
Սիրիահայ. «Ես վերաբնակիչ եմ, փախստական չեմ»
«Հոս շատ ենք կապվել: Հիմա, որ հիշում եմ, ոնց որ երազում ապրած լինեմ Սիրիայում, - ասում է սիրիահայ վերաբնակիչ Նազիկ Օհանը, - հոս շատ սիրեցինք: Չնայած սկզբում շատ դժվար էր, բայց դա էլ էր հաճելի»:
Չորս տարի առաջ Ժիրայր Տօնապետեանը կնոջ` Նազիկի և յոթ երեխաների հետ Սիրիայի Ղամշլի քաղաքից տեղափոխվել են ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաք:
Նազիկը պատմում է, որ երբ նոր էին տեղափոխվել Կովսական, գրեթե բոլորը հարցնում էին, թե ինչու են Սիրիան թողել և եկել Ղարաբաղ:
«Հայրենիքի համար», - պատասխանում էր Նազիկը:
Կովսականում շատերը չէին հասկանում կամ լուրջ չէին վերաբերում Նազիկի ասածին, շատերն էլ մտածում էին, որ երևի աղքատ էին, այնտեղ գործերը հաջող չէին, այդ պատճառով էլ թողել, եկել են Հայաստան:
«Բայց Ժիրայրի գործերը հոն շատ լավ էին, շատ աղվոր մը տուն ունեինք, նոր էինք կառուցել, ամենն ալ մեր ուզած ձևով”, - ասում է Նազիկը:
Սիրիայի տունը չէին ցանկացել վաճառել, որովհետև շատ էին աշխատել դրա վրա, հետո էլ նախատեսել էին արձակուրդներին գնալիս այնտեղ տուն ունենալ: Բայց Ղարաբաղ գալուց հետո Սիրիա վերադառնալու հնարավորություն չի եղել:
Դեռևս 2000 թ-ին Ժիրայրը եկել էր Հայաստան, շրջել ամբողջ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի տարածքով, հետ վերադարձել Սիրիա: Այդ ժամանակ էլ որոշել էր ունեցվածքը վաճառել, տեղափոխվել Հայաստան: Այնուհետև հանգամանքներն այլ կերպ են դասավորվել, և միայն 2009-ին է կարողանում հաստատվել Կովսականում:
Ժիրայր Տօնապետեան |
«Ես վերաբնակիչ եմ, փախստական չեմ», - ասում է Ժիրայրը:
Սիրիահայ ամուսինները շատ էին ցանկանում, որ երեխաները ապրեն և մեծանան Հայաստանում, իսկ տղաները` ծառայեն հայկական բանակում: Այժմ ավագ որդին` Առաքելը, ծառայում է Ջաբրայիլում: Ժիրայրը հիշում է` ինչպես է տղային տարել զինկոմիսարիատ: Ժիրայրը չի հասկանում` ինչպես են մարդիկ իրենց երեխաներին անգամ հիվանդ ներկայացնում կամ այլ երկրներ տանում, միայն թե բանակից խուսափեն:
«Եթե մենք չպաշտպանենք մեր սահմանը, օտարը չի գա մեզի պաշտպանի», - ասում է Ժիրայրը:
Չնայած՝ հետո շատերն էին զարմացել, թե ինչու է տղային ուղարկել զինծառայության, երբ կարող էր
Երկրորդ տղան սովորում է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում: Ժիրայրն ու Նազիկը սպասում են, որ ամռանն Առաքելի զորացրվելուց հետո ծառայության ուղարկեն երրորդ տղային` Սարգիսին, ով այժմ սովորում է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: Ժիրայրը պատմում է, որ ամեն անգամ Առաքելին տեսակցության գնալիս զգուշացնում է, որ հանկարծ գիշերային հերթապահության ժամանակ չքնի, հետո էլ հավելում է.ծառայությունից ազատել: Երբ այդ նույն հարցը զինվորական ընկերները ուղղել են Առաքելին, նա պատասխանել է. «Հայրս ադ հնարավորությունն ուներ, բայց եթե դրամին մնար, հայրս ալ դրամ կուտար, որ ես ծառայիմ»:
«Ամենահավատարիմ ընկերը զենքի ընկերն է. ան երբեք չի դավաճանի»:
Ժիրայրը խոսում է Հայաստանի իրենց կյանքի մասին, ընթացքում որոշ բաներ քննադատում, բայց վերջում միշտ հավելում` էսպես չի մնա, կփոխվի: Սիրիահայ ընտանիքի համար տեղի սովորություններից շատերն անծանոթ ու անսովոր էին: Սկզբում մի շարք բառեր չէին հասկանում, որոնք ռուսերեն են, զարմանում էին` ինչու են այստեղ արաբական որոշ բառեր օգտագործում` էս վախտ, ջեբ և այլն: Բայց ավելի շատ զարմանում են, թե ինչու են տարանջատում Ղարաբաղը և Հայաստանը, երբ նույն երկիրն է, կամ ինչու են տարբերություն դնում՝ այստեղացի, թե այնտեղացի:
«Ամենն ալ Հայաստան է, հոս ամենն ալ հայ է: Ազատ անկախ Հայաստան է», - ասում է Ժիրայրը:
Նազիկն ասում է, որ միշտ էլ ցանկացել է շատ երեխա ունենալ:
«Ավելի շատ կունենայի, բայց այլևս չհասցրեցի», - ասում է նա:
Հարցնում եմ` գուցե ամեն դեպքում էլի երեխաներ ունենան, Նազիկը պատասխանում է, որ այս տարիքում այլևս չի կարող: Ամուսինը լսում, ժպտալով ասում է` «Նազիկ, Հայաստանում մարդիկ 73 տարեկանում են երեխաներ ունենում»:
Տօնապետեանների տան կառուցումը դեռ ընթացքի մեջ է: Առաջին հարկի մի քանի սենյակները բարեկարգել են, բայց վերևի հարկը դեռ անավարտ է: Ժիրայրը համոզված է, որ տան կառուցումն աստիճանաբար կավարտեն, բայց գործը երբեք չի կարելի թողնել: Գյուղացին միշտ էլ գործ ունի, գուցե շատ չվաստակի, հարուստ չլինի, բայց հանգիստ գլուխը կդնի բարձին: Երբ պատերազմից հետո սիրիահայեր եկան Կովսական, շատերն այդ տանը մնացին: Մեծ տունն անհրաժեշտ է ոչ միայն բազմանդամ ընտանիքի համար, այլև հյուրերի, ում պակասը երբեք չի զգացվում: Ժիրայրն ասում է, որ Կովսականում օտարների համար գիշերելու տեղ չկա, այդ պատճառով էլ ուզում է տունը բարեկարգել, որ դրսից եկած մարդիկ գիշերելու տեղ ունենան:
Տօնապետեանների ընտանիքը շատ է սիրում Կովսականը, և նրանք չեն ցանկանում այլ տեղ ապրել: Այս ընթացքում աստիճանաբար որոշ բաներ փոխվել են այստեղ, բայց նեղվում են, որ Կովսականում եկեղեցի կամ մատուռ չկա:
«Հոն մենք շատ կապված էինք եկեղեցու հետ: Մենք հոն պետություն չունենք, ադե մեր պետությունը, - ասում է Նազիկը,- բայց բոլորս սրտանց սիրեցինք Կովսականը»:
Պատերազմից հետո Սիրիայից Կովսական են տեղափոխվել նաև Ժիրայրի քույրը, մայրը, երկու եղբայրները` Երվանդը և Առաքելը, ով Արցախ է եկել իր ընտանիքի հետ: Այստեղ են ապրում Նազիկի մայրն ու եղբոր ընտանիքը:
Լուսանկարները՝ Էրիկ Գրիգորյանի
Առաջին լուսանկարում՝ Նազիկը, Եւան, Սամվելը, Ռիտան:
Մեկնաբանել