HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժեֆա. մի սիրո խոստովանություն

Ես գրկում եմ պարանոցդ՝ մեջքով քեզ կանգնած: Դու դնում ես գլուխդ ուսիս՝ կիսափակելով մի աչքդ ու լայն բացելով մյուսը, ինչպես կարող ես միայն դու: Ես շոյում եմ մռութդ, խառնում բաշդ, գրկում քեզ ամուր-ամուր…

Սա մեր ամենօրյա արարողակարգն է քեզ սանրելուց ու մաքրելուց  առաջ: Մեր ողջույնը: Քո մի աչքը ձիու է, մյուսը՝ մարդու: Իսկ ականջներդ մեծ-մեծ են: Ասում են, ձիերի մոտ մեծ ականջները մեծ բարության նշան են: Իմ անվերջ բարի, անվերջ խոցելի աղջիկ…

Կեղտոտ-կեղտոտ… Խոզուկս… Դու խուտուտ ունես փորի մասում ու վազում ես ողջ ախոռով, փախչում ես խոզանակից: Արդեն վաղուց պիտի ընտելանայիր, բայց, Աստված իմ, ինչ կամակորն ես: Իմ համբերությունը հատում է, ձեռքերս քոր են գալիս մի լավ հասցնել մռութիդ, բայց քեզ վրա նույնիսկ բղավել չի կարելի: Միանգամից նեղանում ես, մտնում ես ախոռի ամենահեռավոր անկյունը՝ մեջքով ինձ, կախում ես գլուխդ ու դողում ամբողջ մարմնով: Ու այնքա՜ն շաքար է պետք, որ ներես: Իմ նեղացկոտ աղջիկ…

Դու փայլփլում ես մաքրությունից: Ես թամբում եմ քեզ ու դուրս ենք գալիս: Քայլում ենք մի հինգ րոպե, հետո սկսում ենք վազել: Քո վարգը սահուն է ու թեթև, քեզ այսօր զգում եմ, ինչպես երբեք, այսօր մենք ձուլվել ենք իրար, դարձել մի ամբողջություն, այսօր մենք նույն բանն ենք ուզում: Դու անընդհատ ավելացնում ես վարգդ, ուզում ես անցնել քառատրոփի՝ փնչացնելով ոգևորությունից, անհամբերությունից, արագացնում ես շրջադարձին ու այնքան կտրուկ մտնում ձախ, որ մի վայրկյան շունչս կտրվում է ու աչքերս մթնում են: Գիտեմ, որ դա սխալ է, որ պիտի սաստեմ քեզ, բայց ես էլ եմ ուզում չարաճճիանալ այսօր. դե լավ, չենք աշխատի այսօր, կխախտենք բոլոր օրենքները: Ու թուլացնում եմ սանձը: Քեզ անսահման ազատություն եմ տալիս, հոգիս, թռչիր…

Իսկ որքան բարդ էին սկսում մեր հարաբերությունները, Ժեֆա: Դու՝ նյարդային, ես՝ նյարդային, դու՝ անհամբեր, ես՝ անհամբեր… Դու շտապում ես, չես հասկանում, չես ուզում, ես ամբողջ ուժով բղավում եմ, դու ավելի ես վախենում… Սկսում ես կամ թփրտալ տեղում, կամ ետուառաջ վազել: Ես նետում եմ սանձերը, վայր եմ ցատկում, գոռում եմ՝ էլ ուժ չունեմ: Դու դողում ես ողջ մարմնով…

Դու վախենում ես մարդկանցից: Նրանց վերաբերմունքը քո հանդեպ միշտ սպառողական է եղել:

Ես հանգստանում եմ, անօգնական զայրույթի արցունքներս չորանում են, ես գալիս եմ քեզ մոտ ախոռ, գրկում քո բարակ, սլացիկ պարանոցը ու շշնջում՝ ներիր: Ինձ համար էլ է ծանր, Ժեֆա: Ձին ինձ համար նշանակում է Կիտոբոյ: Ես կորցրել եմ նրան, Ժեֆա: Ու բոլորին համեմատում եմ նրա հետ: Ինձ ժամանակ է պետք, Ժեֆա…

Դու գլուխդ իջեցնում ես ուսիս: Իմ մեծահոգի աղջիկ…

Բայց այս ամենը ետևում է, Ժեֆա: Ես սովորեցի դադարել համեմատել: Սովորեցի հանգիստ լինել… Դու սովորեցիր վստահել: Քո անվերջ բարի հոգին մոռացավ մարդու պատճառած վերքերը: Մենք սովորեցինք հասկանալ միմյանց առանց խոսքի:

Հիշու՞մ ես, թե ինչպես էինք սովորում դաշտերում լճափոսերի վրայով անցնել: Հիշու՞մ ես՝ ինչպես էինք սովորում չվախենալ թռչող «ցելոֆաններից», ջարդված գույնզգույն մեքենաներից: Հիշու՞մ ես՝ ինչպես էի համոզում քեզ մտնել ջրափոսը, իսկ դու կանգ էիր առնում՝ ահաբեկված, չռված աչքերով, մի ոտքից մյուսին անցնելով: Իսկ մեկ շաբաթ անց արդեն անվախ մտնում էիր լիճը: Հիշու՞մ ես՝ ինչպես էինք քայլում մեծ քարերի վրայով: Դու կանգնում էիր, գլուխդ թեքում ու անօգնական նայում վրաս՝ կարծես խնդրելով ուղղություն ցույց տալ: Իսկ հիմա վստահորեն քայլում ես սղլիկ քարերի վրայով:

Մենք իրարից շատ բաներ սովորեցինք ու շատ բաների միջով անցանք: Հիշո՞ւմ ես՝ ինչպես պոկեցիր պարանը ու արոտավայրից սլացար ախոռ: Չկարողացար պահել քեզ շրջադարձին, ընկար ու ճղեցիր կողքդ: Իսկ ես մշակում էի վերքդ: Դու ուրիշ ոչ մեկի մոտ չէիր թողնում: Հիշու՞մ ես՝ ինչպես կորցրեցիր մտրուկիդ: Ես գրկել էի քեզ ու լաց էի լինում, իսկ դու փորձում էիր դուրս պրծնել գրկիցս ու վերադառնալ խոտիդ: Դու նույնիսկ չէիր նկատել, որ վիժել էիր ձագուկիդ: Բնությունն իմաստուն է…

Ժեֆա… Իմ անսահման բարի, անսահման լկստված, անսահման սիրուն աղջիկ… Երբեմն էլի հիշում ես կամակոր անցյալդ: Երբեմն էլի զայրանում եմ դրանից: Բայց նույնիսկ այդ պահին սիրում եմ քեզ: Շատ-շատ…

Ես գրկում եմ պարանոցդ՝ մեջքով քեզ կանգնած: Դու դնում ես գլուխդ ուսիս՝ կիսափակելով մի աչքդ և լայն բացելով մյուսը, ինչպես կարող ես միայն դու: Ես շոյում եմ մռութդ, խառնում բաշդ, գրկում ամուր-ամուր…

Մեկնաբանություններ (2)

aram
Bravo Hasmik, you are an anomaly, a believer and a fresh air in our land of people with much despair. See you in Ushi. A neighbor
Hasmik
Thanks a lot, Aram! Ushi itself is an anomaly so I have to catch up with ha ha. See you in Ushi! :)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter