HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եկկողմանի ծնողազուրկ զինվորը ցմահ է դատապարտվել վկաների ցուցմունքներով (մաս 4-րդ)

սկիզբը

Ցմահ ազատազրկման դատապարտված, 11-րդ տարին բանտում գտնվող, նախկին շարքային 32-ամյա Ցոլակ Պողոսյանի գործով դատավճռի վերջին էջում կարդացի սովորական դարձած արտահայտությունը՝ «իրեղեն ապացույցները ոչնչացնել»:

Այսպիսով՝ համակարգը ոչնչացրել ու շարունակում է ոչնչացնել գործերի վերաբացման թիվ մեկ հիմքը՝ իրեղեն ապացույցները: Մինչդեռ անգամ պարբերաբար կատարելագործվող դատաիրավական համակարգ ունեցող երկրներում իրեղեն ապացույցների պահպանման շնորհիվ վերաբացվում են հարյուրավոր գործեր, մարդիկ անգամ 25 տարի անց ճանաչվում են անմեղ:

Այսպիսով՝ 3 տարի քննվող գործի 4 հատորյակն ուսումնասիրելով՝ արձանագրում ենք, որ Ցոլակին պատժի առավելագույն չափի են դատապարտել՝ հիմնվելով  բացառապես մի քանի վկաների ցուցմունքների ու ամբաստանյալի՝ նախաքննության ժամանակ բռնությամբ կորզված ինքնախոստովանական ցուցմունքների վրա: Գործում բացակայում էին նույնիսկ իրեղեն ապացույցների փորձաքննության արդյունքները:   

Ամբաստանվող զինվորականներից քանի՞սն են շարքայիններ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ «Պատժողական քաղաքականությունը ՀՀ-ում» 2010 թ-ի ուսումնասիրության համաձայն՝ ամբաստանյալների ավելի քան 78 տոկոսը շարքայիններն են եղել, 2.6 տոկոսը ենթասպայական կազմից, մոտ 15 տոկոսը կրտսեր սպայական և միայն 4 տոկոսը՝ ավագ սպայական կազմից:

«Հետքը» զրուցեց «Լրագրողներ՝ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանի հետ, ով 1990-ականների վերջից զբաղվում է զինվորական քրեական գործերով: Նա նշում է, որ այս տարիներին բազմաթիվ զինվորական գործեր են ուսումնասիրել ու լուսաբանել: «Ամենածանրն, իհարկե, բացառիկ պատժաչափի՝ ցմահ, իսկ 2003-ից առաջ նաև մահապատժի դատապարտվածների գործերն են: Բոլոր 14-ն էլ շարքայիններ են: Միջին, առավել ևս բարձր սպայական կազմից դատապարտվածներ չկան: ՊՆ-ում անգամ ներքին դիրքորոշում կա, որ հրամանատարները անձեռնմխելի են: Իսկ դատապարտվող շարքային զինվորները 90 տոկոսով սոցիալական ծանր վիճակում եղած երեխաներ են՝ սովորական ընտանիքներից: Նրանք են թույլ օղակը: Այսպես ասած՝ «լավ պապաների» տղաները երբեք չեն դատապարտվում: Իսկ նախաքննությունները ընթացել և ընթանում են կոպտագույն խախտումներով: Տղաներին օրերով պահում են Ռազմական ոստիկանությունում, բազմաթիվ են բռնության մասին հայտարարությունները, սակայն այս մասով չի կատարվում  քննություն: Հաճախ են դեպքերը, երբ նույն զինվորները դատարանում հայտնում են, որ ինքնախոստովանական ցուցմունքները տվել են ծեծի ազդեցության տակ, բայց դատարանը դրանց գնահատական չի տալիս իր դատական ակտով: Ի վերջո, բանակը հրամանով կարգավորվող պետական մարմին է, արդյո՞ք պետությունը չունի մեղքի կեսը, երբ բանակում հանցագործություն է տեղի ունենում: Երիտասարդներին պատժի առավելագույն չափի դատապարտելով ու ցմահ մեկուսացնելով՝ պատժի նպատակների հարց չես լուծի: Ցմահ դատապարտյալներից մի քանի գործ ենք ուսումնասիրել, դրանք այն գործերը չեն, որոնցով կարելի է բացառիկ պատժաչափի դատապարտել երիտասարդներին: Ի՞նչն է խանգարում հիմա վերաբացել այդ խայտառակ գործերն ու վերաքննել»:

Հոգեբան Միհրդատ Մադաթյանը նշեց, որ փակ կառույցներում՝ բանտերում, բանակում երիտասարդները շատ ավելի խոցելի են. «Թե՛ քրեակատարողական հիմնարկներում, թե՛ բանակում հոգեբանական աշխատանքը թույլ է, եթե չասեմ՝ գրեթե զրոյական: Այդ երիտասարդների հետ լուրջ հոգեբանական աշխատանք պիտի տարվի, պիտի հոգեբանի խոսքը լսելի լինի: Իրականում փակ կառույցներ են տարվում գողական օրենքներ և այնտեղից երիտասարդները հասարակություն են վերադառնում է՛լ ավելի կատարելագործված բացասական հմտություններով՝ ագրեսիվ, ոչ հանդուրժող, «արա» բառի համար պատրաստ իրար վնասելու»:  

Հանորվերի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Հեյնինգ Ռադթկեն «Հետքի» հետ զրույցում նշեց, որ 18-21 տարեկան ցմահ դատապարտյալներ չկան Գերմանիայում, թեպետ ամեն գործով մասնագիտական հանձնաժողովն է տալիս կարծիք՝ այդ տարիքի մեղադրյալը արդյո՞ք լիարժեք պատասխանատվություն է կրում իր արարքների համար, թե ոչ: 18-21 տարեկանների դատավարությունները ընթանում են անչափահասների համար նախատեսված դատավորների կողմից և այդ դրույթներին համապատասխան: «Իսկ առհասարակ 18-24 տարեկան դատապարտյալների համար Գերմանիայում կան առանձին բանտեր, որտեղ սոցիալական ու հոգեբանական վերականգնումը է՛լ ավելի կատարելագործված է, ուսուցողական ծրագրերը՝ հագեցած: Մեկ հոգեբանը 25-30 դատապարտյալ է սպասարկում»,-նշեց գերմանացի փորձագետը:

Հ.Գ. Փորձեցի Ցոլակ Պողոսյանի քրեական գործի նյութերում առկա հասցեով գտնել նրա հարազատներին: Այցելելով բնակարանը, որտեղ նա մինչ բանակ զորակոչվելը ապրել է ավագ եղբոր հետ՝ իմացա, որ տունը մի քանի անգամ վերավաճառվել է, և այնտեղ հիմա այլ ընտանիք է ապրում: «Հետքը» դիմել է ՔԿՎ՝ Ցոլակ Պողոսյանի հետ հարցազրույց վարելու թույլտվություն ստանալու համար: Դրական պատասխանի դեպքում՝ կներկայացնենք նրա հետ ունեցած մեր զրույցը:    

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter