
Զինվորներին՝ պատժել, հրամանատարներին՝ խնայել
Դատարանների կենտրոնական արխիվում ուսումնասիրելով պատժի առավելագույն չափի դատապարտված զինվորների գործեր` տեսնում եմ, որ բանակում տեղի ունեցած ծանրագույն հանցագործությունների մեջ մեղադրվում են շարքայինները, իսկ հրամանատարական կազմը շատ հաճախ պատասխանատվության է ենթարկվում` 1-2 տարվա պայմանական պատիժներով: Բանակում պետական պատասխանատվության թույլ լինելու մասին տարիներ շարունակ բարձրաձայնում են տեղական ու միջազգային հասարակական տարբեր կառույցներ, սակայն զինադադարից հետո զորամասերում բռնությունների, մահվան դեպքերը չեն նվազում: Տարբեր տվյալների համաձայն, 1994 թ.-ից մինչ օրս հայկական զորամասերում գրանցվել է շուրջ 1500 մահվան դեպք:
Արխիվում ծանոթացա նախկին շարքային, 18 տարի «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանի երեքհատորյա քրեական գործին: Այս անգամ հնարավոր դատական սխալի մասին չէ, որ ցանկանում եմ բարձրաձայնել, այլ թե ինչպես է զորամասի հրամանատարության թողտվությամբ հենակետում կատարվել առանց վերահսկողության մնացած երեք զինվորի սպանություն:
Շարքային Աշոտ Մանուկյանը, ով կատարված հանցանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, դատապարտվել է մահապատժի` գնդակահարության ձևով (մահապատժի դատավճիռները 1991 թ.-ից չէին իրագործվում. մորատորիում էր հայտարարված, 2003 թ.-ին մահապատիժը հանրապետության նախագահի հրամանագրով փոխարինվեց ցմահ ազատազրկման), իսկ «Պեմզաշեն» տեղամասի վերահսկողության համար պատասխանատու վերադասները՝ 1-2 տարվա պայմանական պատիժներով: Աշոտ Մանուկյանը 18 տարի բանտում է: Դատապարտվել է 20 տարեկանում: Թե նախաքննության, թե դատավարության ժամանակ ցուցմունքներ է տվել, որ ինքն է կրակել երեք զինվորների վրա, իսկ պատճառը եղել է պարտքի շուրջ եղած վեճը:
Դեպքը տեղի է ունեցել 18 տարի առաջ՝ զինադադարի առաջին տարիներին, 1996 թ.-ի փետրվարի 23-ին Տուֆաշեն գյուղի մոտ տեղակայված զորամասի «Պեմզաշեն» տեղամասում: Դեպքից մեկ օր անց միայն հենակետում հայտնաբերվել են շարքայիններ Վլադիկ Օսիպյանի, եղբայրներ Սամվել ու Սերգեյ Վարդանյանների դիակները: Դեպքի վայրից կորել էին նաև երեք զինվորներին ամրակցած ԱԿՄ տեսակի ավտոմատները: Պահակակետում ծառայություն է անցկացրել 4 զինվոր, սակայն այդ օրը նրանցից մեկը` Գևորգ Խալաթյանը, հենակետում չի եղել, ինքնակամ լքել է պահակակետը: Իսկ դատավարության սկսվելուն պես նա մեկնել է Լեհաստան, թեպետ եղել է առանցքային վկաներից մեկը: Փաստորեն, պահակակետում մնացած երեք զինվորները մնացել են մենակ` առանց հրամանատարկան կազմի` սպաների ու ենթասպաների հսկողության:
Աշոտը հայտնաբերվել է փետրվարի 26-ին հորաքրոջ տանից, ինքնակամ ցույց է տվել շենքի մուտքում` 4-րդ ու 5-րդ հարկերի մեջտեղում, խորդանոցի մոտ պահված երեք զենքերը: Աշոտը Տուֆաշեն գյուղի զորամասում ծառայող նախկին զինվոր է եղել, այդ զորամասից տեղափոխվել է նախ Ղարաբաղ, ապա Կարմիր` ծառայությունը շարունակելու: Սակայն նախկին ծառայակիցներից Վլադիկը նրան պարտք է եղել 7000 դրամի չափով, որն էլ չի կարողացել վճարել: Այդ օրը, ըստ Աշոտ Մանուկյանի ցուցմունքի, ինքն ինքնակամ լքել է Կարմիրում գտնվող իր զորամասը ու եկել նախկին զորամաս, բարձրացել «Պեմզաշեն» պահակակետ իր պարտքի հետևից: Պարտքի պատճառով վեճ է եղել իր ու Վլադիկի միջև: «Պահակակետի երեք զինվորները հարձակվեցին ինձ վրա»,- իր ցուցմունքում նշել է Աշոտ Մանուկյանը: Այդ պահին Աշոտը վերցրել է կացարանում դրված զենքերից մեկն ու կրակ բացել:
Հարց. ինչպե՞ս է այլ զորամասի զինծառայողը ինքնակամ լքել իր զորամասը, եկել հասել նախկին զորամաս, բարձրացել պահակակետ, անգամ մեկ գիշեր մնացել այնտեղ: Վկաներից մի քանիսը իրենց ցուցմունքներում նշում են. «Սպաներն ու ենթասպաները օրերով, ամիսներով չէին բարձրանում հենակետեր, մենք ուտում էինք հաց ու սոխ, մենակ ներքև էինք իջնում հաց ստանալու»:
Հարց. ո՞ւմ վրա է դրված եղել «Պեմզաշեն» տեղամասի պահպանության պատասխանատվությունը: Պատասխանատուն, ըստ հրամանի, ավագ լեյտենանտ Վասիլ Հովսեփյանն է եղել, իսկ հսկողությունը դրված է եղել գնդապետ, զորամասի շտաբի պետ Վալերի Գրիգորյանի վրա: Տեղանքում ստուգումեր պիտի իրականացնեին սպաներ Կարեն Կարախանյանն ու Գրիշա Ալեքսանյանը: Նշված չորս անձինք անգամ չեն կալանավորվել, երբ նրանց մեղադրանք է առաջադրվել իրենց պարտականություններում դրսևորած անփութության համար: Նրանցից մեկի նկատմամբ կիրառվել է հրամանատարության հսկողության հանձնում, իսկ երեքի նկատմամբ` ստորագրություն հանրապետությունից չբացակայելու մասին խափանման միջոցները: Դատավճռով երկու երիտասարդ սպաները դատապարտվել են 2 տարվա ազատազրկման, սակայն հաշվի առնելով նրանց երիտասարդ տարիքը` դատարանը վճռել է դատավճռի կատարումը հետաձգել մեկ տարով, իսկ Կարախանյանն ու Հովսեփյանը` 1-ական տարվա ազատազրկման:
Ի դեպ, այս գործով ևս դատավճռի վերջում նշված է. «Իրեղեն ապացույցները ոչնչացնել» արտահայտությունը, ինչը քրեական գործի վերաբացման հիմքերն է վերացնում: Նաև առկա է 1990-ականների դատավճիռներին բնորոշ «Հանուն Հայաստանի Սոցիալիստական Հանրապետության» կիսաջնջված ձևակերպումը:
Պարզից էլ պարզ է, որ այս հանցագործությունը հնարավոր չէր լինի, եթե հենակետում լիներ պատշաճ հրամանատարական վերահսկողություն, եթե զորամասի պատասխանատուները ամենայն պատասխանատվությամբ մոտենային իրենց վստահված զինվորների կյանքերին:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել