HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բիթլզ»` դատապարտված հավերժ սիրո - 2

Նաիրա Հայրապետյան

Սկիզբը

1970թ.  հայտնի լրագրող Յան Վենները ծավալուն հարցազրույց ունեցավ  Ջ. Լենոնի հետ, որտեղ նա խոսեց նաև «Բիթլզի» քանդվելու պատճառների մասին:

Վենների` «Բիթլզն իր մասին խոսելիս միշտ  ներկայացել է որպես մի մարդու մարմնի տարբեր մասեր. ի ՞նչ կատարվեց այդ մասերի հետ» - հարցին նա պատասխանում է`

«Նրանք պարզապես հիշեցին, որ չորս անհատականություն են. մենք ևս հավատում էինք «Բիթլզի»  միֆին, բայց մենք ընդամենը մի խումբ էինք, որը շատ, շատ մեծ հաջողության հասավ, բայց մեր լավագույն գործն այդպես էլ  երբեք չձայնագրվեց, որովհետև մենք  պարզապես կատարողներ էինք, անկախ նրանից, թե ինչպես էր մեզ Միքը ներկայացնում Լիվերպուլում, Համբուրգում կամ այլ համերգասրահներում: Երբ մենք մաքուր ռոք էինք նվագում, ամեն ինչ  ֆանտաստիկ էր... Բրայանը մեզ կոստյումների մեջ մտցրեց, ու թեև դա մեզ մեծ հաջողությունների հասցրեց,  բայց գիտե՞ք, այդ կերպ մենք վաճառվեցինք։ Այդ պահից «Բիթլզի» երաժշտությունը մահացավ. ահա թե ինչու մենք այդպես էլ չկատարելագործվեցինք՝ որպես երաժիշտների.  ավելի շատ սպանեցինք ինքներս մեզ, քան թե սարքեցինք: Եվ դա եղավ  ամենի վերջը»:

Եվ թեև Ջոնն այստեղ խոսում է իր համար արդեն անցած-փակված երևույթի մասին, որի հանդեպ նա ջանում է բոլորովին անտարբեր երևալ, սակայն առանձին մեկնաբանություններում, հատկապես Փոլ Մաքքարթնիին վերաբերող հարցերում, անկարելի է չտեսնել թաքնված ափսոսանքն ու տեղ-տեղ մեղադրող ենթատեքստը։

Այդ տրամադրությունը առկա է ոչ միայն նրա, այլև Փոլի, Ջորջի, Ռինգոյի` Բիթլզին վերաբերող զրույցներում և, նույնիսկ, հետագայում թողարկված երգերի տեքստերում։

Ram (Ռեմ). այսպես է կոչվում  Փոլ և Լինդա Մաքքարթնիների` 1971թ. թողարկված ալբոմը, որն ընդամենը ամիսներ անց Բրիտանիայում ստացավ «Ոսկե» կարգավիճակը: Սակայն նրան միաժամանակ վիճակված էր դառնալ լուրջ կոնֆլիկտային տրամադրության առիթ նախկին բիթլերի միջև: Հայտնի գործարար Փիթեր Բրաունը, ով բիթլերի երկրպագուն և բարեկամն էր, պատմել է, որ Ջոն Լենոնի կարծիքով «Ram»-ում ընդգրկված երգերն իր հանդեպ վիրավորական ենթատեքստեր էին պարունակում. նա շեշտում էր հատկապես «Too Many People»-ը և «Dear Boy»-ը: Լենոնը նման ենթատեքստ էր տեսնում նաև կազմի  ձևավորման մեջ: Ավելի ուշ Մաքքարթնին մեկնաբանում է, որ «Too Many People» երգում ընդամենը մեկ-երկու տող է եղել հասցեագրված Լենոն-Օնո զույգին և հիշատակում “Too many people preaching practices”-ը (Չափից դուրս շատ են պրակտիկա-գործելակերպ քարոզող մարդիկ) և “You took your lucky break and broke it in two”-ն: Իսկ կազմի պատկերն, ըստ Փոլի, խորհրդանշում էր մյուս բիթլերի տրամադրվածությունն իր հանդեպ:  Ջ. Հարիսոնն ու Ռ. Սթարն իրենց հերթին համոզված էին, որ ալբոմի երկրորդ` “3 Legs” անվամբ երգը ոչ այլ ինչ էր, քան հարձակում` երեք բիթլերի ուղղությամբ:

Ուրեմն Լենոնը չէր սխալվում և անմիջապես «Իմեջին» ալբոմում արձագանքում է  “How Do You Sleep?” (Ինչպե՞ս ես կարողանում քնել) երգով. ալբոմի կազմի ձևավորումը ևս մաս կազմեց պատասխան հարվածին։

Իրականում եթե փորձենք այս «ընդհարման» խորքը տեսնել, ապա հերթական անգամ պետք է համոզվենք, որ դա ոչ այլ ինչ էր, քան սեփական ձեռքով ունեցածը ինքնակամ հանձնելու հանդեպ ափսոսանքի, լռության,  գործընկերոջ մեծության հանդեպ անհաշտության, վերջապես ստեղծագործական ընդվզումների պատկեր էր, որն արտահայտվում էր երաժշտական աշխարհը հեղափոխած  երկու հսկաների  միջև։

Եթե չհաշվենք առանձին պատմություններն ու խմբի անդամներից ամեն մեկի անհատական վայրիվերումները, որոնք փաստորեն ի վերջո ազդեցին «Բիթլզի» միասնականության վրա, այնուամենայնիվ, մասնագետների կողմից խմբի ֆենոմենը գնահատվում է առաջին հերթին միասնականությամբ. նրանք այդպես էլ չունեցան առաջին պլանի դեմք-ֆրոնտմեն, թեև առավելությունը հիմնականում Ջոնի և Փոլի կողմն էր: Երեք կիթառահարներից ոչ մեկը չփայլեց և չառանձնացավ իր վիրտուոզությամբ, չորս անդամներից և ոչ մեկը չնշանավորվեց իր վոկալային յուրահատկությամբ: Նրանք իսկապես մի մարմնի չորս տարբեր մասեր էին: Եվ չնայած երաժշտական աշխարհում ընդունված հաստատուն չափանիշներին` նրանք կարողացան պայթեցնել գրեթե բոլոր կարծրատիպերն ու միավորել միմյանցից տարբեր` նույնիսկ երաժշտությունից հեռու  տարածքներ: Խմբի հաջողությունն ընդունվում էր նաև «երկաթե վարագույրներից»  այն կողմ` Խորհրդային միության  անհասանելի տարածքներում:

Մասնագետներից շատերը երաժշտական դարաշրջանը սիրում են բնորոշել «մինչ Բիթլզը» և «Բիթլզից հետո» արտահայտություններով, իսկ ամերիկացի հայտնի կոմպոզիտոր, դիրիժոր և դաշնակահար Լեոնարդ Բերնսթայնը գրել է. «Այս տղաները հանդիսանում են լավագույն կոմպոզիտորները` Ֆրանց Շուբերտի ժամանակներից սկսած»:

«Բիթլզը» դարձավ ողջ աշխարհում 60-ականների երիտասարդության ըմբոստության, ազատության և համարձակության արտահայտությունն ու հենարանը, առաջնորդը, և հիմնականում հենց այս խորհրդով է պայմանավորված համընդհանուր բիթլմանիա-հոսքը:

Խմբի երգերի “cover” տարբերակները ծնվում են մինչ օրս` անհաշվելի քանակով, իսկ սա փաստում է այն մասին, որ «Բիթլզի» ֆենոմենը շարունակում է ապրել և առաջնորդել երաժշտական ընթացքը, չափորոշիչ հանդիսանալ տասնյակ տարիներ անց` շրջանցելով ժամանակի ու տարածության կողմից թելադրված պայմանները:




Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter