HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Սոչիում մնացին երկուսը. Արթուր Եղոյանը մեկնարկի դուրս չեկավ

Այսօր Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում մրցուղի պետք է դուրս գային դահուկավազորդներ Սերգեյ Միքայելյանն ու Արթուր Եղոյանը: Միքայելյանը մասնակցեց 15 կմ դասական դահուկավազքի մրցությանը, իսկ Եղոյանը՝ ոչ: Խաղերի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Եղոյանը պետք է մեկնարկեր 76 համարով, սակայն միակն է եղել, որ այդպես էլ չի սկսել մրցությունը:

Իսկ ահա 91 մասնակիցների մեջ Սերգեյ Միքայելյանը զբաղեցրել է 46-րդ տեղը՝ ցույց տալով 42:39.1 ժամանակային արդյունք: Ընդ որում՝ Սերգեյը մեկնարկել է առաջինը: Հաղթող է դարձել շվեյցարացի Դարիո Կոլոնյան, որը ցույց է տվել 38:29.7 արդյունք: Հիշեցնենք, որ այս մարզիկը հաղթել էր նաեւ սկիաթլոնի մրցավազքում, որին մասնակցում էին Միքայելյանն ու Եղոյանը: Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրել են շվեդներ Յոհան Օլսոնն ու Դանիել Ռիչարդսոնը:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կայքը նույնպես ոչինչ չի հաղորդում Արթուր Եղոյանը բացակայության մասին, նույնիսկ չի նշվում, որ մեր մարզիկը դուրս չի եկել ասպարեզ: Այնինչ օրեր առաջ հայ մարզիչները որոշել էին, որ աշոցքցի երկու դահուկավազորդներն ավելի լավ է բաց թողնեն փետրվարի 11-ի արագավազքը՝ այսօրվա դասական վազքին լավագույնս ներկայանալու համար: Փոխարենը ՀԱՕԿ-ի կայքը ուրախությամբ նշում է, որ Միքայելյանն իրենից հետ է թողել մասնակիցների ուղիղ կեսին:   

Այպիսով՝ հայ 4 պատվիրակներից Արթուր Եղոյանն (սկիաթլոն. 63-րդ տեղ 68-ից) ու Կատյա Գալստյանը (դասական. 64-րդ տեղ 76-ից) մեկական ելույթ ունեցան եւ արեցին այն, ինչ սպասելի էր. ցույց տվեցին համեստ արդյունքներ: Սերգեյ Միքայելյանը երկու անգամ մրցելուց հետո (սկիաթլոն. 46-րդը 68-ից, դասական. 46-րդը 91-ից) հանդես կգա նաեւ փետրվարի 23-ին կայանալիք 50 կմ ազատ ոճի դահուկավազքում:  

Իսկ լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը փետրվարի 19-ին եւ 22-ին իր կմրցի հսկա որոլորավայրէջք եւ հատուկ ոլորավայրէջք մրցաձևերում:

Այս պահի դրությամբ մեդալների թիմային հաշվարկում լավագույնը Գերմանիան է՝ 7 ոսկի, 2 արծաթ, 1 բրոնզ, հաջորդում են Կանադան (4-4-2) եւ Նորվեգիան (4-3-6): Հնգյակում են նաեւ Հոլանդիան (4-3-5) ու ԱՄՆ-ն (4-2-6): Շվեյցարիան 6-րդն է, իսկ ռուսները՝ 7-րդը: Տանտերերը այս ընթացքում նվաճել են 2 ոսկի, 5 արծաթ եւ 4 բրոնզ: Ընդհանուր առմամբ մեդալ են նվաճել 25 երկրի պատվիրակներ:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter