
Բնապահպանության նախարարության «գերիները»
Գերեվարված բոնոբոյի ճակատագիրը բնապահպանության նախարարին չի՞ հուզում
«Հետքը» հոդված էր հրապարակել միջազգային Կարմիր ցուցակում ընդգրկված կենդանիների` Հայաստան ներկրման և առք ու վաճառքի մասին: Հրապարակել էինք կոնկրետ փաստեր և լուսանկարներ, որ աֆրիկյան ծագում ունեցող բոնոբո (pan paniscus) տեսակի կապիկը ցուցադրված է «Ջամբո» ակումբում: Մինչդեռ բոնոբոյի արտահանումը ծագման երկրից` Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից արգելված է: Չնայած արտահանող Արթուր Խաչատրյանը պնդում է, որ կապիկը բուծված է Գվինեայում և այնտեղից էլ ներկրել է, աֆրիկացի մեր գործընկերների միջոցով պարզել ենք, որ Գվինեայում այդպիսի բուծարան գոյություն չունի: Եվ Գվինեայից կեղծ փաստաթղթերով կենդանիների արտահանման բազմաթիվ դեպքեր արդեն իսկ բացահայտվել են:
«Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական և բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի (CITES) համակարգողը ՀՀ բնապահպանության նախարարությունն է, ի դեմս Կենսառեսուրսների կառավարման գործակալության:
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին գրավոր հարցում ուղարկեցինք, որպեսզի ճշտենք, թե տեղյակ է արդյոք ՀՀ բնապահպահպանության նախարարությունը, թե`
- ինչպե՞ս է Հայաստանում հայտնվել Միջազգային կարմիր գրքում գրանցված pan paniscus տեսակը,
- ի՞նչ նպատակներով է այն օգտագործվում «Ջամբո» էկզոտիկ այգում,
- քանի՞ տարեկան է կենդանին,
- այգու սեփականատերն ունի՞ կենդանին ցուցադրելու օրինական փաստաթուղթ, ներկրման, առք ու վաճառքի կամ վարձակալության մասին վկայող այլ փաստաթղթեր:
Խնդրել էինք տրամադրել բոնոբոյի ներկրման CITES թույլտվության պատճենը:
Նույն` «Ջամբո» այգում ցուցադրված են նաև 4 շիմպանզեներ, որոնք նույնպես վտանգված տեսակ են համարվում: Խնդրել էինք հայտնել, թե ե՞րբ են այդ շիմպանզեները ներկրվել Հայաստան, որ երկրից և CITES թույլտվության որ տեսակով են ներմուծվել ՀՀ: Այգու սեփականատերն ունի՞ շիմպանզեները ցուցադրելու օրինական փաստաթուղթ` ներկրման կամ առք ու վաճառքի մասին վկայող:
Նախարարին ուղարկել էինք նաև հոդվածի հղումը` մեր հրապարակած փաստերին ծանոթանալու համար:
Ի պատասխան մեր գրությանը, ստացել ենք հետևյալ պատասխանը. «..Ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն կապիկներ ներմուծելու վերաբերյալ հայտ չի ներկայացվել և ներմուծման թույտվություն չի տրվել: Չի ներկայացվել նաև դիմում` գրության մեջ նշվող Pan paniscus և 4 այլ շիմպանզե տեսակի կապիկներ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից վարվող ՍԻԹԵՍ-ի գրանցամատյանում հաշվառելու նպատակով, հետևաբար, նախարարությունը չի կարող լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել»:
Նախարարությունը, ստանձնելով կոնվենցիայի համակարգողի գործառույթը, պետք է նաև քաջածանոթ լինի կոնվենցիայի պահանջներին, մասնավորապես, հոդված VIII-ին.
Կողմերի կողմից ձեռնարկվելի միջոցները 1. Կողմերը պետք է ձեռնարկեն համապատասխան միջոցներ սույն Կոնվենցիայի դրույթների կիրառման և դրանց խախտման դեպքում նմուշների առևտուրն արգելելու համար: Այս միջոցները ներառում են. ա) պատժամիջոցների կիրառում նման նմուշների առևտրի կամ տնօրինման կամ երկուսի համար, և բ) առգրավելը կամ նման նմուշները վերադարձնելը արտահանող պետությանը: 3. Հնարավորության դեպքում Կողմերն ապահովում են, որ առանց ուշացման նմուշները ենթակա են առևտրի համար պահանջվող ձևակերպման: Ձևակերպման նման իրականացումը խթանելու նպատակով Կողմերը կարող են նշել ելքի և մուտքի կետեր, որտեղ նմուշները պետք է ներկայացվեն մաքսային ձևակերպումների համար: Կողմերն ապահովում են, որ բոլոր կենդանի նմուշները տարանցիկ փոխադրման, պահման կամ փոխադրման ցանկացած ժամանակահատվածում պատշաճ կերպով խնամվեն այնպես, որ նվազագույնի հասցվի վնասվելու, առողջության վտանգի կամ կոպիտ վերաբերմունքի ռիսկը: |
Հիշեցնենք, բոնոբոներից մեկը, ըստ ներկրողի, Հայաստան բերվելուց հետո սատկել է: Իրավասու մարմնին չի՞ հետաքրքրում, թե ինչպես են տեղափոխվել այս կապիկները, ինչ պայմաններում են ապրում և ինչու է սատկել Կարմիր գրքում գրանցված բոնոբոն:
Ավելին, ըստ նույն հոդվածի 6-րդ կետի, «յուրաքանչյուր Կողմ կվարի I, II և III հավելվածներում ընդգրկված տեսակների նմուշների առևտրի գրանցումները, որոնք պետք է ներառեն.
ա) արտահանողների և ներմուծողների անուններն ու հասցեները, և բ) տրամադրված թույլտվությունների և հավաստագրերի թիվն ու տեսակը, այն պետությունները, որոնց հետ կատարվում է նման առևտուր, նմուշների թիվը կամ քանակը և տեսակները, I, II և III հավելվածներում ընդգրկված տեսակների անվանումները, եթե կիրառելի է, տվյալ նմուշների չափսն ու սեռը: |
Ավելին` կոնվենցիայով կարգավորման ենթակա վայրի կենդանիները և բույսերը, դրանց մասերն ու ածանցյալները ՀՀ տարածքից արտահանելու և ՀՀ տարածք ներմուծելու թույլտվությունների տրամադրման կարգի 33-րդ կետն էլ սահմանում է.
ՀՀ տարածքում նմուշներ տիրապետող, անազատ պայմաններում կենդանիներ բուծող և արհեստական պայմաններում բույսեր աճեցնող իրավաբանական և ֆիզիկական անձինք ՍԻԹԵՍ-ի գրանցամատյանում հաշվառվելու նպատակով իրենց նմուշների տեսակների ու քանակի մասին գրավոր տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը |
Փաստորեն, նախարարությունը չի տիրապետում նաև այս տեղեկություններին: Այս ամենից հետևում է, որ կոնվենցիան համակարգող մարմինը ձախողել է կոնվենցիան, չի կատարել իր գործառույթները և նույնիսկ այն բանից հետո, երբ հայտնի են դառնում կենդանիների ներկրման փաստեր (այս մասին հայտնել էինք գրավոր նամակում), չի ստուգում և չի հետևում դրանց ճակատագրին: Հնարավոր է նաև, որ նախարարությունն օժանդակում է Կարմիր գրքում գրանցված կենդանիների ներկրմանը և արտահանմանը` գործարքի մեջ մտնելով ներկրողների հետ:
Ոստիկանությունը ստուգողական գործողություններ է կատարելու
Պարզելու համար, թե կենդանիների ներկրման վերաբերյալ մեր հրապարակման փաստերը արդյոք ստուգել է ՀՀ գլխավոր դատախազությունը, դիմեցինք գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին.
«Հոդվածում նշված հագամանքները պարզելու ուղությամբ անհրաժեշտ է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածների կարգով կատարել ստուգողական գործողություններ»,- հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, Արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Հ. Բադալյանը և պատճենն ուղարկել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ պետ, ոստիկանության գնդապետ Ռ. Զաքարյանին` ստուգողական գործողությունները կատարելու համար:
Տեսանկարահանումը` Սարո Բաղդասարյանի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել