կրել նրանից տակավին նրա հայդուկային երկարամյա կռիվների ժամանակաշրջանում, ապա Բալկանյան պատերազմում (1912 թ. հոկտ. մինչև 1913 թ. մայիս) և համաշխարհային առաջին պատերազմի սկզբի տարիներում, Կովկասյան ճակատում։ Սակայն այդ ժամանակ Անդրանիկի հրամանատարության տակ եղած ուժեցը խիստ սահմանափակ էին։

Իսկ այժմ հանգամանքներն այլ են։ Անդրանիկ այժմ գտնվում էր իր երեք հազար մարտիկներից բաղկացած «Հայկական առանձին հարվածող զորամասով» մի այնպիսի լեռնաստանում, ինչպիսին Զանգեզուրն է, բաղկացած բացառապես հայերով բնակված լեռնային մի քանի անառիկ շրջաններից և գրեթե կից Լեռնային Ղարաբաղին։ Հյուսիս-Արևելյան Հայաստանի ծայրամասի այդ անմատչելի, իր պատմական հերոսական անցյալով հանրահայտ լեռնաշխարհից Անդրանիկը, եթե ուզենար, կարող էր դուրս բերել թուրքերի դեմ մի ստվարաթիվ բանակ, բաղկացած ավելի քան 30-40 հազար կոփված ռազմիկներից։ Եվ, իհարկե, անհավանական չէր, որ այդպիսի մի պատկառելի բռունցքի լավ նախապատրաստված հարվածի դեպքում կարող էր թուրքերի պարտությունը Բաքվի ճակատում դառնալ անխուսափելի, որին կարող էր հետևել նաև օսմանցիների ամբողջ Անդրկովկասյան ավանտյուրայի կրախը[3]։ Բայց, դժբախտաբար, այդ չկատարվեց։ Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած սարսափները, երկու միլիոնի հասնող հայության կոտորածն ու արտաքսումը Արևմտյան Հայաստանում, վախկոտության հասնելու չափ զգույշ էր դարձրել մարդկանց։ Եվ դա հասկանալի է։ Մնացել էր մեր ժողովրդից Անդրկովկասում միայն մի բուռն քաղցից և հիվանդություններից մահացող հայություն, շրջապատված չորս կողմից լավագույն կերպով կազմակերպված, սպառազեն թշնամիներով։ Մենք զուրկ էին ամեն տեսակ պաշարներից, անկազմակերպ, հետևապես՝ երկար դիմադրելու անընդունակ։

Թուրքերը հավատացած էին, կամ այդպես էին ձևացնում, որ Անդրանիկի և ընդհանրապես Ղարաբաղի ու Սյունիքի հայերի բոլոր շարժումները կատարվում են Հայաստանի կառավարության գիտությամբ և նույնիսկ նրա գաղտնի հրահանգներով և ուղղված են իրենց Անդրկովկասյան պլանների դեմ։ Բայց դա, իհարկե, չէր համապատասխանում իրականությանը։ Փաստերը ցույց են տալիս, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը դժգոհ էր Անդրանիկի գործողություններից, հավանորեն վախենալով, որ թուրքերը կարող են այն հունիսի 4-ի պայմանագրի խախտում պատրվակելով, առիթ ծառայեցնել նորանոր նախճիրներ սարքելու հայերի դեմ։ Հայաստանի կառավարությունը ամեն կերպ ձգտում էր ապացուցելու թուրքերին, որ Անդրանիկը գործում է ինքնակամ, կառավարությունից անկախ, և հետևապես վերջինս նրա գործողությունների համար պատասխանատու լինել չէր կարող։

1918 թ.  օգոստոսի 15-ին Ադրբեջանի դիպլոմատիկ ներկայացուցիչը Վրաստանում, Ջաֆարովը, իր կառավարության (ավելի ճիշտ՝ թուրքական հրամանատարության) հանձնարարությամբ «վճռական» բողոք է հայտնում Հայաստանի գործերի հավատարմատարին Թիֆլիսում, պատճառաբանելով, որ գեներալ Անդրանիկի զորամասը մտել է «Ադրբեջանի սահմանները, գրավելով Շուշի տանող ճանապարհը և Զանգեզուրի գավառի մի մասը Գորիս քաղաքի հետ»: Նա պահանջում էր ետ կանչել Անդրանիկին իր զորամասի հետ Զանգեզուրից[4]։ Իսկ թուրքական «արևելյան բանակի» հրամանատարությունը Խալիլ փաշայի միջոցով իր հերթին բողոքում էր Հայաստանի կառավարությանը, որ իբրև թե Անդրանիկը Զանգեզուրում ավերում է մուսուլմանական գյուղերը և պահանջում էր նույնպես ետ կանչել Անդրանիկին[5]։

Հայաստանի կառավարությունը այդ բողոքներին ու պահանջներին ստիպված էր պատասխանել, որ գեներալ Անդրանիկը վաղուց հանված է իր զորամասով «Հայկական կորպուսի» կազմից, որ Հայաստանի կառավարությունը ոչ մի ուղղակի կամ անուղղակի կապ չունի Անդրանիկի հետ, որ Զանեզուրը առայժմ չի մտնում Հայաստանի սահմանների մեջ և այնտեղ Հայաստանի կառավարությունը չունի վարչություն, զինված ուժեր, հետևապես և որևէ ազդեցություն և այլն։

Այդ բացատրագրերից մեկի մեջ, որ իբրև պատասխան ուղարկված էր Խալիլ փաշային նրա բողոքների առթիվ, ասվում էր ի միջի այլոց հետևյալը. «... Ձեզ լավ հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղը և Զանգեզուրի հյուսիսային մասը բնակված են հայերով, որոնք իրենց թվով գերազանցում են մուսուլմանական բնակչությանը և մեր տեսակետից և տերիտորիաների բաժանման մեր ծրագրով պիտի պատկանեն Հայաստանին...»[6]։ Մուսավաթական կառավարությանը ուղարկված պատասխանների մեջ ևս վճռականորեն մերժվում էին Ադրբեջանի ղեկավարների անհեթեթ և հավակնոտ ակնարկները Ղարաբաղի և Զանգեզուրի նկատմամբ[7]։

Անդրանիկին հայտնի էր, իհարկե, Հայաստանի կառավարության վրա իր պատճառով թուրքերի կողմից գործադրվող ճնշումը և այն վտանգը, որ ստեղծվում էր Հայաստանի մի բուռն հայության համար իր Զանգեզուրում գտնվելու պատճառով։ Այդ սպառնալիքը վերացնելու ակներև մտադրությամբ նա Գորիսի տպարանում տպագրել տվեց և բազմաթիվ օրինակներով տարածեց մի հայտարարություն, որի մեջ իր հեռանալը Հայաստանի Հանրապետության տերիտորիայից բացատրում էր Հայաստանի քաղաքական և տնտեսական աննպաստ դրությամբ, այլև նրանով, որ տաճկական և հայկական կառավարությունների միջև ընքված հաշտության պայմանագրի համաձայն Հայաստանը իրավունք չուներ մեկ դիվիզիայից ավելի զորք պահելու, և թուրքական զինվորական հրամանատարության պահանջով իր զորմասը պիտի զինաթափ արվեր, որից կարող էր վտանգվել իրեն հետևող գաղթականության և զորամասի մարտիկների ֆիզիկական գոյությունը։ Հայտարարության մեջ ասվում էր, որ եթե «Եվրոպական պետական անձնավորություններով և ներկայացուցիչներով երաշխավորվի իր զորամասի մարտիկների և իրեն հետևող արևմտահայ գաղթականության ֆիզիկական ապահովությունը», ապա միայն այդ պայմանով ինքը (Անդրանիկը) կհամաձայնվի հեռանալ Զանգեզուրից և «շարժվել իրենց ցույց տրված վայրը»։ Հակառակ դեպքում նա պատրաստ է «զենքը վայր չդնել մինչև վերջին շունչը»։

Այդ հայտարարությամբ Անդրանիկը կամենում էր հաստատել, որ իր մուտքը Զանգեզուր հիրավի կատարվել է իր կամքով և միանգամայն անկախ Հայաստանի կառավարությունից։ Որ նա չի շարժվում և գործում Հայաստանի կառավարության թելադրությամբ, այլ առաջնորդվում է իր գործողություններում սեփական դատողությամբ և նկատառումներով, որ նա Զանգեզուր գալով՝ չի հետամտում որևէ ագրեսիվ նպատակներ օսմանյան թուրքերի նկատմամբ, և նրա այնտեղ գտնվելը միայն իր զորամասի և գաղթականության ապահովության ու պաշտպանության համար է...

Միանգամայն ակներև է, որ թուրքերի կողմից գործադրվող ճնշում Հայաստանի կառավարության վրա բարոյապես կաշկանդել էր Անդրանիկին և նա, մինչև թուրքերի Անդրկովկասից հեռանալը, չհրաժարվեց իր կրավորական դիրքից, անգամ Ղարաբաղի համար կենսական նշանակություն ունեցող այնպիսի մի հարցում, ինչպիսին Զանգեզուրում գտնված Ղարաբաղին պատկանող զենքի և զինամթերքի տեղափոխության գործն էր, որ զանգեզուրցիների[8] դատապարտելի վերաբերմունքի և Անդրանիկի անտարբերության պատճառով վերջացավ Ղարաղշլաղի աղետով, իսկ այնուհետև նաև օսմանյան թուրքերի Շուշի մտնելու իրողությամբ, որ սպառնում էր աղետաբեր լինել բուն իսկ Սյունիքի համար։

Անդրանիկի հայտարարությունը Վրաստանի հայկական դիվանագիտական ներկայացուցիչը ուղարկեց Վրաստանի թուրքական դիվանագիտական ներկայացուցիչ Աբդուլ-Քերիմ փաշային, ընդհանուր հրամանատար Խալիլ փաշային, Գերմանիայի ներկայացուցիչ Ֆոն Կրեսին` «իբրև իլյուստացիա Հայաստանի հանրապետական կառավարության և Անդրանիկի միջև գոյություն ունեցող փոխհարաբերությունների»։ Բայց թուրքական բարձր հրամանատարությունը չհավատաց, կամ ավելի ճիշտ, ձևացրեց, որ չի հավատում Անդրանիկի հայտարարության։

Խալիլ փաշան և մի քանի ուրիշ բարձրաստիճան թուրք զինվորականներ եկան Երևան և առաջարկեցին Հայաստանի կառավարության մինիստր-նախագահ Հովհաննես Քաջազնունու՝ սկսել Անդրանիկի դեմ... հայկական, թուրքական և ադրբեջանական զինված ուժերի համատեղ գործողություններ։ Դիպլոմատիայի համաշխարհային պատմության մեջ աննախդեպ, իր ցինիզմով ու թեթևամիտությամբ չգերազանցված մի օրինակ էր դա, որպիսին վիժելու ընդունակ էին միայն թուրք փաշաները։

Քաջազնունին պատասխանեց, որ նման գործողությունները մեծ ռիսկի հետ են կապված և կարող են մեծամեծ արյունահեղությունների պատճառ դառնալ։ Նրան վերջապես հաջողվեց թուրքերին հասկացնել, որ Անդրանիկը մեծ հեղինակություն, սեր և հարգանք է վայելում Սյունիքի և Ղարաբաղի հայ լեռնականների մեջ և հարձակման դեպքում այդ անառիկ շրջանների զինված ուժերը մի մարդու պես կկանգնեն Անդրանիկի թիկունքում[9]։ Խալիլ փաշան և մյուս թուրք զինվորականները Քաջազնունու առարկությունը գտան լուրջ և հրաժարվեցին իրենց լկտի առաջարկությունից։ Այնուամենայնիվ, Բաքվի ճակատի գլխավոր հրամանատար Նուրի փաշան, անկասկած, բարձր հրամանատարության թելադրանքով, 1918 թվի օգոստոսի ընթացքում ձեռնարկեց Կարիագինոյից Ղափանի ուղղությամբ մի քանի հետախուզական արշավանքների թուրքական «կոմենդատների» հավաքագրած և վարժեցրած տեղական մուսուլմանների զգալի ուժերի և թուրքական վաշտերի միջոցով։ Այդ հարձակումները վերջանում էին նրանով, որ տեղացի մուսուլման բնակչությունը, որը օսմանյան թուրքերի համար թնդանոթի միս էր ծառայում, տալիս էր անհաշիվ զոհեր, և ավերվում կամ հրդեհվում էին* ադրբեջանական գյուղեր։ 

***

Գաղթականության ներկայությունը հենց սկզբից համատարած սովի սպառնալիք ստեղծեց ամբողջ Գորիսի շրջանի համար։ Թեպետև տարին վատ չէր, և արտերը առատ բերք էին խոստանում, բայց Ղարաբաղի պես այդտեղ էլ սերմացվի պակասի պատճառով ցանքս քիչ էր կատարվել։  Այդ դեռ բավական չէր, քաղցը ստիպում էր ոչ միայն գաղթականներին, այլև տեղական բնակիչներից շատերին արտերի զգալի մասը քաղել և ուտել տակավին կիսահաս վիճակում։ Ստեղծված ծանր կացությունը ստիպեց Անդրանիկին մի նամակով խնդրել Ղարաբաղի կառավարությանը՝ տեղավորել գաղթականության որոշ մասը Ղարաբաղում։ Կառավարությունը մեր առասպելական հերոսի ցանկության վերաբերվեց պատշաճ սիրով և ուշադրությամբ։ Նա հրավիրեց ընդլայնած նիստ շրջանային լիազորների, քաղաքի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և զինվորական շտաբի անդամների մասնակցությամբ։ Նիստը Զանգեզուրից գաղթականություն ընդունելու հարցը հանգամանորեն քննության առնելով տեղական հնարավորությունների տեսակետից, արձանագրեց, որ թե´ քաղաքում և թե´ գյուղական բոլոր շրջաններում, բացի Ջրաբերդի մի երկու գյուղերից, հայ բնակչության վիճակը հացի և դրամանիշների ճգնաժամի պատճառով շարունակում է մնալ խիստ ծանր։ Ժողովուրդը աննախընթաց օրեր էր ապրում, նա սնվում էր գլխավորապես բյուսերով, որի հետևանքով բազմազան հիվանդություններ էին տարածվել թե գյուղերում և թե քաղաքում։ Մահացությունը, հատկապես երեխաների մեջ, սարսափելի չափեր ղր ընդունել։ Այդ պայմաններում, հարկավ, չէր կարող Ղարաբաղը գաղթականություն ընդունել, հակառակ կառավարության և ժողովրդի անկեղծ ցանկության։ Բացի դրանից, կար մի ուրիշ, ավելի ծանրակշիռ հանգամանք ևս։ Բաքվի վիճակը հուսահատական էր։ Անգլիացիները, հակառակ իրենցծ խոստումների, դավադրաբար լքել էին այն և ոչնչով չէին նպաստում Բաքվի պաշտպանության։ Այդ պայմաններում Բաքուն երկար դիմադրել թուրքերին չպիտի կարողանար։ Բոլոր նշաններից կարելի էր կռահել, որ Բաքվի անկումից հետո ռազմաճակատը անխուսափելիորեն տեղափոխվելու է Ղարաբաղ։ Այդպիսի մոտալուտ իրական տագնապալի հեռանկարը Ղարաբաղի հայության ղեկավարներին չէր կարող չստիպել լրջորեն մտահոգվելու ժողովրդի վիճակով, երեխաների, կանանց և զենք կրելու անընդունակ տղամարդկանց հետագա ճակատագրով, որոնց, բացի երկրի սեփական լեռներից, այլ տեղ պատսպարել կամ էվակուացնել կռիվների ընթացքում անհնար էր։ Մինչդեռ բացառված չէր, որ նրանք իրենց լեռներում էլ հարձակման չէին ենթարկվի Ղարաբաղի թիկունքում բնակված քրդերի և Ագարա գետի հովտի սպառազեն մուսուլմանների կողմից։ Թուրքերը ամենուրեք խոթել էին իրենց գարշելի մռութները և զինել ու նախապատրաստել հայերի դեմ իրենց ցեղակիցներին ու հավատակիցներին։ Այդ հանգամանքը պաշտպանական տեսակետից ևս ուղղակի աննպատակահարմար էր դարձնում համեմատաբար ապահով թիկունքից, ինչպիսին Զանգեզուրն էր, գաղթականների թեկուզ մի մասի տեղափոխությունը Ղարաբաղ։

Կառավարության հանձնարարությամսբ զինվորական գործերի կառավարիչը այդ ամենի մասին հանգամանորեն շարադրել էր Անդրանիկին ուղարկված պատասխան – նամակում, թողնելով, այնուամենայնիվ, Անդրանիկի հայեցողության Ղարաբաղ գաղթականություն ուղարկելու հարցի վերջնական լուծումը։ Նամակի վերջում խնդրվում էր ղարաբաղ ուղարկել, որչափ հնարավոր է, զինված ուժեր, փորձված սպաների գլխավորությամբ։ Խնդրվում էր նաև օգնել գնդապետ Մելիք Շահնազարյանին շտապ Ղարաբաղ տեղափոխելու Շուշու գնդի մնացորդները և Զանգեզուր հասցրած զենքն ու զինամթերքը։

Անդրանիկը, պիտի ասել, անբավական էր մնացել այդ նամակից։ Բանից դուրս եկավ, սակայն, որ Անդրանիկի նամակաբեր սուրհանդակը տակավին Շուշի չհասած, Զանգեզուրից դուրս էր եկել արդեն և սկսել էր շարժվել դեպի Զաբուղ, Ղարաբաղ անցնելու նպատակով, գաղթականների մի ստվար կարավան, բաղկացած ավելի քան չորս հարյուր ընտանիքներից։ Գաղթականությունը հաջողությամբ հասել էր արդեն Ղարաղշլաղ հուլիսի վերջերին։

Զաբուղը այդպես անարգել անծնելու հանգամանքների կապակցությամբ այստեղ ավելորդ չենք համարում հաղորդել որոշ մանրամասնություններ։

Գորիս եկած ղարաբաղցի և նուխեցի ճակատայիններից 150-ի չափ հայ զինվորներ, որոնց միացել էին Շուշու գնդից մոտ 50 շարքայիններ և սպաներ, անզգուշություն էին ունեցել գաղթականությունը մեկնելուց մի քանի օր առաջ Ղարաբաղ անցնելու փորձ կատարել, առանց սակայն, նախապես հետախուզության միջոցով պարզելու Զաբուղն անցնելու հնարավորությունները[10]։ Այդ անառիկ ձորը թուրքական հրամանատարության կողմից արդեն ամրացված էր և պահպանվում էր մեծաքանակ զինված ուժերի հսկողության տակ։ Փոխանական մանր խմբերի բաժանվելու և Գորիսից Շուշի տանող գաղտնուղիներին լավ ծանոթ մարդկանց առաջնորդությամբ մաս-մաս անցնելու Ղարաբաղի, այդ 200 հոգուց բաղկացած լավ զինված ջոկատը անփութորեն, օր-ցերեկով, առանց նախազգուշական միջոցներ ձեռք առնելու, փորձել էր անցնել «արյունոտ ձորը», երևի հավատացած լինելով, թե թշնամին չի համարձակվի այդպիսի մի ոչ փոքրաթիվ զինված ջոկատի ձեռք տալ։ Թուրքերը թույլ էին տվել ջոկատին անարգել հասնելու մինչև Զաբուղի կամուրջը, որով անցնում է Շուշի տանող խճուղին, և ապա, շրջապատելով ամեն կողմից, կոտորել էին բոլորին (կարծեմ փրկվել էր միայն մի սպա)։

Անդրանիկը տեղեկանալով թուրքերի և տեղական քրդերի այդ բարբարոսության մասին, կարգադրում է իր հատուկ զորամասեին վրեժխնդիր լինել, մաքրելով Զաբուղը թուրքերից։ Դեպքից երեք թե չորս օր հետո հատուկ զորամասի ջոկատները, Զանգեզուրի զինված ուժերի մասնակցությամբ, հարձակվում են Զաբուղի վրա։ Թուրքերը և քրդերը մեծ կորուստներ կրելով նահանջում են։ Ճանապարհը մինչև Ղարաղշլաղ կարճ ժամանակով մաքրվում է և ազատվում թշնամու վերահսկողությունից։ Դրանից օգտվելով, վերոհիշյալ գաղթական ընտանիքները հաջողում են արագորեն անցնել Զաբուղը և հասնել Ղարաղշլաղ, Գորիս-Շուշի խճուղու մոտ գտնվող ղարաբաղի առաջին հայկական մեծ գյուղը։ 

(շարունակություն)


[1] Հայ-մուսուլմանական քաղաքացիական պահանջների և վեճերի քննությունը կատարվում էր Ազգամիջյան կոմիտեի դատական ատյանում։

[2] Հայաստանի հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչը Վրաստանում, տեղեկանալով, որ թուրքերը զինվորական «կոմենդատություններ» են կամենում հիմնել Ղարաբաղի զանազան կետերծում, ներկայանում է Կովկասի գերմանական կայսերական պատվիրակության ղեկավար Ֆոն Կրեսին և հայտնում իր երկյուղը օսմանցիների մտադրության մասին։ Ֆոն Կրեսը խոստանում է այդ մասին հաստատապես տեղեկանալ թուրքական հրամանատարությունից և Հայաստանի ներկայացուցչին իրազեկ դարձնել։

1918 թ. օգոստոսի 10-ին Ֆոն Կրեսը իր նո. 396 գրությամբ հայտնում է Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչին հետևյալը.

«Պարոն դիվանագիտական ներկայացուցիչ.

Պատիվ ունեմ Ձեզ հայտնելու, որ համաձայն թուրքական գլխավոր հրամանատար Նուրի-փաշայի ինձ ուղարկած հաղորդագրության՝ օսմանյան զինվորական հրամանատարներ պիտի հաստատվեն Ղարաբաղի զանազան մասերում, նույն տեղերում կարգ ու ապահովություն պահպանելու համար։ Իմանալուն պես այդ զինվորական հրամանատարների կեցած վայրերը, չպիտի թերանամ Ձեզ հաղորդելու։

Հաղորդելով վերոհիշյալը, պ. դիվանագիտական ներկայացուցիչ, կհուսամ, որ Ձեր կառավարությունը պետք եղածը պիտի կատարի, որպեսզի արգելե հայ զինվորների և հիշյալ զինվորական հրամանատարների միջև որևէ բախում։

Ընդունեցեք և այլն։ (ՀՊՊԿԱ, ֆոնդ 200, գ. 70)։

Այդ առթիվ Հայաստանի հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչը 1918 թ. օգոստոսի 14-ին իր նո. 357 գրությամբ հաղորդում է Հայաստանի կառավարության արտաքին գործերի մինիստրին, որ ՙԹուրքերը ոտնձգություններ են սկսել Ղարաբաղի նկատմամբ. նրանք արդեն զանազան վայրերում նշանակել են իրենց զինվորական կոմենդանտները...՚ (նույն տեղում)։

Նուրի-փաշան, սակայն, երբեք ֆոն Կրեսին չհայտնեց, թե Ղարաբաղի որ կետերում է նա «զինվորական հրամանատարներ» նշանակել, դա երևի ռազմական գաղտնիք էր։ Բայց ղարաբաղցիներին այդ «գաղտնիքը» լավ հայտնի էր, և հայտնի էր հատկապես նշանակված հրամանատարների եռանդուն պրոպագանդիստական գործունեությունից և մանավանդ այդ պրոպագանդի քայքայիչ հետևանքներից։ 

[3] Թե ինչպիսի տագնապ էին ապրում թուրքերը Անդրանիկի Սյունիք մուտք գործելուց հետո, ցույց է տալիս հետևյալ դեպքը, որ պատմել է հեղինակին ականատես Միքայել Արզումանյանը։

Գանձակում տեղավորված օսմանյան գլխավոր շտափը լուր առնելով, որ հայկական մեծաթիվ այրուձի Անդրանիկի հրամանատարությամբ ղարաբաղի կողմից սրարշավ մոտենում է Գանձակ քաղաքաին, մատնվում է խուճապի և գիշերը, Բաքվի ճակատի գլխավոր հրամանատար Նուրի-փաշայի հետ միասին, դիմում փախուստի ընդհուպ մինչև Աղստաֆա կայարանը, ձգելով ամեն ինչ։ Շտափը Գանձակ է վերադառնում միայն այն ժամանակ, երբ հավաստի տեղեկություններ են ստացվում, որ Անդրանիկի հարձակման մասին տարածված լուրերը սուտ են։

[4] ՀՊՊԿԱ, ֆոնդ 200, գ. 312, թ. 10։

[5] Անդրանիկը երբեք թույլ չի տվել ձեռք տալ մուսուլմանական խաղաղ շինարականներին։ Նա եղել է անողոք միմիայն այն մուսուլմանական բնակավայրերի նկատմամբ, որոնք զինված հարձակումներ են կատարել հայ գյուղերի վրա կամ արգելքներ ստեղծել նրա զորմասի տեղաշարժերի ժամանակ։ Այդ անհերքելիորեն հասմտատող մի շարք խիստ հետաքրքրական և արժեքավոր փաստեր կարելի է գտնել Անդրանիկի ուղեկից սպաներից մեկի Իշլեմեջյանի «Հիշողությունների» մեջ (ՀՊՊԿԱ, ֆոն 314, գ. 1)։

[6] ՀՊՊԿԱ, ֆ. 200, գ. 612։

[7] Այդ փաստերը ցույց են տալիս, որ սահմանային վեճը Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին անգամ դրսևորվել է Անդրանիկի շուրջը տեղի ունեցած գրագրությունների ընթացքում։

[8] Հատկապես Գորիսի շրջանի բնակչության։

[9] ՀՊՊԿԱ, ֆոնդ 200, գ. 319բ, թերթ 44-48։

[10] Զաբուղը կամ Զաբուղի ձորը գտնվում է Ագարա գետի մուսուլմանաբնակ հովտի հյուսիսային մասում, որտեղ Զանգեզուրի և Ղարաբաղի տերիտորիաները մոտենում են իրար, բաժանման տարածությունը հասցնելով 5-6 կիլոմետրի։ Այդ տարածության միջով է հոսում Ագարա (հնում Աղվան կամ Աղվանու) գետը, որի վրա  շինված համանուն (Զաբուղի) կամրջի վրայով անցնող խճուղին միացնում էր Շուշին՝ մի կողմից Գորիսի և Նախիջևանի, իսկ մյուս կողմից Եվլախ կայարանի հետ։ Խճուղու այդ ուղեմասի մոտակայքում միշտ վխտացել են ավազակախմբերը, որոնք Զաբուղով անցնող ճանապարհորդներին կաղոպտելու նպատակով կատարում էին բազմաթիվ սպանություններ։ Տուժողները մեծ մասամբ լինում էին, իհարկե, ղարաբաղցի կամ զանգեզուրցի հայ ճանապարհորդները։

1917 թ. վերջերից և հատկապես 1918 թվիծ սկսած Զաբուղը ձեռք էր բերել խիստ կարևոր ռազմագիտական նշանակություն Ղարաբաղի և Զանգեզուրի փոխադարձ կապի համար։ Այդ հանգամանքը չվրիպեց հայության թշնամիների աչքից։ 1918 թ. սկզբից Զաբուղի վրա խիստ հսկողություն էր սահմանել «Քուրդիստանի» միահեծան տերը՝ Սուլթան-բեկ Սուլթանովը (բուն Քուրդիստանը գտնվում էր Արևմտյան Հայաստանից դեպի հարավ-արևելք՝ հյուսիսային լայնության 34 և 39 աստիճանների ու արևելյան երկարության 37 և 46 աստիճանների միջև)։ Իսկ 1918 թ. օգոստոսին թուրքական հրամանատարությունը Կարիագինոյի վրայով Զաբուղ ուղարկեց օսմանյան ասկերներից բաղկացաթ մի քանի ջոկատներ, որոնք կազմակերպեցին այդ կետի մշտական ռազմագիտական հսկողությունը և պաշտպանությունը, խզելով այդպիսով սովորական կապը Ղարաբաղի և Զանգեզուրի հայերի միջև։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter