HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Կուզենային՝ պատերազմն ավարտվեր, և իրենք վերադառնային Սիրիա

Հյուրատան սենյակներից մեկում 6-ամյա Աննան բարձր ձայնով երգում է «Մեր հայրենիք» երգը` ուրախանալով, որ բոլոր ներկաներն իրեն են լսում: Այդ ժամանակ մայրը` Նելլին, հիշում է, որ իր տղաներն էլ հմտորեն զենքի կրակոցների ձայներ են հանում: Այնուհետև ավագ որդին` 13-ամյա Աբրահամը, սկսում է «կրակոցները»` ընթացքում բացատրելով՝ որ ձայնը որ զենքինն է, իսկ կրտսեր եղբայրը` 11-ամյա Արենը, սկսում է նրան ձայնակցել: Նելլին պատմում է, որ երբ դեռ Հալեպում էին ապրում, իսկ պատերազմն արդեն սկսվել էր, խոհանոցում գործ անելիս միշտ լսում էր կրակոցների ձայները: Որոշ ժամանակ անց երեխաներն այնքան նման էին հանում կրակոցի ձայնը, որ երբեմն չէր տարբերում իրականից:

Սիրիահայ Նելլի Գույումճյանն ընտանիքի հետ յոթ ամիս է՝ ապրում է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում` սիրիահայերի համար կառուցված հյուրատան սենյակներից մեկում: Նա պատմում է, որ անգամ պատերազմը սկսվելուց հետո իրենց մոտ ավելի ապահով էր: Ինքն ու ամուսինը՝ Մուրատյան Ճորճը, ցանկանում էին, որ երեխաներն ավարտեն ուսումնական տարին, նոր գան Հայաստան: Նելլիի երեք երեխաներն էլ այժմ հաճախում են Բերձորի դպրոց: Փոքրը` Աննան, առաջին դասարան հենց այստեղ է գնացել:

«Քիչ մը դժվարություններ կկրենք, իհարկե, փոփոխություններուն պատճառով»,- ասում է Նելլին:

Նելլիի ամուսինը Հալեպում արհեստավոր էր, սակայն Հայաստանում չի կարողանում իր մասնագիտությամբ գործ գտնել: Մեր այցելության ժամանակ նա Բերձորում չէր: Կնոջ խոսքով` մոտ 3 ամիս է՝ Երևանում է, փորձում է այնտեղ գործ գտնել, գումար վաստակել: Նելլին էլ հյուրատանը ձևակերպված է որպես պահակ: Ասում է, որ այժմ իրենց համար կարևորը ապահովությունն է, բայց կցանկանա ապրել այնտեղ, որտեղ ամուսինը նորմալ գործ կունենա:

Նելլին պատմում է, որ Կովսականում իրենց տուն են առաջարկել, սակայն խոստովանում է, որ չի ցանկանում տեղափոխվել:

«Շատ դժվար է Կովսական, ես չեմ ուզեր, ոչ,- ասում է Նելլին:- Չեմ կրնար որոշել, չեմ տեսել»:

Հյուրատանն ապրում է նաև Հակոբ Արթինի ընտանիքը, ավելի ճիշտ` ընտանիքի կեսը: Այստեղ են ինքն ու 11-ամյա որդին` Կարոն: Իսկ կինը` Ղատան և աղջիկը` Մենարը, Երևանում են: Հակոբը պատմում է, որ Ղամշլիից գալուց հետո մեկ տարի և երկու ամիս մնացին Բերձորում, այստեղ աշխատում էր իր մասնագիտությամբ՝ մեխանիկ: Բայց աղջկա պատճառով, ով ուզում էր Երևանում սովորել, սիրիահայ ընտանիքը տեղափոխվում է Երևան:

«Երկու ամիս մնացինք, մեր գործերն անհաջող գնացին, հետ վերադարձանք, - ասում է Հակոբը, հետո հավելում,- շատ մեծ սխալ էր Երևան գնալը»:

Այժմ մայրն ու աղջիկը հիմնականում Երևանում են լինում, հայրն ու որդին՝ Բերձորում: Հակոբն ասում է՝ գոհ է, բայց ապրուստը դժվար է: Երևան տեղափոխվելու պատճառով տեղի աշխատանքը կորցրեց, հիմա էլ գործազուրկ է: Հակոբի խոսքով՝ Քաշաթաղի վարչակազմից իրեն առաջարկել են տեղափոխվել Կովսական, որտեղ նոր տներ են կառուցում սիրիահայերի համար: Բայց նաև ուզում է, որ աշխատանքի հարցը լուծվի: Ասում է՝ Սիրիա վերադառնալը շատ վտանգավոր է, ապահովություն չկա, այնտեղ ամեն ինչ պետք է զրոյից սկսի, բայց Ղարաբաղում էլ ուզում է մնալ այն պայմանով, որ տուն և գործ ունենա:

«Եթե հայրենիքը մեզ չպահպանե, ո՞վ պիտի մեզ պահպանե,- ասում է Հակոբը:-Պատերազմեն փախանք, տուները թողեցինք, փախանք: Գործերը լավ էին, բայց պատերազմի ժամանակը վատ եղավ»:

Այժմ Սիրիայում մնացել է եղբայրը, ով նույնպես ավտոմեխանիկ է, ում հետ հազվադեպ է կարողանում խոսել, իսկ քույրերը Եվրոպայում են ապրում:

Երեկոյան Հակոբը հյուրատան ընդհանուր խոհանոցում ընթրիք է պատրաստում իր և որդու համար: Այդ ընթացքում որդին՝ Կարոն, և Նելլիի փոքր տղան՝ Արենը, զրուցում են: Տղաներն առանձնապես գոհ չեն, որ Բերձորում են, ասում են՝ գոնե Երևանում ապրեինք:

«Երևանի հրապարակը Բերձորի չափ է»,- ասում է տղաներից մեկը, մյուսն էլ՝ ասածը հաստատում:

Տղաները նեղվում են, որ Բերձորի տարածքը փոքր է, խաղալու և ազատ ժամանակ անցկացնելու տեղ չունեն: Միաժամանակ նշում են, որ տեղի դպրոցում լավ է, որովհետև երևանցի տղաների հետ խնդիր էին ունենում, միշտ վիճում էին: Բայց զրույցի ընթացքում խոստովանում են, որ կուզենային՝ պատերազմն ավարտվեր, և իրենք կրկին վերադառնան Սիրիա: 

 

Լուսանկարները՝ Էրիկ Գրիգորյանի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter