HY RU EN

Վահե Սարուխանյան

Գոմեշի մսի գործով մեղադրյալ գործարարը 150-տոննայանոց սառնարան է կառուցել ՊՆ- ի համար

2012-ի ամռանը ԼՂՀ ՊԲ-ում հայտնաբերված գոմեշի մսի գործով գլխավոր մեղադրյալ, կապանցի գործարար Ալբերտ Օհանջանյանը փոխհատուցել է պետությանը հասցրած վնասը: Քրգործի նախաքննությունը դեռեւս չի ավարտվել, սակայն ավարտական փուլում է:

Հիշեցնենք, որ ՊԲ Մարտունի-2 զորամասում հենց զինվորներն էին նկատել, որ տավարի մսի կտորների մի մասի վրա առկա է գոմեշի մսի պիտակ: Մատակարարը պարտավորվել էր տավարի ոսկրոտ միս վաճառել բանակին, սակայն դրա փոխարեն տրամադրել է գոմեշի մսի բրիկետներ:

ՊՆ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերով քննչական բաժնում գտնվող գործով մեղադրանք է առաջադրվել 5 հոգու. Կապանի «Ա. Օհանջանյան» ՍՊԸ-ի տնօրեն Ալբերտ Օհանջանյանին, ԼՂՀ ՊԲ կենտրոնական ենթակայության պահեստի (վերջինս զորամասի կարգավիճակ ունի) պետին (փոխգնդապետ, որը, փաստորեն, զորամասի հրամանատար է), նյութատեխնիկական գծով նրա տեղակալ մայորին, նույն զորամասի պահեստարանի պետ ենթասպային, ինչպես նաեւ ՊԲ պարենային ծառայության պետին (փոխգնդապետ): Եթե Օհանջանյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 178 հոդվածի 3-րդ մասով («Խարդախությունը (խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը), որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»), ապա զինվորականներին մեղսագրվում է ՔՕ 376-րդ հոդվածի 2-րդ մասում նկարագրված արարքը («Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, պատժվում է ազատազրկմամբ՝ 3-6 տարի ժամկետով»):

Չնայած գործարարն ու 4 սպաները նախկինում գտնվում էին կալանքի մեջ, նախաքննության ավարտական փուլում բոլորն ազատ արձակվեցին ստորագրությամբ, որն ի սկզբանե կիրառվել էր մեղադրյալ ենթասպայի հանդեպ: Բացի ՊԲ պարենային ծառայության պետից՝ մյուս զինվորականները ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանի հրամանով ազատվել են ծառայությունից:

«Հետքն» այս գործին մանրամասն անդրադարձել է ի սկզբանե: Չնայած նույնիսկ նախագահի մակարդակով բանակում կատարվող չարաշահումների վերաբերյալ հնչեց նաեւ գեներալ Արշալույս Փայտյանի անունը (նա պատասխանատու էր սպառազինության եւ ՊՆ գնումների գործընթացի համար), որը մամուլը կապեց հենց գոմեշի մսի գործի հետ, Փայտյանն ընդամենը ազատվեց աշխատանքից եւ հարցաքննվեց իբրեւ վկա:

Դեռ անցյալ տարվա մայիսին զինդատախազությունը հայտնեց, որ Օհանջանյանը միջոցներ է ձեռնարկել՝ պետությանն իր պատճառված նյութական վնասը վերականգնելու ուղղությամբ: Եվ ահա «Հետքի» հարցմանն ի պատասխան՝ քննիչ Ա. Ղազարյանը հայտնել է, որ նախաքննության ընթացքում մեղադրյալ Ալբերտ Օհանջանյանը, որպես պետությանը պատճառված վնասի հատուցում, իր միջոցներով ՀՀ ՊՆ կարիքների համար կառուցել է 150 տոննա տարողությամբ, 73.362.390 դրամ արժողությամբ սառնարանային համալիր: