
Հայ դահուկորդները մրցուղի չեն ելել՝ առաջիկա մրցումներին ավելի լավ նախապատրաստվելու համար
Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Սոչիի օլիմպիական խաղերի դահուկային սպորտի արագավազք մրցաձեւում իրենց ուժերը պետք է չափեին նաեւ աշոցքցիներ Սերգեյ Միքայելյանն ու Արթուր Եղոյանը, որոնք արդեն հանդես էին եկել սկիաթլոնի մրցումներում եւ զբաղեցրել համապատասխանաբար 46-րդ եւ 63-րդ տեղերը 68 մասնակիցների մեջ: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, Միքայելյանը եւ Եղոյանը մարզիչների հետ լրջորեն խորհրդակցելուց հետո որոշել են չմասնակցել այսօրվա արագավազքի մրցաշարին, չհոգնել ու զերծ մնալ մրցումային լարվածությունից: Փոխարենը մեր մարզիչները իրենց սաներին կհայտավորեն փետրվարի 14-ին կայանալիք15 կմ ձգվող դասական ոճի մրցումներին: Սերգեյ Միքայելյանը փետրվարի 23-ին հանդես կգա նաև 50 կմ ազատ ոճի դահուկավազքում:
Փետրվարի 13-ին կանանց 10 կմ դասական ոճի մրցատարածությունում հայտավորված է նաեւ գյումրեցի Կատյա Գալստյանը: Ինչ վերաբերում է լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանին, ապա նա փետրվարի 19-ին և 22-ին իր ունակությունները կդրսեւորի հաջորդաբար հսկա որոլորավայրէջք և հատուկ ոլորավայրէջք մրցաձևերում:
Ներկա պահի դրությամբ 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում 87 մասնակից երկրներից մեդալ է նվաճել 19 երկիր, որոնցից 11-ն արդեն չեմպիոն ունեն: Մեդալների հաշվարկով լավագույնը Կանադան է` 4 ոսկի, 3 արծաթ, 2 բրոնզ, ապա` Հոլանդիան (3-2-2) եւ Նորվեգիան (2-1-4): Լավագույն հնգյակում են նաեւ ԱՄՆ-ն (2-1-3) ու Գերմանիան (2-0-0): Տանտեր ռուսներն առայժմ չեն փայլում իրենց ելույթներով, նրանք վաստակել են 1 ոսկե, 2 արծաթե եւ 3 բրոնզե մեդալ: Միակ ոսկին ռուսներին բերել է գեղասահքի հավաքականը, որը թիմային մրցաշարում նվաճել է առաջին տեղը:
Մեկնաբանել